Այլեւս վաստակավոր են

22/09/2006

«Ժողովրդական արտիստ» եւ «Արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումների են արժանացել այն մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել մշակութային կյանքում, ինչպես նաեւ ըստ արժանվույն են ներկայացրել հայ մշակույթն արտերկրում: Կոչումների արժանացածների ցանկում այս տարի կային նաեւ մասսայական, փոփ-արվեստի ներկայացուցիչներ, որոնց պարգեւատրումը ոչ միանշանակ է ընդունվել հասարակության եւ հենց պարգեւատրվողների կողմից: Արվեստի վաստակավոր գործիչ, երաժիշտ Ակսել Բակունցը դա վաղուց սպասված որոշում էր համարում, նրա կարծիքով` փոփ-արվեստը չի կարելի անլուրջ արվեստ համարել: Կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը, ով երգիչներ Հայկոյի ու Թաթայի հետ այսուհետ «արվեստի վաստակավոր գործիչ» է համարվելու, ասում է. «Դե, ժամանակն է այդպիսին, ամեն ինչ խառնվել է»: Կոչումների հանձնումից հետո նախագահը նաեւ զրուցել է մշակույթի բնագավառի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել այսօրվա մշակութային կյանքով եւ հեռանկարներով: Հաշվի առնելով պարգեւատրվողների տարիքային տարբերությունները, նրանց անցած ուղին, զբաղվածությունը ու ստացած կոչումների հանդեպ ունեցած վերաբերմունքը, այդ զրույցը տարբեր շարունակություն կարող է ունենալ: Կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը, ով «Ժողովրդական արտիստի» կոչմանն է արժանացել, կարեւորեց այն փաստը, որ «մշակույթը զենք է», որը պետք է ճիշտ օգտագործել, իսկ երգչուհի Շուշան Պետրոսյանն իր կոչումը թեեւ անսպասելի, բայց շատ հաճելի ու պարտավորեցնող իրադարձություն է համարում: «Կարծում եմ, որ արժանի եմ»,- ասաց նա: Նույն կարծիքին է նաեւ Հայկ Հակոբյանը (Հայկո): Իսկ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը հույս ունի, որ իր կոչումն ու նախագահի հետ ունեցած զրույցը կօգնեն վերջնականապես լուծել պատկերասրահի դահլիճների օդափոխության հարցը:

Կոչումներ շնորհելու ավանդույթը մեզ է հասել Խորհրդային տարիներից, երբ կոչումները որոշակի արտոնություններ էին տալիս: Տարիներ առաջ «Արվեստի վաստակավոր գործչի» կոչմանն արժանացած նկարիչ Սարգիս Արուտչյանը կատակել էր այդ առիթով, ասելով՝ «Ես ապահովեցի իմ թաղումը»: Կոչումներ շնորհելով՝ պետությունը այն ժամանակ հոգում էր նաեւ կոչմանն արժանացած մարդկանց հուղարկավորության ծախսերը: Ի՞նչ է տալիս այսօր կոչումը՝ դժվար է ասել: Բացի բարոյական բավարարվածությունից, գուցե նաեւ օգնում է, օրինակ, ավելի թանկ գնով վաճառել նկարչի նկարները կամ, ասենք, երգիչներին իրավունք է տալիս ավելի մեծ գումար պահանջել` որեւէ համերգի մասնակցելու համար: Ամեն դեպքում, կոչումը գնահատական է, որը տրվում է այն ստեղծագործողին, որը մեծ ներգործություն ունի հասարակության վրա: Այդ տեսանկյունից կարելի է նկատել, որ, օրինակ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը, պարուսույց Նորիկ Մեհրաբյանը եւ երգչուհիներ Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, երգիչներ Հայկոն ու Թաթան հավասար պայմաններում չեն գտնվում: Մասս-կուլտուրայի երիտասարդ ներկայացուցիչներն ավելի ծանոթ ու ընդունելի են հասարակության կողմից, քան ոչ հաճախ էկրանին հայտնվող արվեստագետները: