Երեւանում բացվեց «Հայաստան. անկախության 15 տարի» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են հայ 15 լուսանկարիչների աշխատանքները: Լուսանկարները ներկայացնում են մեր անցած ճանապարհն ու ներկան: Եվ ինչպես պահանջում է հոբելյանական տարեդարձը` ավելի շատ լուսավոր ներկան է ցուցադրվում, քան դժվարին անցյալը:
Մեր անկախությունը դժվար է սկսվել՝ ցույցերից ու հանրահավաքներից: Դժվար է ընթացել ու դժվար է գիտակցվել: Եվ երկրաշարժ, եւ անհույս ու անլույս կյանք, եւ համատարած ծառահատում ենք տեսել: Այդ տարիները լուսանկարչական ցուցահանդեսում բավական հպանցիկ են ներկայացված, սակայն փոխարենը շատ են պաշտոնական, բնապատկերային ու հուսադրող կադրերը: Գեղեցիկ ու հայտնի մարդիկ, գեղեցիկ շինություններն ու ճարտարապետական կոթողները, շուքով կատարված միջոցառումները կարծես ոչ թե անցած 15 տարիների պատմության վկաներն են, այլ` հաջող գրաքննություն անցած պատկերներ: Մեր լավագույն լուսանկարիչներից շատերի` Ռուբեն Մանգասարյանի, Մարտին Շահբազյանի, Գերման Ավագյանի, Հրայր Բազեի, Զավեն Սարգսյանի, Հակոբ Բերբերյանի ու այլոց գործերի ընտրությունն այնքան հոբելյանական ու խորհրդային տարիներին հարիր է արված, որ թվում է, թե մեզ մոտ ամեն ինչ պարզապես հիանալի է, եւ միշտ էլ հիանալի ու պանծալի է եղել: Անկախության խրոնիկան ու հիշողությունները հանդիսատեսին առաջարկվում են չափազանց սրբագրված տեսքով, ինչի արդյունքում խամրում է սեփական ձեռքբերումներով հպարտանալու ցանկությունը:
Ն. Հ.