Ադրբեջանական արձագանք

20/09/2006

Ադրբեջանական «Զերկալո» թերթն անդրադարձել է «Մեդիամաքս» գործակալությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի տված հարցազրույցին, որտեղ Մ. Բրայզան ասել է, թե հակամարտող կողմերից ոչ մեկը չի համաձայնում հիմնարար սկզբունքներին եւ, որ հակամարտության ռազմական լուծում այսօր գոյություն չունի եւ չի կարող ունենալ 10, 15, 30 կամ 50 տարի հետո: Ըստ «Զերկալո»-ի, Մ. Բրայզան Ադրբեջանին զրկում է ինքնապաշտպանության իրավունքից: Թերթն անդրադարձել է Մ. Բրայզայի հարցազրույցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հայտարարություններին: Թերթը մեջբերում է Վ. Կազիմիրովի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը ԼՂ հարցն այլ ատյաններ տեղափոխելով փորձում է ձգձգել բանակցությունները: Մեկնաբանելով Բրայզայի հայտարարությունները՝ «Զերկալոն» գրում է, թե ստացվում է, որ Վրաստանում եւ Մոլդովայում ամերիկացիները պնդում են հակամարտությունները կարգավորել այդ երկրների ամբողջականությունը հաշվի առնելով, իսկ Ադրբեջանում, ըստ էության, առաջարկում են «կոսովոյան մոդելի» կիրառումը՝ հանրաքվեի անցկացում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշելու համար: «Իսկ այ, ռուսաստանյան քաղաքական գործիչների հիստերիկ հայտարարությունները նույնիսկ մեկնաբանելու հարկ չկա: Կրեմլը գիտակցում է, որ ՄԱԿ-ում քննարկումը կարող է զրկել Ռուսաստանին՝ տարածաշրջանում կատարվող գործընթացների վրա ազդելու համար այդ հակամարտություններն օգտագործելու վերջին լծակներից»,- գրում է ադրբեջանական թերթը: