Այն հարցը՝ թե ի՞նչ է նայում հեռուստացույցով քաղաքակիրթ աշխարհն
ամանորյա գիշերը, փակուղու առաջ կանգնեցրեց ամերիկացի ընկերներին:
Պարզվեց, որ Նոր տարվա գիշերը հեռուստաէկրանի առաջ անցկացնում են միայն
նախկին խորհրդային երկրների բնակիչները: Եվրոպայի եւ Ամերիկայի
քաղաքացիները Նոր տարին չեն դիմավորում էկրանի առջեւ, որտեղ հիմնականում
ցուցադրվում են մանկական ֆիլմեր Սանտա Կլաուսի մասին եւ մուլտեր: Սակայն
այդ ծրագրերը բարձր վարկանիշներ չեն ունենում: ԱՄՆ-ում ամենամասսայական
շոուներն այս տարի համարվել են Ամանորին ցուցադրված ամերիկյան ֆուտբոլի
ֆինալային հանդիպումը եւ ռուսական «Ժողովրդական դերասանի» ամերիկյան
տարբերակը: Տոնը ենթադրում է նաեւ հանգիստ հեռուստացույցից: Հայկական
էկրաններում տոները վաղուց էին սկսվել՝ հայտնվել էին տոնական
շնորհավորանքները, եւ շատ ալիքների լոգոտիպերը ծածկվել էին ձյունով:
Չգրված օրենքի համաձայն՝ ամեն մի իրեն հարգող ալիք Նոր տարվա ծրագիր
նկարահանելը համարում է պարտադիր պայման: Եվ ամեն տարի այս մարաթոնի
մասնակիցների թիվն ավելանում է, հեռուստաընկերությունները շատանում են:
Ամեն ալիք իր ճանապարհն է փնտրում: Եթե չի գտնում՝ կրկնօրինակում է: Եթե
վատ է կրկնօրինակում, չի մտահոգվում՝ իրենց արտադրանքից վատն էլ կգտնվի:
Երգում ու պարում են բոլորը, եւ՛ պրոֆեսիոնալները, եւ՛ սիրողները: Կամ էլ
կատակում ու ծիծաղեցնում են: Արդյունքում՝ նայելու բան չկա:
Հեռուստատեսությունում լճացում է, միօրինակություն եւ քաղաքական
հանդուրժողականություն՝ հիմնականում իշխանավորների հանդեպ: Լավ բան սպասել
դեռ պետք չէ, գուցե հետագայում մրցակցությունը որակի կհանգեցնի, սակայն
հիմա ավելի ճիշտ կլինի պոկվել էկրաններից, գնալ լսելու եւ տեսնելու
«կենդանի» համերգներ, դիտել ներկայացումներ եւ ֆիլմեր: Մանկական
ներկայացումներ պատրաստել էին համարյա բոլոր թատրոնները, եւ ոչ միայն՝
նաեւ համերգասրահները: Կան եւ հաջողվածներ, (դրամատիկական թատրոն, երգի
թատրոն, համազգային թատրոն, ցուրտ կրկես), եւ ոչ այնքան (տաք տիկնիկային
թատրոն), եւ սարսափելի` Մարզահամերգային համալիրի սառնամանիքի
պայմաններում կազմակերպված անճաշակ համերգը: Կինոթատրոններում տաք է, իսկ
ֆիլմերը՝ որակով: Վատ ժամանցի ձեւ չէ, մանավանդ, եթե հյուր գնալուց եւ
ընդունելուց հոգնել ենք: Երկու շաբաթվա կերուխումից հետո մարմինը մաքուր
օդ է պահանջում, իսկ հոգին՝ նոր տպավորություններ: Ժամանակն է դուրս գալ
փողոց: Ցուրտ է, իհարկե, բայց բացօթյա զվարճանքներ կան: Հրապարակում՝
հանրապետության գլխավոր տոնածառի շրջակայքում պարտադիր առաջարկվում են
համերգ, պար, ուրախություն, պտույտներ հոգնած ձիերի մաշված կառքերով,
լուսանկարվելու առաջարկներ սառցակալած Ձյունանուշիկի եւ աքլորի հետ:
Ֆոտոբիզնեսը լավ է աշխատում՝ իրենց խցիկներով լուսանկարվել ցանկացողները
վճարում են 300 դրամ, իսկ «մասնագետի» լուսանկարն արժե 500 դրամ: Ձմեռային
ուրախությունները՝ դահուկները, սահնակները եւ ձնագնդի խաղալը թողնված է
մեր հայեցողությանը: Եթե նույնիսկ ձյունածածկ Ծաղկաձոր չենք մեկնում,
կարող ենք բակերն ու այգիներն օգտագործել: Եվ հաճույք ստանալ՝ մոռանալով
պաշտոնական միջոցառումները:
Ն. Հ.