Մայիսին հարցվածները որպես Հայաստանի իշխանությունների համար առաջնային քայլեր՝ առանձնացրել են խոստումների կատարման անհրաժեշտությունը, աշխատատեղեր ստեղծելն ու կենսաթոշակի, նպաստի եւ աշխատավարձի բարձրացումը:
Օգոստոսին արդեն կարեւորել են աշխատատեղերի ստեղծումը, կենսաթոշակի, նպաստի եւ աշխատավարձի բարձրացումը եւ ժողովրդավար լինելը, կոռուպցիայի դեմ պայքարը, ԼՀՂ եւ ՀՀ միավորումը, հարկերի իջեցումը եւ այլն:
Հարցվածների 70-72 տոկոսը հայտարարել է, թե մասնակցելու է 2007-ի խորհրդարանական ընտրություններին, ընդ որում` նույն խմբում 61-63 տոկոսը մասնակցելու է ընտրություններին, որովհետեւ «դա իր պարտքն է համարում»։ 17-18 տոկոսը մասնակցելու է, որ քվեները չկեղծվեն: 35-36 տոկոսն ընտրություններին մասնակցելու ցանկություն չունի, քանզի չի հավատում, որ ընտրություններն արդար են լինելու։ Հարցվածների մոտ 30 տոկոսը պատգամավորի թեկնածուի հիմնական հատկանիշներից է համարում կրթվածությունը, անկեղծությունը: Իսկ քաղաքական գործչի ամենաանընդունելի որակը կեղծությունն ու կոռումպացվածությունն է:
Եթե մայիսին հարցվածների 15-20 տոկոսը կառավարության ամենամեծ սխալներն են համարել գների աճը չկանխելն ու օրենքների անտեսումը, ապա օգոստոսին հարցման նույն քանակի մասնակիցներ ամենամեծ սխալն են համարել կարեւոր օբյեկտների վաճառքն ու էլի օրենքների անտեսումը: Հարցվածների 95-97 տոկոսն իշխանությունների եւ քաղաքական առաջնորդների կոռումպացվածությունն ու ապօրինությունները համարում են շատ լուրջ կամ բավականին լուրջ խնդիր: Իշխանություններից այսքան դժգոհ եւ հիասթափված մարդկանց հազիվ 16-18 տոկոսն է կարծում, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն կլինի։