«Անհույս խենթ» Սոֆի Սերվե

06/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

32-ամյա բելգիացի այս երգչուհին երկու տարվա ընթացքում հասցրել է
սիրահարվել Հայաստանին (նաեւ մի հայ երիտասարդի) եւ սովորել սահուն
հայերեն խոսել, որպեսզի հայերեն երգի: Ժպտերես եւ ծիծաղկոտ շիկահեր Սոֆին
ուզում է իր հետքը թողնել մեր երգարվեստի մեջ: Կհաջողվի դա, թե ոչ, ցույց
կտա ժամանակը:

– Ինչպե՞ս սկվեց ձեր ծանոթությունը մեր երկրի հետ:
– Մի հայ կիթառահար կար Բրյուսելում, որը ուզում էր խումբ ստեղծել։
Սկսեցինք միասին աշխատել։ Նա ասաց, որ հայ է եւ մի քանի հայկական մեղեդի
նվագեց։ Ես չգիտեի՝ ի՞նչ է Հայաստանը, գնացի էնցիկլոպեդիայում եւ
բառարանում նայեցի։
– Հայաստանի մասին չէիք էլ լսե՞լ:
– Չէ, լսել էի, անունը ծանոթ էր, բայց չգիտեի՝ որտեղ է, ովքեր են հայերը։
Լսեցի հայկական մեղեդիները եւ սիրահարվեցի։ Որոշեցի հայկական երգեր երգել։
Երգում էի առանց հասկանալու, ինձ համար հայկական բառերը ֆոնետիկ էին
գրում՝ ֆրանսերեն տառերով։ Չէ, ընդհանուր իմաստը հասկանում էի, բայց չէի
կարող ասել՝ ամեն բառը ինչ է նշանակում։ Մի անգամ էլ իմ կիթառահար ընկերն
ասաց, որ կան բաղաձայններ, որոնք չի ստացվում ֆրանսերեն գրել։ Այնպես
զարմացա, որ դուք տառեր ունեք, ձեր սեփական այբուբենը։ Որոշեցի սովորել։
Հետո երբ մեր խումբը արդեն միասին չէր, ես չէի կարող մոռանալ ձեր հրաշալի
լեզուն եւ մեղեդիները։ Սկսեցի գրքերով սովորել ամեն մի տառը, հենց այնպես՝
հաճույքի համար։ Ես չգիտեի, որ երկու հայերեն կա։ Ես խոսում էի Հայաստանի
հայերենով եւ չէի կարող հասկանալ Բրյուսելի հայերի հայերենը։ Երբ գիրք էի
առնում, զարմանում էի, ինչո՞ւ մի տեղ տառը պետք Է այսպես կարդալ, մյուս
տեղ՝ ուրիշ կերպ։ Երբ լսեցի Ռուբեն Հախվերդյանի երգերը, այնքան սիրեցի նրա
լեզուն ու մեղեդիները, որ որոշեցի արեւելահայերեն երգել, ոչ թե
արեւմտահայերեն։ Ես մտածում էի, որ նա իսկական երեւանցի է, եւ պետք է նրա
լեզուն սովորել։
– Ռուբեն Հախվերդյանի հետ հանդիպե՞լ եք։
– Մենք երկու անգամ հանդիպել ենք։ Առաջին անգամ Լիոնում՝ համերգից հետո
մոտեցա, որ իմանամ՝ հնարավո՞ր է, որ ես իր երգերը բեմում երգեմ։ Նա ասաց.
«Հա, կարող ես, բայց դու խելագար ես, անհույս խենթ»։ Երկրորդ անգամ
Երեւանում տեսա. վայ, քայլում է փողոցում: Շատ հուզվեցի:
– Ուրիշ հայ երգիչների եւ կոմպոզիտորների հետ ծանո՞թ եք։
– Այո, ես եղել եմ Մոսկվայում մրցույթ-փառատոնին։ Ես հրավիրված էի եւ
ներկայացնում էի Բելգիան՝ հայերեն երգով։ Շատ ծիծաղելի էր,
կազմակերպիչները հրավիրել էին երգիչների տարբեր երկրներից, ես էլ հայերեն
էի երգում։ Այնտեղ շատերի հետ ծանոթացա: Հրաշալի ձայներ կան, դասական
երգիչներ: Կամերային երգչախումբը, վա՜յ, ինչ հրաշալի խումբ է: Բավական
ուժեղ բառեր չունեմ, որ ասեմ: Հիմա մարդիկ դասական երաժշտություն ավելի
քիչ են լսում: Ամբողջ աշխարհում է այդպես: Լսում են մոդայիկը, փոփը:
– Հայ փոփը չե՞ք հավանում:
– Էստրադայում իմաստ ունեցող, խելացի երգերը քիչ են: Շատ է ռաբիսը:
– Օ, շատ հետաքրքիր է՝ ի՞նչ է նշանակում եվրոպացու համար ռաբիսը:
– Դե, դա յուրահատուկ ինտոնացիաներ են, ինտերվալներ, ավելի շուտ մոտ
արաբականին: Ես սովորել եմ հայերեն, որ լավ երաժշտություն երգեմ: Իսկ
էստրադայում երգում են՝ ես սիրում եմ միայն քեզ:
– Դուք Կոմիտա՞ս էլ եք երգում:
– Այո, Կոմիտասը միջազգային է: Եվ եթե միայն մասնագետներն են երգում
Կոմիտաս, այդ երաժշտությունը շուտով կմահանա: Բոլորը գիտեն Կոմիտասի
երգերը, բայց ճիշտ չեն օգտագործում: Հետաքրքիր բան կա Երեւանում՝ կարող ես
գնալ գիշերային ակումբ, որտեղ ստրիպտիզ են պարում, ու լսել ինչպես են փոփ
երգիչները երգում, ասենք՝ Սայաթ-Նովա:
– Ինչո՞ւ է հետաքրքիր, Սայաթ-Նովան ժողովրդական է, ուրեմն պոպուլյար է, փոփ է:
– Այո, նոր գործիքավորումները կարող են սիրուն լինել, բայց սա կապ չունի
իսկական երաժշտության հետ: Օրինակ, ես շատ եմ լսում աֆրիկյան երգերը, բայց
հայկականը այնքան մոտ է ինձ համար, որ չեմ ուզում համեմատել:
– Երկա՞ր եք մնալու Հայաստանում:
– Չեմ կարող երկար մնալ, քանի որ Բելգիայում աշխատում եմ: Ես դերասանուհի
եմ, երգչուհի. դա է իմ մասնագիտությունը: Ես սովորել եմ Բելգիայի
կոնսերվատորիայում: Մեզ մոտ մի քիչ տարբեր է՝ թատրոն, արտասանություն դու
էլի սովորում ես կոնսերվատորիայում: Ես չորրորդ անգամ եմ Հայաստանում:
– Հայ ընկերներ ունե՞ք:
– Այո, եւ՛ այստեղ, եւ՛ Բելգիայում։ Բելգիայում մի օր չկա, որ հայերեն չեմ
խոսում։ Ունեմ հայերենի ուսուցիչ Բրյուսելում: Իսկ ամեն անգամ, երբ Երեւան
եմ գալիս, սովորում եմ Արզաս Ոսկանյանի մոտ՝ ժողովրդական, հոգեւոր երգեր,
տարբեր: Հիմա արդեն ունեմ 15 ձայնագրված երգ:
– Իսկ ձայներիզ ունե՞ք:
– CD չունեմ, բայց կարծում եմ՝ շուտով կունենամ: Ազնիվ խոսք, չէի մտածում,
որ հետաքրքիր կլինի լսել բելգիացի մի աղջկա, որը հայերեն է երգում,
որովհետեւ շատ հայուհիներ կան, որոնք լավ են երգում:
– Համերգներ ունեցե՞լ եք:
– Բրյուսելում ու Ամստերդամում: Ամենամեծ հաճույքն է ինձ համար, որ կարող
եմ բելգիացիների համար հայերեն երգել: Այս տարի Բրյուսելում հայ
նկարիչների վերնիսաժ էր բացվել եւ ինձ հրավիրել էին համերգ տալու: Երբ
լսում են ու հավանում են հայկական մեղեդիները, ես ինձ երջանիկ եմ զգում:
– Երեւանում համերգ լինելո՞ւ է:
– Ես կվերադառնամ ապրիլին, այն ժամանակ CD կունենամ եւ, երեւի, համերգ
կտամ: Հայտնի լինելը ինձ չի հետաքրքրում, ես միայն փորձում եմ գեղեցիկ ու
լավ երգել: Չեմ ուզում էկզոտիկ թռչունի նման մի բան լինել, որ ասեն՝ ուրիշ
ազգ է ու մեր լեզվով է երգում: Ուզում եմ ձեր հարուստ մշակույթի մասը
դառնալ: Չեմ ուզում շտապել, ես հիմա սովորում եմ:
– Ինչպիսի՞ն է ձեզ համար Երեւանը:
– Օ՜, Երեւանը շատ եմ սիրում: Հետաքրքիր բան կա՝ սիրում եմ Երեւանի
նույնիսկ գեշ բաները: Մի մոգական բան կա Երեւանում: Գալիս եմ, տեսնում եմ
էս սեւ շորերով մարդկանց, էս հին փոքրիկ ավտոբուսները եւ, չգիտես ինչու,
հուզվում եմ: Ամեն ինչ շատ եմ սիրում: Օպերայի շրջանը, շուկաները շատ եմ
սիրում: Սիրուն քաղաք է Երեւանը, բայց Երեւանը սիրում եմ ոչ թե գեղեցիկ
շենքերի շնորհիվ, այլ սիրում եմ, որովհետեւ… սիրում եմ: Գիտեմ, որ շատ
դժվարություններ ու գեշ բաներ կան, բայց բոլորն ինձ համար հարազատ են: