«Քոլիկները» խանգարում են Արա Աբրահամյանին

20/09/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը համոզված է, որ ավելի քան 300.000 մոսկվացիներ, ովքեր ունեն ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ՀՀ քաղաքացիություն, չեն կարող չմասնակցել իրենց հայրենիքի քաղաքական կյանքին:

Բայց Ա. Աբրահամյանը դեռ չի հստակեցրել իր քաղաքական դիրքորոշումները: 2003թ. նա սատարում էր ՀՌԱԿ-ին, իր եղբայր Գագիկ Աբրահամյանն էլ այդ կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համարն էր: Սակայն ՀՌԱԿ-ը խորհրդարան չմտավ, իսկ այժմ էլ Ա. Աբրահամյանը հայտարարում է, որ այն ժամանակ ինքն ընտրություններին չի մասնակցել: «Ես աջակցում էի բոլոր կուսակցություններին: Ես մի քանի անգամ ասել եմ դա: Անցյալ անգամ ամենաքիչը ռամկավարներին օգնեցի»,- ասում է ՌՀՄ նախագահը: Թեեւ 2007թ. նա նախկինի նման «շռայլ» չի լինելու եւ պաշտպանելու է մի քաղաքական ուժի, այնուամենայնիվ, դեռ չի որոշել, թե ով է լինելու այդ «երջանիկը», որի հայացքներն իրեն հոգեհարազատ են լինելու: «Հենց որ ծրագրերը տպագրեն` ես կարդամ, այդ ժամանակ կասեմ»,- հայտարարում է Ա. Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հարաբերություններին, ապա ՌՀՄ նախագահը չի փոշմանել, որ 2003թ. օգնել է նրան: «Իհարկե, լեգիտիմ նախագահ եմ ես իրեն ընդունում, 100 տոկոս, եւ ես էլ եմ ձայն տվել նրան, ես էլ եմ օգնել, որ մարդը նախագահ դառնա: Այսինքն, այն ժամանակ, եթե դուք հիշում եք, այդ դրությունից ելնելով մենք, իհարկե, իրեն օգնեցինք»,- լրագրողներին պատասխանել է Ա. Աբրահամյանը: Նրա խոսքերով, այդ օգնությունը ոչ թե ֆինանսական ձեւով է արտահայտվել, այլ նրանով, որ ՌՀՄ-ն իր հայտարարությունն է արել, համայնքներին բացատրություն է տվել: «Եթե հիմա նույն դրությունը լինի, մենք իրեն կպաշտպանենք: Այն, ինչ որ կա, այն դրությունը, որ ստեղծվել էր այն ժամանակ, ճիշտը Քոչարյանի նախագահ լինելն էր»,- ասում է Ա. Աբրահամյանը:

Նա ՀՀ իշխանություններից գոհ է, բայց վերջիններիս վարած արտաքին քաղաքականությունից, մասնավորապես` Հայաստան-Սփյուռք կապից` դժգոհ է: Ա. Աբրահամյանը հույս է հայտնում, որ Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովը կնպաստի ազգային միասնականության դրսեւորմանը: Նա ասում է, որ այդ խորհրդաժողովի առանցքը միասնական ջանքերով գյուղերին օգնելն է: ՌՀՄ նախագահը գտնում է, որ դա լավ գաղափար է, սակայն «մթնոլորտ է պետք»: «Որպեսզի ես կարողանամ գալ այդ գյուղը վերականգնել, պետք է ճիշտ մթնոլորտ, ճիշտ ծրագիր լինի: Մենք պետք է հավատանք, եթե ես այդ գումարը ներդնում եմ, այդ փողը պետք է հասնի այդ գյուղին»,- ասում է Ա. Աբրահամյանը: Փաստորեն, նա զգույշ է ներդրումներ կատարելիս: Միգուցե այդ պատճառով էլ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ամիսներ առաջ հայտարարեց, որ ՌՀՄ-ի արածն ավելի քիչ է, քան սպասվում է այդ կազմակերպությունից:

«Միակ պրոբլեմն այն է, ինչ որ ինքն ասել է, որ բոլորը սպասում են, բայց ոչ մեկը չի ուզում մի գործ անի: Դե եկեք ես էլ սպասեմ: Չէ՞ որ ես ոչ մի պարտականություն չունեմ: Ես էլ եմ սպասում: Մենք պետք է ոչ թե սպասենք, այլ աշխատենք իրար հետ միասին: Ես չգիտեմ` ինքն ինչ է ասել, բայց պետք է իրար հետ միասին աշխատենք: Սպասելուց առաջ, ինքը պետք է գա, գոնե մի անգամ վեց տարվա մեջ մի հատ ելույթ ունենա Ռուսաստանում, ասի` գիտե՞ք ինչ կա, Հայերի Միություն կա, եւ մենք այդ Հայերի միությունն ընդունում ենք: Այ, դրանից հետո կարելի է սպասել: Բայց քանի որ չի ասել, գնահատական տալուց առաջ պետք է դրա իրավունքն ունենա»,- ԱԳ նախարարին այսպես է պատասխանում Ա. Աբրահամյանը:

Թեեւ ՌՀՄ նախագահը պատրաստվում է մտնել ՀՀ քաղաքական դաշտ, այնուամենայնիվ նրա բիզնեսը Հայաստանում առաջ չի գնում: Խոսքն Աբովյան փողոցի վրա գտնվող «Մանկական աշխարհ» հանրախանութի կամ Կենտրոնական հանրախանութի («Ցում») մասին է: Այդ շենքն Ա. Աբրահամյանը գնել է մի քանի տարի առաջ, նորոգել է արտաքին հատվածն, իսկ խանութն այդպես էլ չի բացվել: Ա. Աբրահամյանը նշում է այս փաստի անցանկալի պատճառի գոյության մասին, բայց չի ասում, թե որն է դա: «Պետք է գնաք, բարձրանաք չորրորդ հարկ, նայեք բակը: Նայեք նկարեք, ու ձեր թերթերում տպեք, թե ինչն է պատճառը: Այնտեղ կան քոլիկներ, մի 150 մետր, որ մեզ թույլ չեն տալիս մեր 2 շենքը միացնել իրար, որ կարողանանք աշխատել: Եվ 3 տարի, այլ քոլիկների պատճառով երկու հազար մարդ չի աշխատում»,- լրագրողներին ասում է Ա. Աբրահամյանը:

Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, թե ինչպես Արա Աբրահամյանի նման «թափով» անձնավորությանը, ով ՀՀ-ում կարող է տարբեր խնդիրներ լուծել, ԱԺ ընտրություններին մասնակցել, երկրի գործող նախագահին սատարել, չի հաջողվում մի քանի «քոլիկի» հարց լուծել ու իր բիզնեսը զարգացնել: