Սեպտեմբերի 15-17-ը Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը տեղի ունեցավ «Հայաստան-սփյուռք 3-րդ համաժողովը», որի կազմակերպիչներն էին «Համաշխարհային հայկական կոնգրես» հասարակական կազմակերպությունների միջազգային միությունը, Եվրոպայում հայկական կազմակերպությունների ներկայացուցչությունը (Բրատիսլավա), Ազգային գիտակցության զարգացման կենտրոնը եւ «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնը:
Համաժողովին մասնակցելու հրավերներ էին ստացել նաեւ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Թուրքիայի, Իրանի, Լիբանանի, Շվեյցարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների ներկայացուցիչներ: Ըստ կազմակերպիչների, համաժողովի նպատակն է համահայկական տեղեկատվական դաշտի ամբողջացումը: Ըստ այդմ նրանք փորձում են ստեղծել Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, որը կոչված է լինելու համակարգել եւ սերտացնել Հայաստանի եւ սփյուռքի լրատվամիջոցների համագործակցությունը, ստեղծել ընդհանուր տեղեկատվական դաշտ: Իսկ ո՞րն է լինելու լրատվամիջոցների ընկերակցության առաքելությունը: Այս գաղափարի հեղինակների պատկերացմամբ՝ ընկերակցությունը նպատակ ունի միավորել ազգային գաղափարների եւ պետականության ամրապնդման շուրջ սփյուռքի, Արցախի եւ Հայաստանի լատվամիջոցներին: Այն կազմակերպելու է լրատվամիջոցների միջեւ ակտիվ լրատվության փոխանակություն` ստեղծելով լրատվության էլեկտրոնային բաց շտեմարան, որտեղ կուտակվելու է հայությանը հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ամբողջ աշխարհից: Լրատվամիջոցների ընկերակցության ստեղծման նախաձեռնությունն այնքան էլ չողջունվեց, ինչը նկատելի էր նաեւ համաժողովին ներկա մասնակիցների քանակից: Հրավիրվածներից շատերը չէին եկել նիստին մասնակցելու: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ առանց այդ ընկերակցության կանոնադրության, կարգավիճակի մասին պատկերացում ունենալու, անմիջապես անդամակցելու ցանկություն հայտնեցին: Լրատվամիջոցներից ոմանք էլ պարզապես պատրաստակամություն հայտնեցին ցանկացած պահի, ցանկացած նյութ կամ տեղեկատվություն տրամադրել առանց այդ ընկերակցությանն անդամակցելու: Այդ «գաղափարին» անդամակցեցին հիմնականում սփյուռքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ` Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, «Թեքեյան» կենտրոնի լրատվության պատասխանատու Մարիետա Մակարյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը եւ այլք: Իսկ Գ. Անանյանն իրեն իրավունք վերապահեց հայտարարել, թե կանդամակցի համալսարանի ժուռնալիստիկայի ամբողջ ֆակուլտետը. «Գրե՛ք, ամբողջ ֆակուլտետն անդամ է»,- հայտարարեց նա:
Ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատում
Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն իր ելույթում Հայաստանի եւ սփյուռքի լրատվամիջոցներին կոչ արեց գործել միասնաբար եւ ի նպաստ ազգային հարցերի լուծման: «Մենք ունենք մեր տեսանկյունը Հայաստանի տնտեսական զարգացման մասին: Ես կարող եմ ասել, որ մեր ուժերը, մեր արած աշխատանքները տասնապատիկ անգամ շատ կլինեն, եթե մենք՝ բոլորս լինենք միասին, եթե լրատվամիջոցների աշխատողները լինեն ավելի ուշադիր, եւ իմանանք, թե մենք ինչ ենք արել: Շատ կարեւոր է չորրորդ իշխանության աշխատանքը: Իմ այստեղ գտնվելու նպատակներից մեկն էլ այն է, որ մենք միանանք: Միանալով մեկ գաղափարի շուրջ մենք կարող ենք հասնել մեծ հաջողության»,- ասաց Ա. Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա, եւ սփյուռքի ներուժն օգտագործվում է ընդամենը 1%-ով: «Սփյուռքը չի կարող ուժեղ լինել առանց Հայաստանի աջակցության: Այդ հարցը դուք պետք է բարձրացնեք, որովհետեւ որեւէ իշխանավոր չի ասում, որ գոյություն ունի Հայերի համաշխարհային կոնգրես: Ռուսաստանի նախագահն իր ամեն ելույթում ասում է Ռուսաստանի հայերի միության մասին, իսկ մեր իշխանավորները չեն ասում: Ես չգիտեմ` ինչո՞ւ է այդպես: Ամեն հանդիպման ժամանակ ես իրենց հարցնում եմ, որ եթե ինչ-որ բան այն չենք անում՝ եկեք միասին աշխատենք, ասեք՝ ի՞նչ անենք»,- հայտարարեց նա՝ տեղեկացնելով, որ արդեն հանդիպել է բոլոր կուսակցությունների հետ: «Ասել եմ՝ դուք ասեք, ո՞նց անենք: Դաշնակցական կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանին, որին շատ հարգում եմ, ասում եմ՝ դուք ասեք, ո՞նց անենք, գրեք թղթի վրա, ես ստորագրեմ: Ի՞նչ ճանապարհ եք ուզում որ անցնենք, ինչպիսի՞ կառույց եք ուզում, որ ստեղծենք»,- ասաց Ա. Աբրահամյանը: Ռուսաստանի հայերի միության նախագահն իրեն իրավունք վերապահեց գնահատել հայաստանյան լրատվամիջոցների աշխատանքը, ասելով՝ «Լրատվամիջոցները ցածր մակարդակի են աշխատում: Մենք այսօր չունենք հերոսներ, փողոցներում հարցրեք, թե 15-16 տարեկան երեխաներն ում են ուզում նմանվել: Նման հարցերում լրատվամիջոցների դերն ու նշանակությունը շատ մեծ է, եւ մենք չպետք է անձնականացնենք, չպետք է նեղանանք իրարից»: Ա. Աբրահամյանը նաեւ հայտարարեց, որ ինքը նեղացած չէ ՀՀ նախագահից, եւ որ «կողմ»-ի ու «դեմ»-ի սկզբունքը չի կիսում: Ավելին, նա ասաց, որ նաեւ իր՝ Արա Աբրահամյանի կողմն անցնել էլ պետք չէ, այլ պետք է հայ ժողովրդի կողմն անցնել. «Մենք՝ բոլորս, առաջին հերթին հայ ենք, դրանից հետո նոր` դաշնակ, հնչակ կամ մեկ այլ կազմակերպության անդամ»: Ռուսաստանի հայերի միության նախագահն ասաց, որ իր կողմից ստեղծված մի ամբողջ խումբ հետեւում է Ադրբեջանի տնտեսական եւ ռազմական զարգացմանը: Ա. Աբրահամյանը Հայաստանի վիճակն Ադրբեջանի համեմատ ցավալի է գնահատում. «Ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին»: Իսկ Ռուսաստանում հայերի հաճախակի սպանությունների մասին Ա. Աբրահամյանն ասաց, թե արդեն ունեն 70 փաստաբաններ, որոնք զբաղվում են այդ գործերով: «Դեպքից երեք րոպե հետո տեղեկություն է ստացվում այն մասին, որ մարզերից մեկում մարդ են սպանել: Ես միանգամից աղմուկ եմ բարձրացնում, ինձ ավելի շատ օգնում են ռուսական կամ արտասահմանյան լրատվամիջոցները, քան հայկական, հայկականից՝ ոչ մի օգնություն: Ես կուզենայի, որ Հայաստանում դա ասվեր, բայց ռուսներն են դա գրում: Ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք, ես քննադատող չեմ, պարզապես ուզում եմ ասել, որ միասին լինենք: Միասին աշխատենք, չանձնականացնենք, Աբրահամյան Արային ինչքան ուզում եք քննադատեք»:
Արա Աբրահամյանի խնդիրն այն է, որ չգիտի, թե ինչ է ուզում: Հնարավոր չէ ամեն ինչով միաժամանակ զբաղվել: Այսքան տարի լսում ենք Ռուսաստանի հայերի միության մասին: Եթե նույնիսկ Ռուսաստանում Ա. Աբրահամյանը չի կարողանում միավորել այնտեղի հայերին (վկա՝ նրանց վերջին համագումարը, որին շատ քիչ մարդ էր մասնակցում), ապա ինչպե՞ս կարող է եւ ամբողջ աշխարհի հայերին, եւ Ռուսաստանի հայերին միավորելով զբաղվել, եւ բիզնեսով (եւ ադամանդով, եւ շինարարությամբ), եւ բարեգործությամբ, եւ քաղաքականությամբ, եւ կուսակցություններով, հիմա էլ՝ ալամ աշխարհի հայկական լրատվամիջոցներով: Դրա համար էլ ոչինչ չի ստացվում: Գնահատելով Ա. Աբրահամյանի արածները (հենց թեկուզ Գվինեայի բանտում չարաբաստիկ այն դեպքերի բերումով հայտնված հայ օդաչուների հայրենիք վերադառնալու հարցում), այնուամենայնիվ, նրա ամբիցիաները շատ են: Մոսկվայում, օրինակ, Ռուսաստանի հայերի միության վերջին համագումարից հետո պատմում էին, որ Ա. Աբրահամյանն արդեն տեղ-տեղ հիշեցնում է, որ Միության բոլոր նախաձեռնությունների եւ կազմակերպչական հարցերի ֆինանսական միջոցներն իր անձնական գրպանից են ծախսվել: Ճիշտ է ասում, եւ այդ պատճառով էլ Ռուսաստանի հայերի միությունը մինչ օրս ընկալվում է իբրեւ Արա Աբրահամյանի սեփականություն, եւ այդպիսով Ռուսաստանում գործող ազդեցիկ շատ հայեր չեն ցանկանում «աշխատել» այդ միության մեջ: Ինչ խոսք, Մոսկվայում այս ամենի մասին խոսելով` շատերը չեն մոռանում նաեւ շեշտել, թե որքան մարդիկ են հավաքված նրա շուրջ՝ պարզապես ֆինանսներ «պոկելու» համար:
Մոսկվան էլ է «փոքրիկ», հատկապես «հայկական Մոսկվան», ամեն ինչ շատ շուտ տարածվում է: