Ինչպե՞ս ենք երթեւեկելու Երեւանում

20/09/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Տարեցտարի, ամսեամիս եւ օրեցօր Երեւանի երթեւեկության վիճակը գնալով վատանում է: Եթե քաղաքային իշխանությունները ճանապարհատրանսպորտային վիճակի զարգացման ծրագիր չմշակեն, ապա մեկ-երկու տարի հետո քաղաքի երթեւեկության վիճակն էլ ավելի է վատանալու:

Քաղաքի տրանսպորտային երթեւեկությունն օրվա որոշ ժամերի ավելի է վատանում, խցանումներ են լինում, քաոսային իրավիճակ է ստեղծվում: Երեւանի կենտրոնը կամաց-կամաց վերածվում է մեծ բիզնես կենտրոնի, ուր ավտոմեքենաների կայանատեղիների պակասը գնալով մեծանում է: Երեւանի առանց այդ էլ նեղ փողոցների «առաջին գիծ» կոչվող հատվածն ամբողջությամբ վերածվել է «parking»-ների, որը երթեւեկող մեքենաների համար անհարմարություններ է ստեղծում: Իհարկե, Երեւանի գրեթե բոլոր շենքերը, լինի դա բնակելի կամ հասարակական նշանակության, ավտոմեքենաների համար կայանատեղիներ կամ բակային տարածքներ ունեցել են: Սակայն տարեցտարի իշխանություններն այդ տարածքներն էլիտարացրին ու վաճառեցին: Այսքանից հետո՝ կենտրոնը մի լավ ծանրաբեռնելուց հետո նոր հասկացել են, որ Երեւանն ունի երթեւեկության եւ մեքենաների կայանատեղիների մեծ խնդիր: Հիմա նոր մտածում են, թե ինչ պետք է անեն: «Երեւանի նոր գլխավոր հատակագծով մինչեւ 2020թ. նախատեսված է կառուցել որոշակի փողոցների ցանց,- ասում է «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը: -Այդ ծրագիրն արդեն սկսված է: Փողոցներ կան, որոնք կիսատ են մնացել, եւ դրա պատճառով ունեցած հնարավորությունը լրիվ ծանրաբեռնված չէ: Օրինակ, Ազատության պողոտան Թբիլիսյան խճուղուց սկսած մինչեւ Հաղթանակի այգին նորմալ է կառուցված, բայց շարունակությունը հանդիպում է Սարալանջի նեղ փողոցին, որն իր թողունակությամբ շատ նեղ է եւ հնարավորություն չունի ամբողջ ծանրաբեռնվածությունն իր վրա վերցնել: Դրա համար առաջնային խնդիր համարվեց նոր փողոց կառուցելը, եւ երեք մայրուղիները՝ Մյասնիկյան պողոտան, Ազատության պողոտան եւ դեպի Դավթաշեն գնացող կամուրջն իրար հետ կապել: Դրա հաջորդական շարունակությունը պետք է լինի Դավթաշենի կառույցը կապել Աշտարակի խճուղու հետ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք քաղաքն արագորեն բեռնաթափել, որպեսզի քաղաք մտնող կամ քաղաքից դուրս եկող մեքենաները չմտնեն Բաղրամյան փողոց, այլ, ասենք, Խանջյան, Հերացի ու Սարալանջի փողոցներով դուրս գան»:

Վերջերս մամուլում հրապարակում եղավ, թե Հաղթանակի այգում, Մայր Հայաստանի արձանի հարակից տարածքում երկու խոշոր հողակտոր է վաճառվում: Այդ մասերում հիմա ճանապարհ չկա, եւ մեքենա չի կարող մտնել: Սակայն հող վաճառողը տեղեկացրել էր, որ շուտով ճանապարհ է կառուցվելու, եւ արդեն հարմար կլինի շինարարություն սկսելու համար: Խոսքը Սարալանջի՝ վերը նշված փողոցի մասին է: Տարիներ առաջ էլ այդ փողոցի մասին կարծիք կար, թե կառուցվում է, որպեսզի Հաղթանակի այգու վաճառած հողերի եւ Անտառային թաղամասի համար ճանապարհ բացվի: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Անտառային թաղամասի հողերը վաճառվեցին, ապա հատվեցին տեղի գրեթե բոլոր ծառերը եւ տեղում հսկա առանձնատներ կառուցվեցին: Եվ ահա նոր կառուցվելիք փողոցն արդեն նորմալ կծառայի այդ շքեղ առանձնատների տերերի ոչ պակաս շքեղ մեքենաների համար: Դժվար թե Աշտարակ, Եղվարդ գնացողը թողնի Բաղրամյան փողոցը եւ Սարալանջով, Ավետիսյան փողոցով դուրս գա Դավթաշենի կամուրջ, քանի որ այդպես ավելի երկար ու ծախսատար կլինի: Մասնագետների կարծիքով` Սարալանջի փողոցն այդ նպատակին չի ծառայի եւ չի կիսի Բաղրամյան ու մյուս փողոցների գերբեռնված երթեւեկությունը: Փոխարենը` այն լավ կծառայի նորակառույց առանձնատների թաղամասին: Շրջակայքի բնակիչները տեղեկացնում են, որ այդ հատվածում տուն են կառուցում բացմաթիվ պաշտոնյաներ ու գեներալներ: Նաեւ կարծիք կա, որ նորակառույց թաղամասի բնակիչները թույլ չեն տա, որ այդ հատվածում աշխույժ երթեւեկություն լինի: Այնպես որ, Սարալանջի փողոցը դժվար թե թեթեւացնի Երեւանի երթեւեկության ծանրաբեռնվածությունը:

Բացի այդ փողոցից, գլխավոր հատակագծում նախատեսված է կառուցել եւս 4 այլ փողոցներ՝ Շենգավիթ համայնքում Շիրակի փողոցի շարունակությունը, որը ելք է ապահովելու դեպի Արտաշատի մայրուղի, Բաբաջանյան փողոցի շարունակությունը, Դավթաշենի կամուրջը Աշտարակի խճուղուն կապող հատվածը եւ Բաբաջանյան փողոցի շարունակությունը: Պարոն Մուշեղյանի կարծիքով` այդպիսով ամբողջական կդառնա Երեւանի կենտրոնը շրջանցող երկու «կոլցեւոյ», ինչպես որ Մոսկվայում է: (Ի դեպ, հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային խնդիրների շուրջ ռուսները դեռեւս 19-րդ դարից կատակում են, որ Ռուսաստանը երկու պրոբլեմ ունի՝ «դոռոգի ի դուռակի»): Շուտով այդ հումորը մեզ վրա էլ ամբողջությամբ կտարածվի:

Արդյոք Երեւանին կփրկե՞ն օղակաձեւ մայրուղիները: Թերեւս՝ ոչ, քանի որ, Երեւանի կենտրոնի գերծանրաբեռնված փողոցներից բացի, այսօր լուրջ խնդիր է նաեւ այն, որ քաղաքն իր մշակութային, զվարճանքի, ադմինիստրատիվ եւ բիզնես շենքերով եւ հաստատություններով կենտրոնացած է հիմնականում Օպերայի շենքի շուրջ: Գուրգեն Մուշեղյանը գիտակցում է այս խնդիրը եւ մտածում է, որ «Պետք է փնտրվեն այն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նախագծային տարբերակով կարգավորվեն այդ խնդիրները եւ հետագայում իրականացվեն»:

Մեր ճարտարապետները սիրում են անընդհատ կրկնել, թե խորհրդային տարիներին, մասնավորապես` վերջին մի քանի տասնամյակներին, ամբողջ երկրով մեկ իրականացվում էր միայն բնակարանաշինություն, բայց չէին կառուցվում ճանապարհներ: Այն ժամանակ առաջնային խնդիր էր դարձել բնակարանային ֆոնդի ապահովումը: Եվ հիմա Հայաստանից բացի ճանապարհների ու երթեւեկության գերբեռնվածության խնդիր ունեն ԽՍՀՄ գրեթե բոլոր մայրաքաղաքներն ու մեծ քաղաքները: Ճարտարապետների կարծիքով` Մոսկվայում այդ խնդիրը պակաս հրատապ չէ: Բացի այդ, խորհրդային տարիներին խիստ սահմանափակ էր վաճառքի համար հանրապետություններին հատկացվող մեքենաների քանակը, եւ դրա համար էլ երթեւեկության գերբեռնվածության խնդիր չէր առաջանում: Շուկայական տնտեսվարման համակարգը նման սահմանափակումներ չի առաջացնում, եւ Հայաստան ներկրվող մեքենաների քանակն ամեն տարի ավելանում է:

Ներկրվող մեքենաների քանակն` ըստ Մաքսային պետական կոմիտեի

2001թ.            5817

2002թ.            9995

2003թ.            16202

2004թ.            15232

2005թ.            19801

2005թ. I կիսամյակ     8454

2006թ. I կիսամյակ    11230

Նոր, էլիտար կոչվող շենքերի տակ ստորգետնյա ավտոկայանատեղիներ են կառուցում, սակայն դրանք ամբողջ կենտրոնի խնդիրը չեն լուծի, դրանք միայն այդ շենքի ավտոմեքենաներին են սպասարկելու: Իսկ Եվրոպական քաղաքներում երթեւեկության կամ կայանման խնդիրներն այսքան սրված չեն, որովհետեւ այնտեղի իշխանությունները հասկացել են, որ տարեցտարի ավելանալու է մեքենաների քանակը, եւ հարկավոր է նախապես համապատասխան պայմաններ ստեղծել: Մեր իշխանությունները նույնիսկ խորհրդային պետության ստեղծած նեղ հնարավորությունները չպահպանեցին, ոչնչացրեցին ու այսօրվա խայտառակ վիճակը ստեղծեցին, որի համար լուծում չեն կարողանում գտնել: