Արարատի մարզի «Արտաշատ» հյուրանոցի բնակիչները, որոնց տեղի իշխանությունները որոշել են վտարել տարածքից (մեր նախորդ համարում անդրադարձել էինք նրանց խնդրին) երեկ կառավարությունում ներկայացնելով իրենց դիմում-բողոքը` այցելել էին խմբագրություն: Բնակիչներն իշխանություններին կոչ են անում արձագանքել իրենց խնդրին, հակառակ դեպքում, պատրաստվում են սեպտեմբերի 29-ին Ժակ Շիրակի եւ Շառլ Ազնավուրի Հայաստան կատարած այցելության ժամանակ, մասնավորապես, Շառլ Ազնավուրին ներկայացնել իրենց խնդիրը եւ տեղեկացնել, որ նրա բարեգործությունները «նպատակին չեն ծառայում»: Նրանք խնդրել են կառավարությանն ուղղված իրենց դիմում-բողոքը տպագրել, ինչը, սակայն, ներկայացնում ենք կրճատումներով: «ՀՀ կառավարությունում բոլոր ղեկավար մարմիններին: Այսօր մենք կանգնել ենք փողոցային հոգեւարքի մեջ: Հյուրանոցը սեփականաշնորհել են հյուրանոցի հետ առնչություն չունեցող մարդիկ եւ մեզ բոլորիս քացով դուրս են գցում շենքից: Մենք անպետք իր ենք եւ նույնիսկ արժանի չենք աղբի համար տեղադրված աղբամանի համար: Բայց մի մոռացեք, որ գտնվում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ պետք է վերացնեք աղքատությունը, սովը, ապահովեք անտուն-անտեր մարդկանց կարիքները, սակայն նրանց թիվը բազմանում է: Դուք ոչ միայն մեզ եք խաբում, այլեւ ամբողջ աշխարհին՝ շորթելով նրանց ուղարկած հսկայական գումարները, որը ստանում եք մեր նման աղքատների համար»:
Լ.Ս.