Ինչի՞ վրա է քաղաքապետարանը գումարներ ծախսում

20/09/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւանի քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի երեկվա հյուրը Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզիկ Բասենցյանն էր: Նրա հավաստմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի 2006թ. հիմնական ծրագրերով նախատեսված էր իրականացնել 5 մլրդ 700մլն դրամի տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ: Մինչդեռ կառավարության որոշմամբ՝ Երեւանի քաղաքապետարանին լրացուցիչ հատկացվել է 3 մլրդ 400մլն դրամ: «Հիմնականում այդ գումարը նախատեսված է Իսակովի պողոտայի վերակառուցման համար՝ 2 մլրդ 400 մլն դրամ, Տերյան փողոցի վերակառուցման համար՝ 650մլն դրամ: Մյասնիկյան-Աճառյան պողոտաների հենապատերի վերակառուցման եւ այլ մի քանի փոքր ծավալի աշխատանքների համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմնական ծրագրերով նաեւ նախատեսված էր Երեւանի փողոցների ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքներ կատարել հատկացված 2 մլրդ 400մլն դրամով: Այսօրվա դրությամբ այդ ծավալներից արդեն կատարվել է 350.000քմ ասֆալտապատման աշխատանքներ, որը գումարային արտահայտությամբ կազմում է 1,4 մլրդ դրամ: Ֆ. Բասենցյանի խոսքերով՝ նախատեսված էր մայրաքաղաքի ոռոգման ցանցեր կառուցել եւ հները վերակառուցել, որի աշխատանքներն արդեն ավարտված են: Ինչպես նաեւ 13 մեծ փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքներ կատարել, որը դեռեւս ընթացքի մեջ է: Ըստ Ֆ. Բասենցյանի, 3-4 փողոցներում Անկախության 15-րդ տարեդարձի տոնակատարության օրերին արտաքին լուսավորության աշխատանքներն ավարտին կհասցվեն, իսկ մյուս փողոցների աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչեւ հոկտեմբերի 25-ը: «755մլն դրամ նախատեսված էր վթարային շենքերի ամրացման, ուժեղացման աշխատանքների իրականացման համար եւ 2 շենք արդեն ամրացված, հանձնված է շահագործման, իսկ մնացած շենքերի վրա ըստ ժամանակացույցի աշխատանքներն ընթանում են»,- տեղեկացրեց քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը: