Նախավերջին երկուշաբթին

20/09/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Սեպտեմբերի 18-ին Վրաստանում վերջապես սկսվեց ուսումնական տարին: Նախկինում սովորական դարձած սեպտեմբերի 1-ը կասկածի տակ էին առել ոչ թե հեղափոխական երիտասարդ այս իշխանությունները, այլ դեռեւս նախկինները: Մի քանի տարի առաջ օգոստոս-սեպտեմբեր ամիսներն այնքան թեժ էին, որ կրթության այն ժամանակվա նախարարն առաջարկեց դասերի սկիզբը տեղափոխել, եւ նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն ընդառաջեց նրան: Այդ խորամանկ քայլով նախարարը սպանեց միանգամից երկու նապաստակ: Առաջինը՝ գործադուլը, որ ուսուցիչները պատրաստվում էին անցկացնել` բողոքելով աշխատավարձերի՝ ամիսներով ուշացման դեմ, միանգամից կորցրեց իր իմաստը, եւ երկրորդ` ոչ բոլոր դպրոցներն էին պատրաստ ընդունելու աշակերտներին վերանորոգչական աշխատանքների անավարտ լինելու պատճառով: Այդպիսով նախարարին հաջողվեց խուսափել սպասվող տհաճ աղմուկից:

Նոր իշխանությունները նույնպես որոշեցին տեղափոխել ուսումնական տարվա սկիզբը: Վրաստանում նրանց իշխանության առաջին տարին նույնպես թեժ էր, եւ ինքը` Միխայիլ Սահակաշվիլին այդ առթիվ որոշում կայացրեց: Մեկ տարի անց Աջարիան ենթարկվեց հանգստացողների` մինչ այդ չտեսնված «արշավանքին»: Եվ նախագահը կրկին հրաման արձակեց` հետաձգելու ուսումնական տարվա սկիզբը: Այս անգամ պրոզայիկ պատճառով՝ հանգստացողները շատ են, եւ աջար երեխաները չեն կարող լիարժեք մասնակցել դասերին, իսկ որպեսզի տարբերություն չդրվի, որոշում կայացվեց բոլոր շրջաններում դասերը սկսել հոկտեմբերի 1-ից: Հենց այդ ժամանակ էլ կրթության նախարար Կախա Լոմայան հայտարարեց, որ Վրաստանում գիտելիքի օր թերեւս կհայտարարվի հոկտեմբերի 1-ը: Չարախնդացողները քմծիծաղ տվեցին, թե իշխանությունները հաշվի չեն առել, որ ծովային հանգիստը՝ հանգիստ, բայց Հայաստանում, որտեղից էլ հիմնականում գալիս են հանգստացողները, ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին: Այսինքն՝ այսպես թե այնպես կամայանա, քանի որ հայերը մինչեւ սեպտեմբերի 1-ն են մեկնելու: Այդպես էլ եղավ. սեպտեմբերի սկզբին հանգստացողների թիվը նվազեց, եւ ստացվեց, որ ուսումնական տարվա սկիզբն իզուր էր տեղափոխվել: Մոռացել են այդ մասին, թե պարզապես «տհաճ» հիշողություններից ազատվելու համար որոշված է այս, ինչպես նաեւ հաջորդ ուսումնական տարին սկսել սեպտեմբերի նախավերջին շաբաթը: Այդ օրվա համար իշխանությունները մի շարք հուշանվերներ էին պատրաստել: Առաջին դասարանցիներն անվճար պայուսակներ ստացան` անհրաժեշտ գրենական պիտույքներով: Գյուղական եւ մի շարք քաղաքային դպրոցներ ստացան ավտոբուսներ, որը երեխաներին տանել-բերելու է, մի քանի դպրոց էլ համազգեստ է ստացել: Իսկ Թբիլիսիի թիվ 1 էլիտար դպրոցը նաեւ հանդիպում ունեցավ նախագահի հետ: Հանդիպումն ուղիղ եթեր հեռարձակվեց վրացական գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Այնպիսի աղմուկ էր տիրում, որ իրար տեսնելուց ուրախացած դպրոցականների աղմուկը խլացնում էր նախագահի ձայնը, որը ելույթ էր ունենում շարժական այն ամբիոնից, որով նա շրջել է աշխարհով մեկ:

Ուսումնական տարին առանց ավանդական «տհաճությունների» չանցավ: Մի շարք դպրոցներում դեռեւս չէին ավարտվել վերանորոգման աշխատանքները, այնպես որ, դասերն այնտեղ կսկսվեն ավելի ուշ: Առանց ընդդիմության ավանդական դարձած չարախնդության եւս չանցավ այդ օրը: Ընդդիմությունը չարախնդում էր, թե իշխանություններն ուսումնական տարվա սկիզբն օգտագործում են որպես մոտեցող տեղական ինքնակառավարման մարմինների` հոկտեմբերի

5-ի ընտրությունների PR-ակցիա: Այս հարցում, սակայն, նրանք այնքան էլ ճիշտ չեն, քանի որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են: Անկախ ամեն ինչից` ընդդիմությունը չի կարող համեմատվել իշխող «Ազգային շարժում» կուսակցության ժողովրդականության հետ: Եվ իշխանությունները մեղավոր չեն, որ ընդդիմությունը հերթական անգամ չկարողացավ միավորվել եւ ընտրություններին հանդես գալ միասնական ճակատով, ինչը հոկտեմբերի 5-ի ընտրություններում որոշակի ինտրիգ կարող էր մտցնել: Շատ լավ հասկանալով իրավիճակի ոչ հեռանկարային լինելը` ոմանք, ինչպես, օրինակ, «Նոր աջերը», ընտրություններին բոյկոտ են հայտարարել, լեյբորիստները նախօրոք խոսում են կեղծումների մասին՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել, որն այդպես էլ չի հասկանում, թե ինչ կեղծումների մասին է խոսքը, եթե ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել: Իսկ հանրապետականները մեկընդմեջ հաջողությամբ դատական մարմիններում վիճարկում են ԿԸՀ-ի տարբեր որոշումները, որ վերջինս կայացնում է ընտրությունների նախապատրաստական փուլում, եւ ապարդյուն հայց են ներկայացնում ընդդեմ կառավարող ռեժիմի:

Այնպես որ, եթե անգամ իշխանությունները ուսումնական տարվա սկիզբն օգտագործում են PR-ի նպատակով, ապա դրա նպատակը հոկտեմբերի 5-ի ընտրություններում հաղթանակ տանելը չէ, այլ ավելի հեռահար նպատակներ ունի. երեխաների (որոնք տարիքային առումով դեռ ձայնի իրավունք չունեն) գիտակցության մեջ կտպավորվի իրենց նկատմամբ իշխանությունների հոգատարությունը, ինչը շատ կարեւոր կլինի, երբ նրանք որոշ ժամանակ անց կմեծանան եւ ձայնի իրավունք կստանան: