«Կիոտոյի» միջազգային համաձայնագրի շրջանակներում (այն վավերացրած կողմերը պետք է 2008-2012 թթ. 1990 թվականի նկատմամբ 5,2 տոկոսով նվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ) Հայաստանը միացել է այդ արձանագրությանը 2002թ. եւ կամավոր պարտականություններ է ստանձնել:
2006թ. գարնանից ճապոնական «Շիմիզու» շինարարական եւ ճարտարագիտական կորպորացիան Երեւանի քաղաքային (Նուբարաշենի) աղբավայրում իրականացնում է մեթան գազի օգտահանման աշխատանքներ: «Ճապոնացիների կողմից տարվող աշխատանքները դեռեւս հետազոտությունների փուլում են: Նրանք արդեն փորել են 20 հատ 2 մետր խորության եւ 7 հատ 10-12 մետր խորության հորատանցքեր: Հետազոտական աշխատանքները կտեւեն մինչեւ դեկտեմբեր, որի ընթացքում կորոշվի եւ կճշգրտվի աղբի ինքնայրումից առաջացած անկառավարելի գազի քանակը»,- տեղեկացնում է քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը: Նրա ասելով, նախագծի արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ աղբի բռնկումները կվերանան` իսպառ ոչնչացումից փրկելով շրջակա միջավայրը, այսինքն, օդային ավազանն ու բնական ռեսուրսները: Նախկինում Երեւանի քաղաքապետարանը փորձել է իրականացնել աղբավայրային գազի որսում, սակայն այդ նախաձեռնությունը մնացել է անկատար` ֆինանսավորման եւ համապատասխան տեխնիկական հզորությունների բացակայության պատճառով: Նախնական տվյալներով, ճապոնացիները մոտ 8 մլն դոլարի ներդրում կկատարեն, իսկ վարկավորման ժամանակահատվածը կկազմի 16 տարի: Համապատասխան սարքավորումների` էլեկտրաշարժիչների տեղադրումից հետո, «Շիմիզու» կորպորացիայի ներկայացուցիչներն աղբավայրային գազից կարտադրեն էլեկտրաէներգիա, որը նրանք կվաճառեն բաշխիչ ցանցին կամ էլ մայրաքաղաքի Էրեբունի համայնքին` իբրեւ տաք ջրի աղբյուր: Առավել հավանականն առաջին տարբերակն է: Այլընտրանքային էլեկտրաէներգիայի 1 կվտ-ի սակագինը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է 7 ցենտ, դոլարի ներկա փոխարժեքով այն կազմում է 27,3 դրամ:
Աղբավայրի «մաֆիոզն» արգելեց պոլիգոնշչիկներին լուսանկարել
Երեւան քաղաքի տարածքում արտադրական եւ սպառման կոշտ թափոնների (ԱՍԿԹ) տեղադրումն իրականացվում է Նուբարաշեն համայնք տանող ճանապարհի աջ կողմում գտնվող քաղաքային աղբավայրում, որտեղ էլ փորձեցինք հանդիպել օգտավետ ծրագիր իրականացնող ճապոնացիներին: Սակայն մեր այցելության օրը՝ սեպտեմբերի 15-ին, Նուբարաշենի քաղաքային աղբավայրում ոչ մի ճապոնացու էլ չտեսանք: Աղբավայր աղբատար մեքենաների մուտքը գրանցող դիսպետչերը մեզ տեղեկացրեց, որ նրանք երեկվանից մեկնել են եւ կվերադառնան մարտ ամսին: Նախ, անդրադառնանք նրան, որ գերկուտակված աղբի ինքնայրումից առաջացած թունավոր օդի, ծխե ամպերի, խիտ փոշու եւ գարշահոտության պատճառով անհնար էր երկար գտնվել աղբավայրում: Չնայած այդ ամենին, այնտեղ կարող է անարգել մտնել ցանկացած ոք: Ինչպես պարզվեց, միակ արգելված գործողությունը աղբավայրի տարածքում, աղբ հավաքող «պոլիգոնշչիկներին» լուսանկարելն էր: Այն պահին, երբ մեր լուսանկարիչն իր ֆոտոխցիկը գործի դրեց, որպեսզի հավերժացնի Երեւանի քաղաքային պոլիգոնն ու աղբը տեսակավորող ու իրացնող «բոմժերին», ավտոմեքենայից դուրս եկավ միջին տարիքի եւ անհայտ զբաղմունքի տեր մի տղամարդ, եւ խիստ տոնով մեզ խորհուրդ տվեց մարդկանց չլուսանկարել: Իհարկե, մեր այցելության նպատակը գործարար ճապոնացիներին տեսնելն էր, այլ ոչ թե աղբ քչփորողներին լուսանկարելը: Աղբի բիզնեսով զբաղվողները ճապոնացիների գտնվելու վայրի մասին իրարամերժ տեղեկություններ էին հաղորդում, անգամ խորհուրդ տվեցին նրանց փնտրել Էրեբունի համայնքի տարածքում: Նշված վայրում նույնպես մեզ չհաջողվեց հանդիպել «Շիմիզու» կորպորացիայի ներկայացուցիչներին: Նրանք արդեն հանրապետությունից մեկնել էին:
Նուբարաշենի աղբավայրը գերբեռնված է
Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որը շահագործվում է (գործել է 1961 թվից 7 հա տարածքի վրա) ավելի քան 50 տարի, զբաղեցնում է 52,3 հա տարածք: Մեր տեղեկություններով` այնտեղ արդեն կուտակվել է 6,5-7 տոննա աղբ, որոշ հատվածներում աղբի շերտը հասնում է նույնիսկ 50 մետրի (ըստ ռուսական ՍանՊինի, 20 մետրից ավելի աղբի շերտ ունեցող աղբավայրը համարվում է գերբեռնված): Օրական այստեղ բեռնաթափվում են 250 աղբատար մեքենաներ կամ 745-750 տոննա կոշտ թափոններ: Միջազգային փորձը վկայում է, որ աղբավայրերը պետք է նախագծվեն 10 մետր բարձրությունից ոչ պակաս, ապահովված լինեն ֆիլտրատների հավաքման, հեռացման եւ վնասազերծման համակարգով: Սահմանված նորմերի համապատասխան, տեղադրված աղբը պետք է ամեն օր ծածկվի 25-30 սմ հողաշերտով, ինչը բացակայում է Նուբարաշենի աղբավայրի պարագայում: Այստեղ չկան նաեւ արգելապատնեշներ կամ ցանկապատ:
Քաղաքային աղբավայրը ներկայումս շահագործվում է: Կարծիք կա, որ թափոնների հեռացմամբ զբաղվող գործընթացը տնտեսապես անարդյունավետ է. քանի որ կոշտ թափոններ գոյացնող բնակչության կողմից աղբահանման վճարների չհավաքագրումը կազմում է 53,4 տոկոս, չնայած այս հանգամանքին, թափոններն, այնուամենայնիվ, հեռացվում են:
«Եթե այս ծրագիրն իրականանա, ճապոնական եւ հայկական կողմերը համատեղ կստեղծեն հատուկ նշանակության ձեռնարկություն, որը 16 տարվա ընթացքում կշահագործի աղբանոցում տեղադրված այդ օբյեկտը: Խոսքը աղբամշակման եւ վերամշակման գործարանի մասին չէ, այլ ուղղակի գոյություն ունեցող աղբից պետք է ստանալ մեթան, որը կազմում է գոյություն ունեցող կենսագազի 60 տոկոսը: Սրանով նաեւ նրանք մեծ բնապահպանական խնդիր են լուծում: Եթե գազային գեներատոր տեղադրվի, որի միջոցով պետք է հոսանք արտադրվի, ապա ինչ-որ շենք կկառուցվի: Հնարավոր է նաեւ տարածքի բարեկարգում կատարել, սակայն ծրագիրը աղբավայրի հատակի մեկուսացում չի նախատեսում»,- նշում է Եվրամիության «Տեխնիկական աջակցություն Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին եւ Մոլդովային կլիմայի գլոբալ փոփոխության իրենց պարտավորությունների կատարման համար» տարածաշրջանային ծրագրի համակարգող Արտյոմ Խարազյանը: