Խոսել է որպես նախկին գիտնական

20/09/2006

«Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը խոսել է ավելի շուտ որպես նախկին գիտնական, քան Պապ, որը պետք է զգուշորեն ծանրութեթեւ անի իր բառերը»,- հայտարարել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը՝ մեկնաբանելով իսլամի վերաբերյալ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի`մահմեդականների վրդովմունքը հարուցած արտահայտությունները: «Պապը չպետք է ներողություն խնդրի, սակայն, կարծում եմ, նա պետք է պարզաբանի իր դատողությունները»,- ըստ «Ռոյթերզ»-ի, ասել է Մեսրոպ պատրիարքը: Մահմեդական աշխարհը վրդովված է իսլամի մասին Հռոմի պապի` Գերմանիայում արած հայտարարությունների կապակցությամբ: Իսլամական տարբեր պետություններ սուր քննադատության են ենթարկել Պապին` պահանջելով, որ վերջինս ներողություն խնդրի: Հիշեցնենք, որ Բավարիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանում կարդացած դասախոսության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը կոչ էր արել «մտածել ջիհադի (սրբազան պատերազմի) իսլամական հայեցակարգի մասին, որը հակասում է բանականությանը եւ աստվածային էությանը»: Ըստ «Զաման» թերթի, Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին ի պատասխան հայտարարել է, թե «Պապը չէր ցանկանում իսլամը ներկայացնել որպես բռնություն քարոզող կրոն»: