Մեկնաբանելով նախագահ Ջորջ Բուշի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդի թեկնածության սառեցումը Սենատում` ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Շոն ՄըքՔորմակն ասել է, թե Ռ.Հոգլանդը բավարար թվով քվեներ ունի Սենատում հաստատվելու համար: Պետքարտուղարության խոսնակը նաեւ ասել է, թե այդ խնդիրը Սենատի խնդիրն է, եւ ցանկացած սենատոր իրավունք ունի սառեցնել Սենատի ցանկացած քայլ: «Մեր թեկնածուն արդեն հանձնախմբի կողմից առաջադրվել է Սենատին` հաստատման համար: Մենք կարծում ենք, որ նրա թեկնածությունը պետք է քվեարկության հնարավորություն ունենա: Մենք կարծում ենք, որ նա այդ հնարավորությունը պետք է ստանա, քանի որ Սենատում հաստատման համար անհրաժեշտ 51 քվեն նա կստանա: Եվ մենք հույս ունենք, որ Սենատն ընդառաջ կգնա այս հարցում»,- հայտարարել է ՄըքՔորմակը: Հիշեցնենք, որ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը սեպտեմբերի 12-ին սառեցրել էր Բուշի վարչակազմի կողմից ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հաստատման քվեարկությունը: