Գնացքից ուշացած Հայաստանը

17/09/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ երկրների կողմից առաջադրված «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածաշրջանում եւ նրա հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման առումով» բանաձեւն ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգ (խոսքը Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի հակամարտությունների մասին է):

Թեեւ դրանից ընդամենը մեկ օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի գլխավոր կոմիտեն որոշել էր այդ հարցը նստաշրջանի օրակարգում չընդգրկել, սակայն սեպտեմբերի 13-ին ՎՈՒԱՄ-ի ներկայացուցիչները կրկին քվեարկության են ներկայացրել հարցը 61-րդ նստաշրջանի օրակարգում ներառելու առաջարկը, եւ 16 կողմ, 15 դեմ, 65 ձեռնպահ ձայներով հարցը մտել է 61-րդ նստաշրջանի օրակարգ (96 պատվիրակություններ էլ չեն մասնակցել քվեարկությանը): Ի դեպ, կողմ քվեարկած երկրների շարքում են Մերձբալթյան երեք հանրապետությունները, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, իսկ դեմ քվեարկած 15 երկրների շարքում են Հայաստանը, Ռուսաստանը, Հունաստանը, Ալժիրը, Ինդոնեզիան եւ այլն: ՌԴ Արտգործնախարարության ներկայացուցիչ Միխայիլ Կամինինն այս հարցում իր երկրի դիրքորոշումը բացատրել է նրանով, որ «անթույլատրելի է այդ խնդիրների քաղաքականացումը»: Իսկ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունն արդեն ողջունել է քվեարկության արդյունքները: Վրաստանի ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, թե հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների տարածքներում կրում են հատկապես քաղաքական բնույթ: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի, հակառակ Ռուսաստանի եւ նրա բարեկամ երկրների գործողություններին, ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների եւ նրանց բարեկամ երկրների՝ հատկապես ԱՄՆ-ի ջանքերով հարցը լուծվեց հօգուտ ՎՈՒԱՄ-ի: «Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ են գիտակցում, որ սառեցված հակամարտությունները վտանգում են երկրների քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացումն ու միլիոնավոր մարդկանց կյանքը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՄԱԿ-ում ԼՂ հարցով մի բանաձեւ արդեն ընդունվել է: Այն վերաբերում էր ԼՂ հարակից շրջաններում գրանցված հրդեհներին եւ կրում էր «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» անունը: Իսկ ինչպե՞ս է այս ամենին արձագանքում պաշտոնական Երեւանը: Նշելով, թե հարցն ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ է ընդգրկվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում՝ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հայտարարել է. «Թվում է, թե Մինսկի խմբի փաստաթղթի բովանդակությունը, որի մեծ մասին Ադրբեջանը համաձայնություն տվել է՝ ներառյալ հանրաքվե, ինքնորոշման հարց եւ այլն, երեւի թե Ադրբեջանն ուզում է հետ կանգնել եւ դրա միջոցով, նրանց հաշվարկներով, փորձել ուշադրությունը շեղել Մինսկի գործընթացից եւ տանել դեպի ՄԱԿ»: Նույն թեմայով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը նախօրեին ասել է, թե թեեւ ՄԱԿ-ի ընթացակարգով հարցը Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտել, սակայն ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեի կողմից տվյալ նախաձեռնության մերժումը եւ Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքները (16 կողմ, 15 դեմ) միանշանակ ցույց են տալիս միջազգային հանրության տրամադրվածությունն այս հարցի կապակցությամբ: «Նախաձեռնությամբ հանդես է եկել ՎՈՒԱՄ կազմակերպությունը, որի մաս է կազմում նաեւ Ադրբեջանը: Վերջինիս կողմից այդօրինակ հարցադրումը նման ատյանում մեկ անգամ եւս վկայում է, որ այդ երկիրը հետ է կանգնում բանակցությունների սեղանին դրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին առաջարկի մեջ նշված ինքնորոշման իրավունքի եւ ԼՂ կարգավիճակը հանրաքվեով վճռելու դրույթների շուրջ առարկայական քննարկումներից»,- ասել է Վ. Կարապետյանը, հավելելով, որ եթե Ադրբեջանը նպատակ է հետապնդում ձգձգել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը՝ հեռանկարում ունենալով այն տեղափոխել այլ ատյաններ, ապա դա միանգամայն անընդունելի է Հայաստանի համար: «Այս պարագայում Ադրբեջանը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի Լեռնային Ղարաբաղի հետ»,- եզրափակել է Վ. Կարապետյանը: Ինչեւէ, ԼՂ հարցը ՄԱԿ տեղափոխելու հարցում Ադրբեջանի արձանագրած հաջողություններից եւ դրանց հակազդելու հայկական կողմի փաստացի անկարողությունից ելնելով, կարելի է ասել, որ ԼՂ հարցում հայկական դիվանագիտությունը խոշոր պարտություններ է գրանցում: Եվ այն, որ պաշտոնական Երեւանը շարքային հայաստանցուն փորձում է «սփոփել» նրանով, թե հարցն օրակարգ է ընդգրկվել ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ, բացի այն, որ ընդամենը բարոյական հաղթանակ է, որով ավանդաբար նեղն ընկած ժամանակ մխիթարվում են մեր իշխանությունները, նաեւ ծիծաղելի սփոփանք է, որովհետեւ այդկերպ Հայաստանը նմանվում է գնացքից ուշացած այն ուղեւորին, ով իրեն սփոփում է նրանով, թե շատ չի ուշացել. ընդամենը երկու րոպե: