Օսկանյանը սկսել է նախընտրական քարոզարշավը

17/09/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Որպես նախագահի ամենահավանական թեկնածու, շատ է շրջանառվում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անունը: Վերջինս ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը կախված կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, թե ՀՀԿ-ն որքան ձայն կստանա: ՀՅԴ վերջին Գերագույն ժողովից հետո բացահայտվեց իշխանական մեկ այլ թեկնածու եւս: Խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի մասին է: ՀՅԴ ԳԺ-ի ժամանակ Օսկանյանի ելույթը զարմացրեց իր դաշնակցականությամբ: Եվ ընդհանրապես, ըստ տարբեր գնահատականների, ԱԳ նախարարն այսօր ավելի շատ զբաղված է իր քարոզարշավով, քան ՀՀ արտաքին քաղաքականության հարցերով:

ՀՅԴ ԳԺ-ից հետո, ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցելու է իր սեփական թեկնածուով, այսինքն`առաջադրելու եւ սատարելու է բացառապես իր կուսակցության անդամին: Իսկ թե ով է լինելու այդ թեկնածուն, բնականաբար, դեռ որոշված չէ: Ըստ Ա. Ռուստամյանի` ամեն ինչ կորոշվի միայն ԱԺ ընտրություններից հետո հրավիրվելիք արտահերթ Գերագույն ժողովում: Այսինքն՝ չի բացառվում, որ ԱԺ ընտրություններում իրենց ակնկալած քվեն չստանալու դեպքում Դաշնակցությունը կտրուկ փոխի իր դիրքորոշումը: Սակայն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը միանշանակ պնդեց, որ, այսօրվա դրությամբ, իրենք չեն սատարելու ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Վարդան Օսկանյանին եւ ոչ էլ մեկ ուրիշի, քանի որ «ՀՅԴ-ն հանդես է գալու իր սեփական թեկնածուով»: Դաշնակցությունն այսօր բացառում է Օսկանյանին պաշտպանելը, քանի որ վերջինս անկուսակցական է: Սակայն դա չի նշանակում, որ Վ. Օսկանյանը միշտ անկուսակցական է մնալու: Ավելին, դատելով ՀՅԴ ԳԺ-ի ժամանակ Օսկանյանի ելույթից եւ ընդհանրապես, ՀՅԴ-ի հանդեպ նրա ցուցաբերած վերաբերմունքից, հավանական է, որ նա ավելի շուտ անդամակցի ՀՅԴ-ին, քան «Բարգավաճ Հայաստանին», որի հավանականությունը նույնպես չեն բացառում քաղաքական որոշ գործիչներ: Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք` երբ Վարդան Օսկանյանը մտնի ՀՅԴ շարքերը, նախագահական ընրություններում հնարավո՞ր է` հենց նրան առաջադրի ՀՅԴ-ն: «Դա ԳԺ-ն կորոշի: Ես հիմա որեւէ բան չեմ կարող ասել: Իսկ Օսկանյանը դեռ չի դիմել մեզ, որ ՀՅԴ անդամ դառնա»,- ասաց Ա. Ռուստամյանը` հիշեցնելով հայտնի թեզը, թե քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: «Իսկ եթե Օսկանյանը դիմի, կընդունե՞ք ձեր շարքերը» մեր հարցին ի պատասխան` Ա. Ռուստամյանն ասաց. «Դրա համար կարգ կա, թող դիմի՝ կորոշենք»: Վ. Օսկանյանն ասում է, որ առայժմ չի պատրաստվում որեւէ կուսակցության անդամակցել: Իսկ նախագահական ընտրություններին իր հնարավոր առաջադրման հարցին ի պատասխան` ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել: «Դեռ վաղ է, չեմ խոսում այդ մասին: Կենտրոնացեք խորհրդարանական ընտրությունների վրա»,- հայտարարեց Վ. Օսկանյանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ ԳԺ ժամանակ իր ելույթին ու Դաշնակցության հետ համագործակցությանը, ապա Վ. Օսկանյանը հայտարարեց, թե՝ «Ղարաբաղի հարցում, արտաքին քաղաքականության հարցերում ես միշտ էլ լուրջ համագործակցության մեջ եմ, բայց նման հարցեր չեմ բարձրացրել»: Ի դեպ, հիշեցնենք, որ երբ մի քանի ամիս առաջ Վ. Օսկանյանին հարց ուղղվեց նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, նա հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ թերեւս կարող եմ իմ մասնակցությունը բերել Հայաստանի գործընթացներին, պետականության կառուցման, զարգացման խնդիրներին: Բայց թե այդ մասնակցությունն ինչպիսի դրսեւորումներ կարող է ունենալ, այս պահին ես չեմ կարող ասել եւ դրա մասին չեմ էլ մտածել: Այդ ամենը ցույց կտա ժամանակը»:

Ինչեւէ, նախագահական ընտրություններին Վարդան Օսկանյանի հնարավոր առաջադրման մասին խոսակցություններն այսօր եւ՛ նախարարը, եւ՛ ՀՅԴ-ն հերքում են: Սակայն, միեւնույն ժամանակ, պնդում են, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, եւ, որ ամեն ինչ հստակ կորոշվի 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո: