«Հինգ տառանոց գահավիժող առարկա` վերջին տառը «ր»,- խաչբառ լուծելիս հայաստանյան ներմուծող ընկերության ղեկավարը, ժպիտը դեմքին ու հպարտությամբ, լրացնում է «դոլար» բառը: Բայց պարզվում է` երբեմն ներմուծողներն էլ, հասարակ քաղաքացիների նման, չեն ժպտում այս անհասկանալի երեւույթի վրա:
Օրերս ներմուծողներից մեկը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ դրամի շարունակվող արժեզրկումն իր համար անհանգստացնող չափերի է հասնում: Ավելին, ներմուծողի հավաստմամբ, ինքն ամենեւին էլ չի շահում դոլարի արժեզրկումից, քանզի «սովորաբար խոշոր վերազգային կորպորացիաները չեն թողնում, որ ներմուծողները հավելյալ եկամուտ ստանան»: Ենթադրենք, ամիսներ առաջ, երբ 1 դոլարը հայկական շուկայում արժեր 450 դրամ, ծխախոտ ներմուծող որեւէ ընկերություն, օրինակ 40 ցենտով (180 դրամ) մի տուփ ծխախոտ էր գնում արտադրողից: Այժմ, երբ դոլարի փոխարժեքը 380 դրամ է, այդ նույն ծխախոտը ներմուծողը գնում է 152 դրամով, իսկ հայաստանյան շուկայում ծխախոտի գինը չի նվազել: Ինչպե՞ս կարող է ծխախոտ արտադրող հայտնի արտասահմանյան ֆիրման «փախցնել» ներմուծողի հավելյալ շահույթը: Գոյություն ունի պայմանագիր, որի համաձայն, արտադրողը պարտավորվում է ներմուծողին ծխախոտը վաճառել 40 ցենտով: Բայց հնարավոր է, որ պայմանագիրը վերանայվի, եւ հաշվի առնելով ՀՀ-ում դոլարի աննախադեպ «գահավիժումը», արտադրողը բարձրացնի ծխախոտի գինը` ներմուծողին զրկելով ոգեւորվելու հնարավորությունից: Սակայն այս տեսակետն այդքան էլ հաճախակի չի հանդիպում Հայաստանում: Հայ գործարարները լավ գիտեն մեր տնտեսության «առանձնահատկությունները», ուստի արտադրողների հետ կարող են «խելացի» պայմանագրեր կնքել: Իրականում այդպես էլ կա: Բացի այդ, ներմուծվող ապրանքների գները ՀՀ շուկայում նույնիսկ 1 դրամով չեն նվազում, ուստի զարմանալի է այն կարծիքը, որ ներմուծողը կարող է չշահել դոլարի արժեզրկումից: Տնտեսական ապրանքներ ներմուծող մի խոշոր ընկերության ղեկավար մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ներմուծելիս «փոխարժեքի տատանումներից շահելու կամ չշահելու մասին չեն մտածում: Անկախ ամեն ինչից` մենք մեր կայուն եկամուտներն ունենք»,- ասաց նա` ավելացնելով, որ վերազգային կորպորացիաների քաղաքականության մասին ոչինչ ասել չի կարող: Ներմուծելն այսօրվա պայմաններում հայ գործարարի համար ամենաձեռնտու քայլն է: Տեղական արտադրողները, հատկապես` նրանք, որոնց արտադրանքն արտահանվում է, միանշանակ տուժում են դոլարի արժեզրկումից: Տուժում են նաեւ ներդրողները: Հիմնական ներդրողները վարկային ռեսուրսներ են ստանում արտասահմանից, հիմնականում` դոլարով: Ենթադրենք, ինչ-որ գործարար 1 մլն դոլարի վարկ է ստացել` Երեւանում առեւտրային կենտրոն կառուցելու համար: Դոլարը նա պետք է վերածի դրամի, որպեսզի շինանյութ գնի, աշխատավարձ տա, հոգա տրանսպորտի, էլեկտրաէներգիայի եւ մի շարք այլ ծախսեր: Կյանքը Հայաստանում թանկանում է, բոլոր նշված ծախսերն աճում են եւ, դրանց գումարելով դոլարի շարունակական արժեզրկումը, գործարարը մի օր հասկանում է, որ այդ վարկն, իրոք, շատ թանկ հաճույք էր: Եվ պետք է այդ ներդրումն իրեն արդարացնի, որպեսզի փոխհատուցի այդ ծախսերը: Այս առումով դոլարի արժեզրկումը ՀՀ-ում ներդրումները դարձնում է ռիսկային:
Փաստորեն, գործարարների մեջ ամենաշահավետ վիճակում այսօր ներմուծողներն են, որոնց ինչ-որ առումով կարելի է վերավաճառողներ անվանել: Այլ հարց է, եթե դրամի արժեւորումից օգտվող ներմուծողները նվազեցնեին իրենց ապրանքների գները: Բայց դա անիրատեսական է, քանզի Հայաստանում գների անկում հասկացություն ընդհանրապես չկա: