Հանցանք են գործում «պապայի» տղերքը

06/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ռազմական ոստիկանությունն այն համակարգն է, որը զբաղվում է ՀՀ
պաշտպանության համակարգի զինվորական ծառայության ընթացքում կատարվող
հանցագործություններով: Ասել է թե՝ դասալիքներին դաստիարակելու օղակներից
մեկն է: Ըստ ՌՈ մեկուսարանի պետ մայոր Մուրադ Ղազարյանի, վերջին տարիներին
զինվորական ծառայության ընթացքում կատարվող հանցագործությունների նվազում
է արձանագրվել: Մենք փորձեցինք ծանոթանալ ՌՈ-ում գտնվող կալանավորված
զինվորների կենցաղին եւ հատկապես ուսումնասիրել, թե Եվրախորհրդի
պահանջներն ինչպես են անդրադառնում մեր կալանավայրերի շրջանակում, ինչպիսի
բարեփոխումներ են իրականացվում նմանատիպ փակ համակարգերում: Հարկ է նշել,
որ ՌՈ-ն բավական կարգապահ օղակ է, եւ ուսումնասիրելով կալանավորված
զինվորների խցերը, համոզվեցինք, որ վերջիններս գտնվում են բավական
հիգիենիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողության տակ:
Այցելության ընթացքում ՌՈ-ում գտնվում էր 5 կալանավորված զինծառայող:
Նրանց հետ զրուցելու մեր խնդրանքը մեկուսարանի պետը մերժեց, քանի որ
օրենքով արգելվում է նախաքննության մեջ գտնվող կալանավորի հետ շփվել: Մեր
ներկայությամբ բժիշկները հետազոտում էին կալանավոր զինծառայողների
առողջական վիճակը: Մեկուսարանում տեղադրված է հեռախոս, որից ձերբակալված
զինծառայողն իրավունք ունի օգտվել շաբաթը մեկ անգամ, բայց խոսակցության
ընթացքում, որպես կանոն, ներկա է լինում ոստիկանության աշխատակիցը,
որպեսզի քրեական գործին առնչվող ինֆորմացիայի փոխանակում չլինի: Քննիչի
կամ փաստաբանի հետ հանդիպման համար գոյություն ունի առանձնասենյակ,
ոստիկանության աշխատակիցը նրանց տեսնում է, բայց չի լսում: Սա մի համակարգ
է, որտեղ ամեն ինչ շատ փակ է, ուստի ինֆորմացիա կարող է դուրս գալ միայն
փաստաբանի միջոցով: Քննչական մեկուսարանի պետի տեղակալ փոխգնդապետ Գարիկ
Գեւորգյանը 1993 թվից աշխատում է ՌՈ համակարգում եւ, ըստ նրա, փորձը ցույց
է տալիս, որ զորամասերում կատարվող հանցագործությունները սովորաբար տեղի
են ունենում շաբաթ, կիրակի օրերին. սպայական անձնակազմն այդ օրերին
հիմնականում հանգստանում է, հետեւաբար՝ զինծառայողների վերահսկման օղակը
թուլանում է: Ի դեպ, ըստ պրն Գեւորգյանի՝ ԼՂՀ-ում ծառայող հանցագործության
մեջ մեղադրվող զինվորներին նույնպես բերում են ՌՈ: Նրա խոսքերով՝
կալանավորված զինծառայողները կերակրվում են օրը երեք անգամ, սկսած
երշիկով, վերջացրած՝ հյութերով ու սալաթներով: «Նրանք էլ են զարմացած,-
ասում է պրն Գեւորգյանը,- որովհետեւ այն սնունդը, որն իրենք զորամասում են
ստանում, չես համեմատի: Նրանք ապահովված են նաեւ ծխախոտով: Քննչական
մեկուսարանում լոգասենյակ կա եւ կալանավորը լողանում է շաբաթը երկու
անգամ: Ինչ վերաբերում է հանցագործությունների պատճառներին, ապա դրանք
տարբեր են՝ դաստիարակություն, միջավայր, շրջապատ, ծնողի ապտակի պակաս եւ
այլն: Սովետական տարիներին երեխաներին, սովորելու հետ մեկտեղ, պարտադիր
սպորտի էին տալիս, արվեստի բնագավառ էին ուղարկում, իսկ այսօր երիտասարդը
գնում է բանակ, բայց աջ ու ձախին չի տիրապետում»:
 Մինչդեռ նշենք, որ ըստ կալանավորված մի զինծառայողի, 1997թ.
ոստիկանությունում պայմաններն անմխիթար են եղել եւ բաղնիք ընդհանրապես
գոյություն չի ունեցել: Քննչական մեկուսարանի պետ մայոր Մուրադ Ղազարյանն
այս առիթով ասաց. «1997թ. Վլադիմիր Գասպարյանը եկել, անգամ հոսանքներն է
միացրել, շատ բան է փոխվել: Եթե Հայաստանում նման կալանավայր եք տեսնում,
ապա դա նրա շնորհքն է. սկսած հիգիենիկ պայմաններից, վերջացրած՝ ՌՈ բակի
գեղագիտական տեսքից, բակի հուշարձանները նրա անձնական նվերներն են: Մեր
աշխատավարձը բարձրացրել են 50.000 դրամի չափով, աֆիցերներինը՝ 50.000,
ենթասպաներինը՝ 30.000»: Հավելենք, որ գրեթե բոլոր զորամասերում
զինվորները որպես կանոն ոջլոտում են, քանի որ վերջին շրջանում մեր
բանակում այս խնդիրը դարձել է անխուսափելի, եւ ղեկավարությունը դրանից
ձերբազատվելու համար այնքան էլ շահագրգռված չէ: Քննչական մեկուսարանի պետ
Մ. Ղազարյանի պնդմամբ՝ Ռազմական ոստիկանություն բերվող զինվորների
հագուստները լվացվում են հատուկ մեքենաներով, եւ հատուկ գոլորշու միջոցով
կանխում են ոջիլի տարածումը: Նա ասաց, որ իրենց խցերում ոջլի հետ կապված
խնդիրներ կալանավոր զինծառայողները չունեն:
Ռազմական ոստիկանությունում գոյություն չունի պատժախուց (կարցեր), ինչպես,
ասենք, գաղութներում, բայց պատժամիջոցներ կիրառվում են. եթե, օրինակ,
կալանավորը խախտում է անում, ապա նրա օրվա հասանելիք զբոսանքը կրճատվում
է: Շաբաթվա մեջ մեկ անգամ կալանավորն իրավունք ունի հարազատների հետ
տեսակցության, բայց խախտում կատարելու դեպքում կիրառվում է տեսակցության
կրճատում:
Ընդ որում, եթե դատարանը որոշում է, որ կալանավորված զինծառայողն
իրականում անմեղ է, ապա ըստ օրենքի՝ կալանավայրում անցկացրած
ժամանակահատվածը համարվում է ծառայություն:
Պրն Գեւորգյանի հավաստմամբ՝ հանցագործություն կատարում են սոցիալապես եւ՛
ապահով, եւ՛ անապահով ընտանիքների զինծառայողները, թեեւ սոցիալապես ապահով
երիտասարդները՝ «պապայի» տղաներն, ավելի համարձակ են հանցագործություն
կատարելու առումով եւ, կարելի է ասել, հանցագործության մեջ մեղադրվող
զինծառայողների գերիշխող մասը հենց այդ «պապայի» տղերքն են, ովքեր «կռիշա»
ունեն: Շատ ակտուալ են զորամասերից փախչելու դեպքերը: «Պատահում են
դեպքեր, երբ ստիպված են լինում հանցանք կատարել,- ասում է Գ. Գեւորգյանը,-
օրինակ՝ մի դեպք պատմեմ, որն անգրագիտության պատճառով էր եղել. մի զինվոր
ընկերուհուց նամակ էր ստացել, իմիջիայլոց աղջիկը շատ գեղեցիկ բառերով էր
արտահայտվել, թե՝ ես սիրում եմ քեզ, չեմ կարող ապրել առանց քեզ, այն օրը,
երբ մենք համբուրվեցինք մինչ օրս հիշում եմ… քանի որ զինվորը կարդալ
չգիտեր, ընկերոջը խնդրել էր, որ նամակն իր համար կարդա. սա կարդացել է,
հետո բոլորին պատմել է, թե սենց խոսքեր է գրել, եւ բոլորը սկսել են
ծաղրել, վարկաբեկել վերջինիս: Նա էլ դիմել էր ֆիզիկականին, ընդ որում՝
կարգին տղա էր, բայց ստիպված հանցագործություն էր կատարել»: Ի
տարբերություն այլ կալանավայրերի, այստեղ քահանաները չեն գալիս
Աստվածաշունչ քարոզելու, թեեւ մեկուսարանի պետը միանշանակ ասաց, որ ինքը
թույլ չի տա, որ աղանդավոր առաջնորդներն այնտեղ ոտք դնեն, իսկ քահանաների
կողմից առաջարկ չի եղել: Բժիշկների հավաստմամբ՝ կալանավորված զինվորները
հիմնականում ունենում են սուր շնչառական հիվանդություն եւ հարբուխ,
այսինքն՝ մրսածության հետեւանքներ: Լուրջ հիվանդություն հայտնաբերելու
դեպքում կալանավորը տեղափոխվում է հոսպիտալ: Հանցագործությունների
դրդապատճառներից մեկն էլ թղթախաղն է (ղումար): Հաճախ խաղի մեջ պարտվող
զինվորը պոտենցիալ հնարավորություն չի ունենում գումարը վճարել եւ,
հասկանալով, որ ծեծի է ենթարկվելու՝ դիմում է փախուստի: Այս հողի վրա
բռնություններ նույնպես կատարվում են: Գոյություն ունի եւս մեկ հանգամանք,
երբ տեղաբնակ զինվորն իրեն իրավունք է վերապահում իշխանություն կիրառել
առավել հեռավոր բնակավայրից եկած զինվորի վրա, ինչի արդյունքում նույնպես
միջադեպեր են արձանագրվում, այսինքն, երբ 60 կմ շառավղի գործոնը չի
աշխատում, տեղացին ծառայում է իր բնակավայրում: Հանցագործություն կատարող
զինվորների մեծ մասը ոչ թե նորակոչիկներն են, այլ հին ծառայողները, քանի
որ վերջիններս իրենց ավելի ազատ են զգում, հետեւաբար՝ իրենց «տանտիրոջ»
կարգավիճակ են վերապահում: Իսկ փախուստի դեպքերը հիմնականում արձանագրվում
են նորակոչիկների կողմից:
Եղել են դեպքեր, երբ ադրբեջանցի զինծառայողը կամովի հանձնվել է հայ
սահմանապահներին: Ռազմագերի համարվող ադրբեջանցի զինվորը բերվում է
Ռազմական ոստիկանություն, ապա տեղափոխվում է Ազգային անվտանգության
ծառայություն կամ «Կարմիր խաչ» կազմակերպության միջոցով փոխանակում են:
Մեկուսարանի պետ Մ. Ղազարյանի խոսքերով՝ իրենք իրավունք չունեն հարցեր տալ
ռազմագերուն: Առաջին հերթին՝ նրան մերկացնում, ստուգում են, եւ եղել են
դեպքեր, որ ռազմագերիները մետաղալարերով խոշտանգված են եղել զինակիցների
կողմից, վերջիններս նախընտրել են դավադրությունը, հանձնվելը: Ադրբեջանցի
զինվորներից մի քանիսը պատմել են, որ խոշտանգումների են ենթարկվում իրենց
հայրենակիցների կողմից, բացի այդ վկայել են, որ ադրբեջանական բանակում
թմրամոլությունը տարածված երեւույթ է: Ընդ որում, նրանցից շատերն ասել են,
թե չեն ցանկանում վերադառնալ հայրենիք: Պատմում են, որ ռազմագերիներից
շատերի մեջ չկա հայերի հանդեպ թշնամանքի զգացումը, պարզապես գոյություն
ունի ադրբեջանցիների թույնի ներարկում, որն առկա է պատանիների մեջ, թեեւ
դա գիտակցական մակարդակի վրա չէ, պարզապես բնազդ է: