Հետո կերեւա

17/09/2006

Անդրադառնալով ՀՀԿ-ի կրիմինալացվելու մասին ընդդիմության հայտարարություններին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն օրերս պահանջեց կոնկրետ փաստեր հրապարակել: Երեկ ԱԺ բրիֆինգների ժամանակ ընդդիմությունից հետաքրքրվեցինք, թե երբ են պատրաստվում հրապարակել կոնկրետ փաստեր: «Փաստը` դա մեր իրականությունն է: Եթե ընտրությունները կեղծում են, դա կրիմինալ չէ՞: Կոնկրետ փաստեր ներկայացվել են ՍԴ, ապացուցվել են կոնկրետ փաստեր, սակայն ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Կոնկրետ փաստեր անընդհատ հրապարակվում են մամուլում, սակայն ոչ մի բան չի արվում»,- ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքերով, կրիմինալի դեմ պայքար պետք է տանեն իրավապահ մարմինները: Բայց քանի որ մեր իշխանությունները սերտաճել են նույն քրեական տարրերի հետ, ապա Ս. Դեմիրճյանի կարծիքով` այդ անգործությունը բնական է: «Երկրում կատարվող սպանություններն անպատժելիության հետեւանք են, եւ դրանք փաստում են այն պարզ ճշմարտությունը, որ հանրապետությունում բարգավաճում է կրիմինալը»: Դեռ ամիսներ առաջ Արշակ Սադոյանն առաջարկել էր կրիմինալի դեմ պայքարել 20-25.000-անոց բիլակավոր խմբեր ստեղծելով, ինչը մերժվել էր դաշինքում: Հնարավո՞ր է` ընդդիմությունը վերադառնա Սադոյանի առաջարկին. այս հարցին ի պատասխան` Դեմիրճյանն ասաց. «Սադոյանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, մենք էլ առաջարկել ենք, որ սկզբից իր ընտրատարածքում ստեղծի: Հետո նոր կերեւա»: