Իսկ դրանք շատ հաճախակի են լինում: Գոնե ամիսը մեկ անգամ ԱՎԾ-ն հրապարակում է իր ուսումնասիրությունը, որտեղ մանրամասն նկարագրում է, թե ընտրված ժամանակաընթացքում ինչքան աճ է գրանցել մեր տնտեսությունը: Նման մի ուսումնասիրություն էլ ԿԲ-ն է հրապարակում, եւ այս 2 հիմնարկների տեղեկատվությամբ մենք իմանում ենք, որ ապրում ենք վագրի թռիչքով զարգացող մի երկրում: Հերթական հրապարակումը երեկ եղավ, եւ մենք իմացանք, որ անցած տարվա համեմատ ունեցել ենք ընդամենը 2,8 % գնաճ: Այսինքն մեր կյանքն ընդամենը 2,8 %-ով է թանկացել, անցած տարվա համեմատ այս տարի մեր ծախսերն ավելացել են ընդամենը 2,8 %-ով: Ճիշտ է, այս տարի որոշ ապրանքներ ու ծառայություններ թանկացել են, սակայն շատ բաներ էլ էժանացել են, ու մենք դժգոհելու շատ տեղ չունենք: Որ մեր գնած կարտոֆիլն անցած տարվա համեմատ ոչ թե կրկնակի, այլ 58 %-ով է թանկացել: Որ մեր գնած հագուստն ու կոշիկն ընդամենը 2,2 %-ով է թանկացել: Հացը նույնիսկ 1,7 %-ով էժանացել է: Ի դեպ, հացի մասին՝ ճիշտ է, գներն առանձնապես փոփոխության չեն ենթարկվել, բայց մեր գնած 2 կամ 3 հատ հացը սկսել է մեզ չբավականացնել: Անցած տարի բավականացնում էր: Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ ոչ թե մենք ենք շատակեր դարձել, այլ հացի չափերն են փոքրացել: ՀՀ-ում ոչ ոք չգիտի, թե քանի կիլոգրամ հաց է գնում, որ իմանա թանկացե՞լ է, թե՞ ոչ: Մրգի գինն ընդհանուր առմամբ իջել է՝ 4,5 %-ով, սակայն բանջարեղենը թանկացել է 3,5 %-ով: Բայց եթե գյուղմթերքի գների տատանման հետ առանձին-առանձին ես ծանոթանում, տեսնում ես, որ դրանք նկատելի չափով են բարձրացել: Խնձորը թանկացել է 11,4 %, տանձը՝ 4,7 %, լոլիկը՝ 17 % եւ այդպես շարունակ: Բայց սա ԱՎԾ տվյալներն են: Ըստ ԱՎԾ-ի, այս տարի վառելիքը նույնիսկ 1,4 %-ով էժանացել է: Ճիշտն ասած, մենք չկարողացանք իմանալ, թե խոսքը որ վառելիքի մասին է, որովհետեւ տարեսկզբին գազը մի փոքր թանկացել է, այս տարի զգալիորեն թանկացել է նաեւ փայտը: Անփոփոխ է մնացել միայն էլեկտրաէներգիայի գինը: 0,2 % էժանացել են նաեւ ծառայությունները: Այստեղ էլ հավանաբար մի փոքր թյուրիմացություն կա, որովհետեւ չկարողացանք իմանալ, թե այդ ոլորտից հատկապես ո՞ր ճյուղն է իր գներն իջեցրել: Շատ չթվարկենք, թե մենք ու բոլոր սպառողները Վիճվարչության ո՞ր տվյալների հետ համաձայն չենք: Ուղղակի հերթական անգամ մեզ մատուցվեց վիճակագրական մանրանկարչության նոր օրինակ: Իսկ այն հանգամանքը, որ ԱՎԾ-ն այս 8 ամիսներին ընդամենը 2,8 % գնաճ էր գրանցել, հավանաբար նրա համար էր, որ տարվա վերջում պարզերես անի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին: Մեր երկրի գլխավոր ֆինանսիստը կանխատեսել էր, որ այս տարի ունենալու ենք 3 % գնաճ: Բայց արի ու տես, որ նար կանխատեսումն այնքան անիրատեսական էր, որ դրա հետ չհամաձայնեցին անգամ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչները, ովքեր միշտ կրկնել են Տ. Սարգսյանի կանխատեսումներն ու մեկնաբանությունները: Ըստ ԱՄՀ ներկայացուցիչների՝ տարեվերջի գնաճը կկազմի 5 %:
Ա.Ա.