«Դուրս չգաք՝ տշելով կհանենք»

17/09/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 12 ընտանիքներ հայտնվել են անելանելի վիճակում: «Եթե ոչ ոք չարձագանքի՝ ստիպված կլինենք գալ եւ կառավարության շենքի մոտ հավաքվել այնքան ժամանակ, մինչեւ մեզ ռեալ պատասխան տան»,- ասում են նրանք՝ ավելացնելով, որ շուտով ինչ-ինչ մարդկանց բիզնես-քմահաճույքի պատճառով հայտնվելու են փողոցում: Արտաշատ քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի դիմացի մայթին գտնվում է հսկայական տարածությամբ, 7 հարկանի «Արտաշատ» հյուրանոցը: Ճգնաժամային տարիներին տարբեր քաղաքապետերի թույլտվությամբ այստեղ են վերաբնակեցվել փախստականներ եւ սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում ապրող անօթեւան ընտանիքներ: Տարիների ընթացքում փախստականներից շատերը բնակարաններով ապահովվել են, մինչդեռ ներկայումս հյուրանոցում բնակվում են 10 անօթեւան ընտանիքներ, որոնք հիմնականում տեղաբնակներ են: 7 հարկանի հյուրանոցի որոշ հարկերի տարածքների մի մասը վարձակալության է տրված տարբեր կազմակերպությունների կամ անհատների: Արդեն որքան ժամանակ է, «Արտաշատ» հյուրանոցում հայտնվում են մարդիկ, ովքեր հայտարարում են, թե իրենք սեփականաշնորհել են հյուրանոցը եւ վերոնշյալ 10 ընտանիքներին առաջարկում են սուսուփուս հեռանալ այդ շենքից, հակառակ դեպքում սպառնում են՝ «Եթե դուրս չգաք՝ տշելով կհանենք»: 1996-ից «Արտաշատ» հյուրանոցում բնակվող Ալվարդ Հովակիմյանին Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն, այն տարիներին լինելով Արտաշատի քաղաքապետ, թույլ է տվել տեղավորվել հյուրանոցում: Ասում է, որ 7 հոգով փոքրիկ սենյակում մի կերպ հարմարվելով ապրում են՝ հույսով, որ մի օր բնակարան կունենան եւ մարդավայել կյանքով կապրեն: «Հ. Աբրահամյանը մեզ ասեց՝ սպասե՛ք, մինչեւ բնակարանի հարց կլուծենք: Էս տարի մեզ պետք է Պատկանյան փողոցի նորակառույցում բնակարան հատկացնեին, բայց չհատկացրին, խոսք են տվել մեր Բանգլադեշ թաղամասի կիսակառույց շենքում մյուս տարի տեղավորել, թե ինչքանով են ճիշտ ասում՝ չգիտեմ»,- ասում է տիկին Ալվարդը, ում խոսքերով՝ հյուրանոցի աշխատակիցներն այդ տարիներին աճուրդի միջոցով հանդիսացել են բաժնետերեր, այնուհետեւ հայտնվել է հյուրանոցի նոր սեփականատեր Արամ Հարությունյանը: «Արտաշատ» հյուրանոցի սեփականատեր արտաշատցի Ա. Հարությունյանը, պարզվում է, նույն ինքը՝ Երեւանի պետական համալսարանի նախկին դասախոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն է, ով 3-4 օր առաջ գնացել է հյուրանոց եւ բնակիչներից պահանջել ազատել շենքը՝ հայտարարելով, որ շենքի ճակատագիրն այլեւս ինքն է որոշում: Հյուրանոցի բնակիչների տեղեկություններով՝ Ա. Հարությունյանը ցանկանում է հյուրանոցը դարձնել համալսարան, որի ռեկտորը կլինի հենց ինքը: Իսկ շինարարական ծախսերը հոգալու են ինչ-որ ամերիկացիներ: Տիկին Ալվարդի խոսքերով՝ Ա. Հարությունյանն «Արտաշատ» հյուրանոցը գնել է ընդամենը 20.000 դոլարով, ինչն, իրոք, ծիծաղելի գին է նման հսկա շինության դիմաց: Ի դեպ, Ա. Հովակիմյանը մեզ ներկայացրեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր դիմումը, որի պատասխանը, սակայն, ստացել է Արտաշատի քաղաքապետարանից: Իսկ պատասխան նամակում նշված է, որ ՀՀ նախագահին հասցեագրված Ա. Հովակիմյանի դիմումը քննարկվել է քաղաքապետարանում, եւ պարզվել է, որ Ա. Հովակիմյանն իրոք հանդիսանում է բնակարանի կարիքավոր: «Ձեզ տեղյակ է պահվում, որ քաղաքապետարանը ներկայումս չի տնօրինում ազատ բնակելի ֆոնդի կամ կացարանների: Ժամանակավոր կացարան հատկացնելու ձեր հարցը կքննարկվի հնարավորություն ունենալու ժամանակ»: 20 տարի նույն հյուրանոցում հանգրվանած Քնար Արշակյանը նախկին քաղաքապետի որոշմամբ այդ սենյակներից մեկում է ապրում: «Ասեցին՝ 1 շաբաթով նստի հյուրանոցում, մինչեւ բնակարան տանք, ու էդ 1 շաբաթը դարձավ 20 տարի: Էն ժամանակ Քաղսովետի որոշմամբ մեզ բնակարան տվեցին, բայց հետո վերցրին: Ստեղ տեղավորեցին, բայց հիմա մեզ ուզում են փողոց շպրտեն»: Լենա Գալստյանն էլ հյուրանոցում ապրում է 16 տարի ու մինչեւ հոգու խորքը վիրավորված է Արտաշատի քաղաքային իշխանություններից, քանի որ իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելով` շուտով իրենց շենքից դուրս են շպրտելու: «Էսքան տարի ստեղ ապրում ենք, բայց առանց մեր գիտության, գաղտնի կերպով վաճառել են»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ հյուրանոցում ապրելու որոշումը կայացրել են «նախկինում իր աշխատած հիմնարկությունը եւ քաղաքապետը»: «Քաղաքապետն ու «Արտաշատ» հյուրանոցի սեփականատերը համաձայնության են եկել ու ուզում են մեզ փողոց շպրտել: Քաղաքապետը հրաժարվում է մեզ տիրություն անել, Արամ Հարությունյանը նույնպես թույլ չի տալիս մնալ շենքում, իսկ կառավարությունը լռում է: Մենք դիմում ենք կառավարությանը եւ Տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանին, որ` առանց մեզ տեղավորելու ո՞ւր են հանում-շպրտում փողոց: Արտասահմանից եկող աղքատությունը վերացնելու, բնակարանաշինություն իրագործելու, օգնություններ բաժանելու ամբողջ գումարները մեր նմանների անունով է գալիս, մեր անվան տակ հսկայական գումարներ են մտնում Հայաստան, բայց մեզ ոչինչ չտալով` այ սենց անտեր-անտիրական, վեշի նման փողոց են շպրտում»,- իրենց բողոքն են ներկայացնում հյուրանոցում տեղավորված 10 ընտանիքների անդամները: Բնակիչներից որեւէ մեկը գրանցում կամ սեփականության իրավունք չունի, եւ նրանց միակ փաստաթուղթը սոցիալական քարտն է: Թեեւ Արտաշատում որեւէ տեղ հաշվառված, գրանցված չեն, այնուամենայնիվ, նրանց խոսքերով՝ ընտրությունների ժամանակ իրենք ընտրելու իրավունք ունեն: Որքան էլ զարմանալի է, հյուրանոցի բնակիչները վկայում են, որ 3000 դրամ գումարով իրենց ձայները վաճառել են. «Դե՛, մի 3000 դրամն էլ մեծ բան ա: Տալիս են, ասում են՝ ստորագրեք»,- ասում է Ա. Հովակիմյանը, ով` հասկանալով, որ ծանր մեղադրանք է հրապարակում, իր արարքն էլ խրախուսելի չէ, փորձեց շրջանցել ասածը. «Էսքան ժամանակ եկել, ասել, գրել են, որ պիտի փող տան, բայց գնացել-ստորագրել ենք՝ ոչ մի կոպեկ, ոչ մի բան էլ չեն տվել»,- քաղաքապետ Գագիկ Մուրադյանի վստահված անձանց մասին նման վկայություններ տվեցին մեզ հյուրանոցի բնակիչները: «Մեզ մենակ պահում են նրա համար, որ իրանց ընտրենք»:

Բալասան Մանուկյանն իր 2 անչափահաս երեխաների հետ 12 տարի բնակվում է հյուրանոցի կիսաքանդ սենյակներից մեկում: Արտաշատ քաղաքի իրենց բնակարանն այրվել է դժբախտ պատահարի պատճառով: «Տկլոր եկանք ստեղ, ամեն մեկը մի բան տվեց, ու ստեղ տեղավորվեցինք: Մեզ խոստացան բնակարանով ապահովել, բայց առայսօր ստեղ ենք: Ես էլ հաշմանդամ եմ, հնարավորություն չունեմ ուրիշ տեղ վարձով տուն ճարեմ, եթե դուրս վռնդեն»,- ասում է նա՝ հավաստիացնելով, որ 10 ընտանիք շուտով մուրացկան է դառնալու, որովհետեւ վստահ են, որ իրենց տիրություն անող չի լինելու: Ի դեպ, 7 հարկանի հյուրանոցի բնակիչների կենցաղային պայմանները ծայրահեղ վատ են: Իսկ ջուրը բակից դույլերով են սենյակ բարձրացնում: Վերոնշյալ ընտանիքներից հազվադեպ մարդիկ են աշխատում, այն էլ` Արտաշատի գյուղերի հողատարածքներում քաղհան են անում: «Քոծություն ենք անում, որ սոված չմնանք, կամ էլ ուրիշների տներն ենք մաքրում»,- ասում են հյուրանոցում ապրող կանայք: Բազմազավակ մայր Վարդանուշ Մելքոնյանի ամուսինն աշխատում է Արտաշատի Ոստիկանության քրեական հետախուզության բաժնում: Ոստիկանությունն է միջամտել, որ նրա ընտանիքը հյուրանոցի սենյակներից մեկում ապրի: «4 անչափահաս երեխաներիս հետ կմնանք փողոցում»,- իրենց ապագայի մասին այսպես է արտահայտվում բազմազավակ մայրը:

Քաղաքապետի վրա պետք չի հույս դնել

Թեեւ արտաշատցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ հինգշաբթի օրը քաղաքապետ Գագիկ Մուրադյանի մոտ քաղաքացիների ընդունելության օր է, այդուհանդերձ, այդ օրը մեր այցելության ժամանակ քաղաքապետը, առավել եւս` քաղաքապետին դիմող քաղաքացիները, բացակայում էին: Փոխարենը քաղաքապետի տեղակալ Լեւոն Ավետյանին խնդրեցինք հյուրանոցում ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ տալ:

«Տարիների ընթացքում մարդիկ իրենց բնակարանները վաճառել են, զանազան դեպքերից հետո եկել, խնդրել են տեղավորել այդ մարդկանց: 1990-ական թվականների սկզբներից դեռեւս Քաղխորհրդի ժամանակ սկզբում փախստականներ տեղավորվեցին ամբողջ շենքում, իսկ հետո ժամանակի ընթացքում նրանց տարբեր տեղերում բնակարաններով ապահովեցին: 2 տարի առաջ փախստականներից 44 ընտանիք տեղավորվեց Ուսումնարանի հանրակացարանում, որն արտասահմանյան հիմնադրամների միջոցներով վերանորոգվեց»,- ասաց Լ. Ավետյանը՝ հավատացնելով, որ բնակեցվել են նաեւ տեղաբնակ անօթեւան ընտանիքներ: Հյուրանոցի ներկայիս բնակիչներն, ըստ նրա, հյուրանոցում տեղավորվել են նախկին քաղաքապետերի՝ Սեյրան Ղազարյանի, Վարդգես Հովակիմյանի եւ Հովիկ Աբրահամյանի թույլտվությամբ: Ի տարբերություն հյուրանոցի բնակիչների, ովքեր պնդում էին, որ քաղաքապետերը, մասնավորապես` Հ. Աբրահամյանն, իրենց խոստացել են բնակարանով ապահովել՝ պրն Ավետյանը բացառեց քաղաքապետերի կողմից հնչեցրած խոստումները՝ պատճառաբանելով, որ քաղաքապետարանի բյուջեն փոքր է, եւ հնարավոր չէ բազմաբնակարան շենք կառուցել եւ այդ մարդկանց տեղավորել: «Թե ով է խոստացել՝ ես չգիտեմ, բայց վստահ եմ, որ Վարդգես Հովակիմյանն ու Հովիկ Աբրահամյանը որեւէ բան չեն խոստացել նրանց: Ընդամենը ժամանակավոր կացարան են տվել՝ ելնելով այդ մարդկանց վիճակից: Այդտեղ մարդիկ կան, ովքեր 2-3 անգամ տները վաճառել եւ եկել խնդրել են, որ հյուրանոցում ապրեն»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է հյուրանոցի սեփականատիրոջ ով լինելուն, ապա Լ. Ավետյանը նշեց. «Սեփականաշնորհման պրոցեսի ժամանակ, բնական է, համայնքները չգիտեն, թե երբ է արվում, ինչ է արվում, ով է սեփականատերը, դուք երեւի ավելի լավ կիմանաք»:

 «Արտաշատ» հյուրանոցը մինչեւ սեփականաշնորհումը պատկանել է Կոմունալ տնտեսության նախարարությանը: Քաղաքապետի տեղակալը նշեց, որ 90-ականների կեսերից սկսած իրենք դիմել են կառավարություն, որպեսզի շենքը` որպես սեփականություն, հանձնեն քաղաքին, սակայն մերժվել են: «Մենք մի քանի տարի առաջ իմացանք, որ շենքը սեփականաշնորհել են: Մենք անտեղյակ ենք, թե ով, ինչպես, ինչ գումարներով է ձեռք բերել շենքը»,- ավելացրեց փոխքաղաքապետը: Բնակիչների պնդումներին, թե հյուրանոցի սեփականատերը Արամ Հարությունյանն է, Լ. Ավետյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ նա է, որովհետեւ ես ոչ մի փաստաթղթի տակ ոչ մեկի ստորագրությունը ոչ տեսել եմ, ոչ էլ նման անուն եմ կարդացել: Քանի որ համայնքով չի գնում, բնականաբար, մեր ձեռքին ոչ մի փաստաթուղթ չի կարող հայտնվել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենք իրավական հիմքեր չունեն հյուրանոցի բնակիչներին պաշտպանելու համար: Արտաշատ քաղաքի բյուջեն, ըստ քաղաքապետի տեղակալի, 248,50 մլն դրամ է, որով նույնիսկ մեկ մուտքանի շենք հնարավոր չէ կառուցել: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե հյուրանոցի տարածքում համալսարան է գործելու, ապա պրն Ավետյանը միանշանակ հայտարարեց, որ Արտաշատում համալսարան կա, եւ իրենց նման առաջարկությամբ դիմող չի եղել:

Մի խոսքով, փոխքաղաքապետի խոսքերից պետք է ենթադրել, որ հյուրանոցում ապրող անօթեւան ընտանիքները քաղաքապետարանի վրա չպետք է հույս դնեն: