Լավ դայակը պետք է նախ լավ մարդ լինի

17/09/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութականացված այս դարաշրջանում, երբ ժամանակը փող է, երիտասարդ կինը հասկանում է, որ եթե թեկուզ մեկ տարի չաշխատի, ապա հետո կարող է կորցնել իր աշխատանքը եւ հարմար աշխատանք չգտնել: Այսօր կանայք գերադասում են աշխատել ոչ միայն այն պատճառով, որպեսզի ամուսնուն օգնեն եւ ընտանեկան հոգսերը թեթեւացնեն, այլեւ չեն ցանկանում միայն տնային հոգսերով զբաղվել: Իսկ եթե ընտանիքում տատիկներն էլ են աշխատում, ապա երիտասարդ մայրերի միակ տարբերակը դայակն է (խոսքը մինչ մանկապարտեզային տարիքի երեխաների մասին է)։

Դայակի մասնագիտությունը, որ ձեւավորվել է դեռեւս դարեր առաջ, այսօր շատ արդիական մասնագիտություն է դարձել։ Մեզանում դայակ ընտրելիս երիտասարդները շատ հաճախ՝ վստահության խնդրից ելնելով, դիմում են ծանոթ-մտերիմներներին, հարեւաններին, հեռավոր ազգականներին: Քիչ չեն նաեւ այն մայրերը, ովքեր դայակ են փնտրում հատուկ գործակալությունների միջոցով։ «Գործատու-աշխատանք փնտրող» կապն այսօր շատ ընկերություններ են ապահովում, սակայն դրանցից ամենահայտնիները, թերեւս, «Տանջերն» ու «Careercenter»-ն են: Ծնողը կոնկրետ գումար է վճարում, իսկ գործակալությունը գտնում է դայակին։ Ի դեպ, նման ծառայություն մատուցելու համար երկու այս ծառայությունները տարբեր չափերի գումար են նշում: Օրինակ, նույն ծառայությունը «Տանջերը» մատուցում է 35 հազար դրամի դիմաց, իսկ «Careercenter»-ը՝ 19.600 դրամի։ Երկու ծառայություններից էլ տեղեկացրին, որ գումարը ծնողից գանձվում է միայն այն ժամանակ, երբ ծնողը գոհ է լինում դայակի ընտրությունից։

Գործազուրկ եմ, դայակ չդառնա՞մ

Չնայած այն բանին, որ այսօր Հայաստանում դայակների քանակն ու պահանջարկը զգալի աճել է, միեւնույն է, ցանկացած ծնողի համար շատ դժվար է աշխարհում իր ամենասիրելի մարդու՝ երեխայի համար դայակ գտնել։

Եթե ժամանակին դայակի մասնագիտությամբ զբաղվում էին այն մարդիկ, ովքեր կյանքի էին կոչվել հենց այդ գործը կատարելու համար (թագավորական պալատներում եւ այլն), ապա այսօր դայակ են աշխատում հիմնականում գործազուրկները՝ ովքեր իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն գտնում, կամ ովքեր թերի կրթություն ունեն, սակայն ընտանիքի հոգսերը ստիպում են փող վաստակել։ Տարբեր պատճառներով գործազուրկ դարձած այս մարդկանցից շատերը երջանիկ չեն այն մտքից, որ ստիպված են խնամել օտարների երեխաներին, պարզապես ապրուստի այլ միջոց չունեն։ Քիչ չեն այն դեպքերը, երբ այս զգացողությունը նրանց մոտ ագրեսիա եւ չարություն է առաջացնում, ինչը, դժբախտաբար, անդրադառնում է նրանց խնամքին հանձնված երեխաների վրա։ Այն վախը, որ դայակը կարող է ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառել երեխային, ծնողի մոտ ավելի է սրվում, երբ նա սարսափելի պատմություններ է լսում եւ նմանատիպ ֆիլմեր ու հաղորդումներ է դիտում դայակների մասին։

Ռուսական «Մոյա ժեստոկայա նյանյա» հաղորդումը դիտելուց հետո (հաղորդման ընթացքում ցուցադրում էին, թե ինչ դաժան կարող են լինել դայակները երեխաների նկատմամբ)՝ փորձում էի դայակ փնտրել երեխայիս համար։ Երիտասարդ մի կին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ինքը դայակի պատրաստման հատուկ դասընթացներ է անցել եւ փորձառու դայակ է (նրա տարիքը 35-ից ավելի չէր լինի)։ Այդ կինը, ասելով, թե իր որակական հատկանիշները շատ բարձր են, ամսական 100.000 դրամ պահանջեց (այն դեպքում, երբ դայակների մեծ մասն այսօր օրական ստանում է 1500-2000 դրամ: Իսկ այսպես կոչված՝ «էլիտար» դայակները, որոնք խնամում են պետական չինովնիկների ու օլիգարխների երեխաներին, մեկ օրվա համար ստանում են 5000 դրամ)։ «Որակական բարձր հատկանիշներ»-ով այդ դայակի հետ մեր ունեցած 5 րոպե հեռախոսազրույցը բավական էր հասկանալու համար, որ այդ «փորձառու դայակին» առհասարակ չի կարելի թույլ տալ մոտենալ երեխային։ Շուտ բռնկվող, չափից դուրս ինքնավստահ ու ժարգոնային բառապաշարով հարուստ այս կնոջից դժվար թե լավ բան սովորի նոր խոսել սովորող երեխան։ Հաջորդ օրը երեխայիս հետ այգում զբոսնելիս՝ դայակներից մեկը (այդ այգում գրեթե բոլոր բալիկները դայակների հետ են) պատմում էր, թե ինչպես իր ծանոթ x դայակը երեխային ծեծի էր ենթարկել միայն այն բանի համար, որ 2 տարեկան բալիկը հատակին էր կեղտոտել։ Մեկ այլ դայակ, որն այդ ընթացքում լսում էր այս պատմությունը եւ քննադատաբար գլուխն էր թափահարում, հանկարծ նյարդայնացած պտտվեց դեպի օրորոցի մեջ պառկած աղեկտուր լաց լինող փոքրիկն՝ ասելով` «Դե ձենդ կտրի, ապուշի մեկը»։ Ինչպես հետո ես պարզեցի` այս դայակները՝ եւ՛ x-ը, եւ՛ «բղավողը»՝ հատուկ դայակի դասընթացներ անցած դայակներ էին։ Հետաքրքիր էր իմանալ, թե երեխային ծեծելուց եւ անպատվելուց բացի, ի՞նչ են սովորեցնում այդ «հատուկ դպրոցներում»։ Պարզվեց, որ Հայաստանում նման դպրոց, համենայնդեպս գրանցված չկա (եթե հայտնվի մեկը, ով կապացուցի հակառակը, կլսենք մեծ սիրով)։ Պարզվեց նաեւ, որ մի ժամանակ Բաղրամյան 3/3 հասցեում գործել է «7 օր» անունով մի ընկերություն, որը նաեւ զբաղվել է դայակների պատրաստմամբ, սակայն ունեցել է ոչ ավելի, քան մեկ տարվա կյանք։ Ընկերությունը մինչ օրս էլ գործում է, սակայն դայակներ այլեւս չի պատրաստում։ Պատճառների մասին ընկերությունում չցանկացան խոսել։ Ծնողներից մեկի պատմելով՝ մեկ այլ կազմակերպություն էլ, որը հաշվապահական կուրսեր է իրականացրել, դրան զուգահեռ նաեւ պարապմունքներ է անցկացրել ապագա դայակների հետ։

Մայրերը շատ լավ հասկանում են, որ այդօրինակ դպրոցներն իրականում ոչ մի լուրջ բան իրենցից չեն կարող ներկայացնել, քանզի դրանցից եւ ոչ մեկում չեն կարող սովորեցնել դայակի համար ամենակարեւոր բանը՝ սիրել երեխաներին։ «Դայակն, առաջին հերթին, պետք է լինի լավ մարդ։ Նա պետք է ունենա ընտանիք եւ երեխաներ։ Այն մարդը, ով չգիտի՝ ինչ բան է երեխայի քաղցրությունը, երեխա պահել չի կարող։ Այս չափից դուրս պատասխանատու աշխատանքի համար էական նշանակություն ունի նաեւ դայակի տարիքը։ Երիտասարդ աղջիկները որքան էլ ուշադիր եւ հոգատար լինեն, չունեն այն համբերությունը, ինչը եւս շատ կարեւոր է երեխայի դաստիարակման համար»,- այսպես են կարծում մայրերից շատերը։

Ո՞վ էր Մերի Փոփինսը` երազելի դայա՞կ, թե՞ սատանա

Բոլոր ժամանակների լավագույն դայակ Մերի Փոփինսի պատմությունն այսօր լուրջ քննարկումների առարկա է դարձել: Ո՞վ էր այն կինը, ով ժամանակ առ ժամանակ անհայտ մի տեղից հայտնվում էր եւ կախված քամու ուղղությունից՝ անհետանում: Այս հերոսին ստեղծել է գրող Պամելա Տրեւերսը։ Նա ապրել է Չելսիի ոչ այնքան հայտնի թաղամասերից մեկում: Նա այդ թաղամասի մյուս բնակիչներից առանձնացել է իր յուրօրինակությամբ։ Այդ թաղամասի բոլոր բնակիչների տների դռները ներկված էին մոխրագույն եւ կապույտ ներկերով, եւ միայն Տրեւերսի դուռն է եղել վարդագույն։ Տրեւերսը բավական փակ մարդ է եղել, որի կյանքի մանրամասները ոչ ոք չգիտեր։ Հարեւաններից ոչ ոք չէր կարող գուշակել՝ երբ նա մտավ տուն եւ երբ դուրս եկավ տանից։ Եվ ահա մարդկային իր տեսակին մոտ՝ Մերի Փոփինս անունով հերոսին ստեղծեց Տրեւերսը։ Այս հեքիաթային կնոջ պատմությունն այնքան է գրավել մարդկանց, որ մարդիկ դայակ փնտրելիս երազում են Մերի Փոփինսի մասին: Իրականում Տրեւերսն այս գիրքը չէր նախատեսել երեխաների համար: 1982թ. The Paris Review ամսագրին տված հարցազրույցում գրքի հեղինակն ասել էր. «Իմ ուսուցիչը դզենն է, ես երկար ժամանակ զբաղվում եմ այդ ուսմունքով, իսկ այն ամենը, ինչ գրված է Մերի Փոփինսի մասին` դզենի պատմության էքստրակտն է եւ ամեն մարդ այնտեղ կարող է գտնել այն ամենն, ինչ ուզում է»:

«Կին, ով հասկանում է կենդանիների լեզուն, ում տանում եւ բերում է քամին, նրա պատրաստած դեղը երեխաներից մեկի կարծիքով` ելակի պաղպաղակ է, իսկ մյուսն այն նմանեցնում է բալի հյութին: Իսկ իրականում այն ռոմի պունշ է: Կին, ով երեխաների ձեռքը բռնած՝ նրանց կախարդական աշխարհ է տանում, ինչը մեծանալուն պես կջնջվի երեխաների հիշողությունից»: Որքան էլ տարօրինակ է, այսօր փորձագետներն այս ամենի մեջ միայն կախարդանք են տեսնում, իսկ հոգեւորականների մի խումբ այս ամենը համեմատում է սատանիզմի հետ, հատկապես, որ Տրեւերսի անձնական կյանքը շատ մութ է եղել: Սակայն եւ փորձագետները, եւ հոգեւորականները դադարեցրել են Մերի Փոփինսի կերպարի մասին ուսումնասիրությունները, ասելով, որ եզրահանգումը կարող է հիասթափեցնել երեխաներին, ում համար Մերի Փոփինսը եղել է եւ կա աշխարհի ամենալավ դայակը։