Ղարաբաղին ներդրում է պետք

17/09/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Սեպտեմբերի 14-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մի շարք տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներից բաղկացած պատվիրակությանը` ՌՀՄ 1-ին փոխնախագահ Ապետ Թափալցյանի գլխավորությամբ: Այս մասին մեզ տեղեկացրել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Ա.Թափալցյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է ԼՂՀ կրթական համակարգի աջակցությանն ուղղված ՌՀՄ ծրագրի ներկայիս ընթացքի, ինչպես նաեւ՝ Ստեփանակերտի նորաբաց արհեստագործական ուսումնարանին եւ հանրապետության գյուղական շրջանների մարզական կյանքին սատարելու` կազմակերպության մտադրությունների մասին: Արծարծվել է նաեւ ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների` Արցախում իրականացվող բարեգործական եւ ներդրումային ծրագրերին ներգրավելու խնդիրը: Հանդիպման ընթացքում նախագահ Ղուկասյանը կարեւորել է ՌԴ հայկական համայնքի եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդման գործում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետեւողական ջանքերը: Նույն օրը նախագահն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայկական համայնքի եւ առողջապահության համակարգի մի շարք ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը` Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ, նույն քաղաքի Ադվենտիստական հիվանդանոցի գործադիր խորհրդի անդամ Լերի Զարյանի գլխավորությամբ:

Ճանաչողական այցով Արցախ ժամանած հյուրերը հանդիպման ընթացքում արծարծել են ԼՂՀ առողջապահական համակարգի ներկայիս վիճակին, առկա պահանջներին եւ զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: Իբրեւ համակարգի առաջնային խնդիր` Ա.Ղուկասյանը կարեւորել է ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերման ու որակյալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը եւ կոչ արել հյուրերին` ուսումնասիրել նշված ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Տեղեկացնենք, որ Ռուսաստանի հայերի միության կողմից Ղարաբաղում այդքան էլ մեծ չափի ներդրումներ չի արվել, միայն տարիներ առաջ սառնարանային ձեռնարկություն է ստեղծվել: Եվ այդ սառնարանում պահվող ապրանքները վաճառվում են Ստեփանակերտի խանութներից մեկում:

Արցախյան պատերազմից հետո Արցախում սփյուռքահայ բարերարները եւ հայկական տարբեր կազմակերպություններ շատ բարեգործական ծրագրեր են իրականացրել: Ղարաբաղում մեծ ներդրում ունի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որը միշտ կանգնած է եղել ԼՂՀ իշխանությունների կողքին: Այս մասին օրերս նշել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ: ՀԲԸՄ անդամները ներդրում են ունեցել Գորիս-Ստեփանակերտ, Հյուսիս-հարավ ավտոճանապարհների կառուցման գործում: Լուիզ Մանուկյանի հովանավորությամբ վերակառուցվել է Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցը, կառուցվել՝ Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի, մեկ բազմաբնակարանային եւ շախմատի դպրոցի շենքերը: