«Իրականում այդ հրդեհի հարցը շատ թեթեւ հարց է: Ավելի կարեւոր է, որ Ադրբեջանն ուզում է հարցը մտցնել ՄԱԿ-ի ասպարեզ: Սակայն իրականում, եթե անդրադառնում ենք հրդեհներին, մենք էլ պետք է Նախիջեւանի հարցը (հուշարձանների, խաչքարերի եւ գերեզմանոցների հարցը) տանենք ՄԱԿ: Այլ կերպ ասած, եթե Ադրբեջանը փորձում է այդպիսի հարց առաջ բերել, ապա այս ամենը չպետք է սահմանափակվի միայն այն հարցերով, որոնք իրենք են ընտրում: Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ՄԱԿ-ում»,- «168 Ժամի» հետ զրույցում հայտարարել է Կովկասի, Ասիայի եւ արտաքին քաղաքականության հարցերով վաշինգտոնյան վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը:
– Պարոն Գիրագոսյան, հայկական կողմից հայտարարություններ եղան, թե եթե Ադրբեջանը փորձի Լեռնային Ղարաբաղի հետ կապված որեւէ հարց առաջ տանել ՄԱԿ-ում, ապա Հայաստանը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից: Նախորդ շաբաթ ՄԱԿ-ը ԼՂ շրջակա տարածքներում տեղի ունեցող հրդեհների մասին բանաձեւ ընդունեց: Ըստ ձեզ, ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները:
– ՄԱԿ-ում Ադրբեջանը Հայաստանի համեմատ չափազանց մեծ առավելություն ունի: Ադրբեջանը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղի հարցը ԵԱՀԿ-ից հեռացնել եւ բերել ՄԱԿ, եւ հրդեհների հետ կապված խնդրի ետեւում հենց դա է թաքնված: Պատճառը, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու այլ հայ պաշտոնյաներ, ներառյալ` ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, սպառնացել են դուրս գալ բանակցություններից կամ դադարեցնել բանակցությունները, այն է, որ նրանք կարծում են, որ բոլոր կողմերի եւ տարածաշրջանի անվտանգության համար ամենաօգտակարն այն է, որ ԵԱՀԿ-ն լինի այդ հարցով զբաղվող միակ եւ հիմնական կազմակերպությունը, մի միջազգային կազմակերպություն, որին տրվել է իրավունք` միջնորդելով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը, եւ նրանք իրավացիորեն հասկանում են, որ դեպի ՄԱԿ-ն ուղղված որեւէ փոփոխություն այս փուլում օգտակար չի լինի: Իրականում այդ հրդեհի հարցը շատ թեթեւ հարց է: Ավելի կարեւոր է, որ Ադրբեջանն ուզում է հարցը մտցնել ՄԱԿ-ի ասպարեզ: Սակայն իրականում, եթե անդրադառնում ենք հրդեհներին, մենք էլ պետք է Նախիջեւանի հարցը (հուշարձանների, խաչքարերի եւ գերեզմանոցների հարցը) տանենք ՄԱԿ: Այլ կերպ ասած, եթե Ադրբեջանը փորձում է այդպիսի հարց առաջ բերել, ապա այս ամենը չպետք է սահմանափակվի միայն այն հարցերով, որոնք իրենք են ընտրում: Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ՄԱԿ-ում:
– Ժամանակին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, թե 2006 թվին ԼՂ հարցը լուծելու համար «բաց պատուհան» կա, սակայն հիմա կարծեք թե արդեն նմանօրինակ հայտարարություններ են արվում 2007թ. մասին: Ըստ ձեզ, մոտ ապագայում ԼՂ հարցը լուծելու իրական հնարավորություն կա՞:
– Շատ հետաքրքիր հարց է: Եթե պատուհան կա, փակ է, թե բաց է՝ կարեւոր չէ, մանավանդ, ես կարծում եմ, որ Ադրբեջանն անպատրաստ է: Այսինքն՝ իրականում դա միջին կարեւորության քաղաքական հարց է՝ բաց պատուհան կա՞, թե՞ ոչ, ինչքա՞ն է այն բաց եւ այլն, իրական կարեւորությունը այն ցավալի իրողությունն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ հարցի որեւէ պոտենցիալ լուծման: Բացի այդ, հիմա սպասվում են ընտրություններ Հայաստանում, Ղարաբաղում, Ադրբեջանում եւ, որ ամենակարեւորն է, ԱՄՆ-ում: Այո, դրանք կազդեն խաղաղության գործընթացի վրա, բայց իրապես երեւացող կետը խաղաղության պայմանագրի մասին մտածելու Ադրբեջանի դժկամությունն է, եւ երկրորդ խնդիրը, որ մենք ունենք` գործընթացի մեջ իրական ու գլխավոր բեկում, կամ միգուցե նոր մոտեցում կլինի, եթե Լեռնային Ղարաբաղը ներգրավվի խաղաղության գործընթացի մեջ, եւ հենց դա է իմ մեսիջը Մեթյու Բրայզային եւ ԱՄՆ նորանշանակ դեսպանին, որպես հնարավոր, նոր կամ գուցե միակ փորձը այս պատային իրավիճակը վերացնելու:
– Իսկ հայկական կողմը պատրա՞ստ է:
– Անշուշտ, Հայաստանն արդեն պատրաստ է:
– Արդեն 2007-ին նախատեսվում է սկսել Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որի իրականացման դեպքում շատերի կարծիքով` Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից է՛լ ավելի կխորանա: Ո՞րն է ձեր կարծիքը, եւ Հայաստանն այս ծրագրին հակադրելու ի՞նչ ռեսուրսներ ունի:
– Բաքու-Ջեյհան նավթամուղը գրեթե նույնն է, այսինքն, եթե նայենք Կարսի այդ երկաթուղու հարցին, որն Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են առաջ մղել եւ փոխել տարածաշրջանի առեւտրային եւ տրանսպորտային բնական ճանապարհները, որը կլինի եւս մեկ միջոց Հայաստանին շրջանցելու եւ մեկուսացնելու համար, սա, իմ կարծիքով՝ միայն նպաստում է այս պատային իրավիճակի է՛լ ավելի խորացմանը եւ տարածաշրջանում անկայունության ավելացմանը: Խոհեմ կլինի, որ միջազգային հանրությունը` Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը եւ այլն, վստահեցնեն, որ հաղորդակցությունների զարգացման հաջորդ փուլն ընդգրկի ամբողջ տարածաշրջանը, նկատի ունեմ բոլոր երկրներին, եւ որեւէ մեկը դուրս չմնա: Առաջարկվող այս երկաթուղին ոչ միայն տնտեսապես անտրամաբանական է, քանի որ գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթուղին առեւտրային տեսանկյունից ավելի շահավետ է, այլեւ. գեոքաղաքական առումով սա նշանակում է, որ նրանք կընդունեն կամ պատրաստ են հանդուրժել առեւտրային միջոցների եւ ճանապարհների ավելի մեծ պառակտում:
– Ադրբեջանն ամեն տարի զգալիորեն ավելացնում է իր ռազմական բյուջեն: Ի՞նչ է սա նշանակում: Մենք մոտենո՞ւմ ենք պատերազմին, թե՞ հակառակը:
– Հստակ չէ: Ադրբեջանի պաշտպանության բյուջեն այս տարի 600 միլիոն դոլար էր, նրանք 100 միլիոն դոլար էլ ավելացրին մի քանի ամիս առաջ եւ նախատեսում են հասցնել մինչեւ մեկ միլիարդ դոլարի, բայց ամենակարեւորը փողը կամ դրա ավելացումը չէ, ամենակարեւորն այն է, թե որտե՞ղ է ծախսվում այդ գումարն Ադրբեջանում եւ ինչպե՞ս, որովհետեւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը եւ նրա զինված ուժերը թաղված են կոռուպցիայի մեջ, եւ դեռեւս ոչ մի նշան չկա, որ ցույց տա, որ նույնիսկ այս հսկայական ֆինանսական հատկացումներն օգտագործվում են կոռուպցիան մաքրելու կամ ռազմական կարողությունները զարգացնելու համար: Այնպես որ, ես կարծում եմ՝ դեռ ամեն ինչ հստակ չէ, չնայած կարծում եմ, որ հենց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը փոխարինվի, դա կնշանակի, որ կոռուպցիայի ժամանակն անցավ, եւ այդ ժամանակ ռազմական ճյուղն իսկապես կզարգանա Ադրբեջանում: Քանի դեռ Աբիեւը պաշտոնավարում է, դա նշանակում է` ավելի շատ կոռուպցիա եւ շատ քիչ իրական ռազմական զարգացում: Եվ սա` նաեւ այն պատճառով, որ Աբիեւն ամենաերկարակյաց պաշտպանության նախարարն է նախկին ԽՍՀՄ տարածքում ոչ թե տաղանդի, մրցունակության կամ արժանիքների համար, այլ միայն մեկ պատճառով. հնազանդություն Ալիեւի կլանի կոռուպցիային:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԼՂ հարցում իրադարձությունները զարգանան այնպես, որ հանգեցնեն իշխանափոխության, ինչպես շատերի կարծիքով դա եղավ 1998-ին: Եվ ընդհանրապես, ձեր կարծիքով՝ մինչ հերթական ընտրությունները Հայաստանում հեղափոխություն հնարավո՞ր է:
– Ոչ: Կարծում եմ, որ քաղաքական իրականությունը եւ նույնիսկ ռազմական իրավիճակները շատ տարբեր են: Հայաստանն անցել է այն տերպետրոսյանական ժամանակաշրջանը, երբ Ղարաբաղը բերելով որպես պատրվակ` հեղաշրջում տեղի ունեցավ, եւ Քոչարյանը եկավ իշխանության, կամ այլ կերպ ասած՝ միայն Ղարաբաղի հարցը չէր պատճառը, բայց այն օգտագործվեց այն ժամանակ: Մի հավատացեք, որ որեւէ հեղափոխություն կամ իշխանության փոփոխություն Հայաստանում տեղի կունենա Ղարաբաղի հարցի պատճառով: Ես կարծում եմ, որ ամենաճնշող պատճառը պետք է լինի Հայաստանում օրենքի երկիր կառուցելը եւ երազ թվացող ժողովրդավարության ձգտումը, եւ, եթե նայենք անկախության տասնհինգերորդ տարեդարձին… դա հրաշալի է, բայց դա միայն երազ է, որովհետեւ Հայաստանը դեռ ամբողջովին անկախ չէ եւ ղեկավարվում է այնպիսի մարմինների կողմից, որոնք չեն ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին կամ իրական ժողովրդավարության քաղաքական լեգիտիմությունը: