Սպանության գործը բացվո՞ւմ է

15/09/2006

Երեկ երեկոյան «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հաղորդեց, թե Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործում բացահայտումներ են եղել. «Մեր հեռուստաընկերությանը հասած հավաստի տեղեկությունների համաձայն, ձերբակալվել են գործին առնչվող կասկածյալներ։ Այդ փաստի շուրջ Գլխավոր դատախազությունում հրաժարվեցին մեկնաբանություններ տալ կամ անուններ նշել` դա պատճառաբանելով հետաքննության գաղտնիությամբ։ Այստեղ միայն հաստատեցին այն փաստը, որ, իրոք, Շահեն Հովասափյանի սպանության գործով ձերբակալվել են Հարկային ծառայության երկու աշխատակից։ Սակայն մեր հեռուստաընկերությանը հայտնի է դարձել, որ ձերբակալվածներից մեկը Հարկային պետական ծառայության 7-րդ բաժնի պետ Արմեն Վիրաբյանն է, որը նախկինում աշխատել է ոստիկանությունում։ Վերջինս հայտնի է եղել նաեւ «Շվարց» մականունով։ Նշենք, որ հիշյալ բաժինը զբաղվում է ներքին հետաքննություններով»։ Հեռուստաընկերությունը հայտնեց, որ իրավապահ մարմիններում հարցի առնչությամբ որեւէ այլ տեղեկատվություն հնարավոր չի եղել պարզել: Հիշեցնենք, որ Շահեն Հովասափյանը սպանվել էր սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 09:35-ի սահմաններում: Բայրոն փողոցի` Կոնսերվատորիային հարող հատվածում անհայտ անձինք հեռակառավարման սարքի միջոցով պայթեցրել էին նրա ծառայողական «ԳԱԶ 31-02» մակնիշի ավտոմեքենան: Շահեն Հովասափյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու որդին` Գրիգոր Հովասափյանը, մարմնական վնասվածքներ են ստացել: