«Մենք հաջորդ գումարման ԱԺ-ում մեծամասնություն դառնալու հավակնություն ունենք, դրա համար հիմա առաջարկում ենք ընդունել այն կանոնները, որով պետք է աշխատենք հաջորդ ԱԺ-ում,- երեկ «ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը։ -Մենք մեզ փորձում ենք հեռու պահել այն գայթակղությունից, որ եթե հանկարծ ժողովրդի քվեով մենք լինենք ԱԺ մեծամասնություն` կփորձենք օգտագործել մեր ընդդիմադիրների բերանը փակելու համար կանոնակարգով ընձեռած հնարավորությունները: Քավ լիցի, մենք ի սկզբանե հռչակում ենք այդ սկզբունքները: Ես իմ դրույթները հնչեցնում եմ որպես քաղաքական պատասխանատվություն կրող ուժ այն կառավարության համար, որը բացասական է գնահատել մեր կողմից ներկայացված փաստաթուղթը: Ըմբռնումով եմ մոտենում կառավարության տված գնահատականին. դա մեր կառավարությունն է, մենք ենք պատասխանատու կառավարության համար, երեւի լավ չենք ներկայացրել կառավարությանն այն տեսակետները, շարժառիթները, որը ստիպել է մեզ հանդես գալ այս փաստաթղթով»: