Պետք է վերսկսել բանակցությունները

15/09/2006

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Փարիզում երկուշաբթի եւ երեքշաբթի օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային, Բեռնար Ֆասյեին եւ Յուրի Մերզլյակովին: «Ազատություն» ռադիոկայանի տված հարցազրույցում նախարարը որոշ մանրամասներ է փոխանցել: «Համանախագահները հստակ խնդիր են դրել բանակցությունները վերսկսել»,- ասել է Վ. Օսկանյանը: Նրա խոսքերով՝ համանախագահները դեռ հավատում են, որ հնարավոր է մինչեւ այս տարվա վերջը կամ, ամենաուշը` մինչեւ մեր խորհրդարանական ընտրություններն ինչ-որ լրացուցիչ դրական տեղաշարժ արձանագրել, ինչի համար պետք է անպայման բանակցությունները վերսկսել: Վ. Օսկանյանը նշել է նաեւ, թե համանախագահներն աշխատում են, որպեսզի հնարավորինս շուտ կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: «Մյուս կողմից` լավ գիտակցում են, որ բավական խնդիրներ կան, խոչընդոտներ կան, որոնք պետք է հանել, վերացնել, որպեսզի կարողանանք առաջ գնալ: Այս երկու օրերի ընթացքում հիմնական շեշտադրումը դրա վրա էր»,- ասել է Օսկանյանը: Նրա փոխանցմամբ՝ հիմնական խնդիրները երկուսն են` հստակեցնել, թե որոնք են հիմնական խնդիրները սկզբունքների շուրջ փաստաթղթում, «որպեսզի կարողանանք դրանց վրա կենտրոնանալ», եւ երկրորդը` «այս բանակցությունների հունից շեղվելու խնդիրն է, որ Ադրբեջանն անընդհատ մեջտեղ է բերում` այլ ատյաններում ինչ-որ պրոցեսներ սկսելով»: «Նաեւ խոսք է գնացել`շատ նախնական, ժամկետների առումով, թե երբ է հնարավոր անցկացնել նախարարների միջեւ հաջորդ հանդիպումը,- ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով,- հաջորդ հնարավոր վայրը, որտեղ երկուսս էլ լինելու ենք, Նյու Յորքն է: Երկուսս էլ լինելու ենք այնտեղ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպումներին: Ես չեմ բացառում, որ, եթե համանախագահներն այդպես որոշեն, եւ մենք համաձայնենք, հնարավոր է Նյու Յորքում հանդիպում ունենալ: Բայց դեռեւս որեւէ կոնկրետիկա այս կապակցությամբ չկա»: Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության վերաբերյալ, թե հնարավոր է, որ նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը հանդիպեն Մինսկում ԱՊՀ գագաթաժողովի օրերին` գալիք հոկտեմբերի 17-ին, Վարդան Օսկանյանը ասել է, թե դեռ շատ վաղ է այդ մասին խոսելը: Նախարարի խոսքերով՝ նախագահների հանդիպման մասին կարելի է խոսել միայն արտգործնախարարների հանդիպումից հետո: «Նախագահների հանդիպումը պետք է տեղի ունենա միայն ու միայն այն դեպքում, երբ արդեն ավելի ռեալ հնարավորություններ լինեն` լրացուցիչ առաջընթաց արձանագրելու այդ գործընթացում»,- նշել է Վ. Օսկանյանը: Վերջինս հանդիպել է նաեւ Ֆրանսիայի իր պաշտոնակից Դուստ-Բլազիի հետ: «Մեր համատեղ մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց ու հրապարակվեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա ամբողջ ծրագիրը: Այն կսկսվի սեպտեմբերից Երեւանում` նախագահ Շիրակի այցելությամբ»,- ասել է ՀՀ արտգործնախարարը: Խոսելով նախագահ Ժակ Շիրակի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին, Օսկանյանն ասել է, թե ֆրանսիական կողմը շուտով կհրապարակի այցի պաշտոնական ժամկետները: «Այցն արդեն կազմակերպվում է, եւ մենք մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահին»,- նշել է Վ. Օսկանյանը՝ հավելելով, որ Շիրակի հետ Հայաստան կժամանի բավական բազմանդամ պատվիրակություն` գործարարներ, նախարարներ, արվեստի գործիչներ, լրագրողներ:

Ռ.Թ.