Երեւանի «Շտապօգնության» պարկում այլեւս չեն լինի «Երազ» եւ «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենաներ: Մինչեւ 2006թ. սեպտեմբերի վերջը Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի փոխադրամիջոցների թիվը կավելանա 6 հատ ռուսական արտադրության «Սոբոլ» մակնիշի ավտոմեքենաներով:
«Կունենանք ընդհանուր առմամբ 37 շտապօգնության մեքենաներ` 13-ը` «Սոբոլ», 23-ը` «Գազել», 1-ը` «Երազ» մակնիշի, որը հոգեկան խանգարում ունեցող հիվանդներին տեղափոխելու համար ենք թողել: Փոխադրամիջոցների քանակն արդեն իսկ բավարարում է, քանի որ ընդունված չափորոշիչների համաձայն, 30 հազար բնակչին բաժին է ընկնում 1 ավտոմեքենա: Սոբոլների մեկ տարվա շահագործումը ցույց է տալիս, որ դրանք մեր քաղաքի համար հարմար են, որովհետեւ փոքր են ու շարժունակ»,- ասում է ընկերության տնօրեն Ա. Պետրոսյանը: Նա նշեց նաեւ, որ շտապօգնության մեքենաների փոխադրումը Հայաստան դժվարացել է` Վերին Լարս ռուս-վրացական անցակետի փակվելու կապակցությամբ: Նախատեսվում է թարմացված ավտոմեքենաները Երեւան տեղափոխել Փոթի նավահանգստով:
«Սոբոլ» շտապօգնության մեքենաների ինքնարժեքն է 14.300 ԱՄՆ դոլար: Յուրաքանչյուր մեքենայի տեղափոխման ծախսը կկազմի միջինը 1000 դոլար: Ի դեպ, դեռեւս անցյալ տարի ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը Ավստրիա կատարած իր այցից հետո լրատվամիջոցներով իբրեւ իր կողմից արված գործ հայտարարեց, թե Ավստրիայից շուտով մոտ 1 տասնյակ գերմանական արտադրության շտապօգնության մեքենաներ է բերելու: Այդ մեքենաներն այդպես էլ տեղ չհասան: «Շտապօգնություն» ընկերությունում այդ մասին մամուլում Ա. Բաղդասարյանի այցի մասին հաղորդագրություններից ու հեռուստառեպորտաժներից էին իմացել, բայց ոչ մի մեքենա առայսօր չեն ստացել: «Շտապօգնություն» ընկերության տնօրենի կարծիքով, գերմանական արտադրության բոլորովին նոր ավտոմեքենաները շատ թանկ են, արժեն 70.000 եվրո` չհաշված փոխադրման ծախսերը, իսկ գործածությունից դուրս եկած «հնամաշները» ձեռնտու չեն, նրանք պիտանի կարող են լինել 10 տարուց ոչ ավելի:
Ն. Մ.