Երկուշաբթի օրվանից ԱԺ պատգամավորները փորձում են ընդունել իրենց աշխատանքները կարգավորելու մասին օրինագիծը, որը կոչվում է «ԱԺ կանոնակարգ», բայց չեն կարողանում: Բոլորն էլ ձեւացնում են, թե իրենք լավ չեն աշխատում, որովհետեւ իրենց նիստուկացի, միկրոֆոնին, ամբիոնին մոտենալու մասին օրենքը ճիշտ չի նախագծում այն «ուղեծիրը», որով իրենք պետք է մոտենան իրենց ուզածին:
Բայց ամենակարեւորը սա չէ. գրեթե բոլորը դժգոհ են, որ կառավարությունը չի ուզում, որպեսզի ԱԺ-ն պարտադրի Հանրային հեռուստաընկերությանը հեռարձակել ԱԺ «Խորհրդարանական ժամ» ծրագիրը, պատգամավորների հայտարարություններն ու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը, որի միջոցով, ըստ «Գործարար» խմբի ղեկավար Մեխակ Մխիթարյանի, ընտրողները տեսնում են իրենց պատգամավորի հայրենասիրական մղումները, եւ այն, թե ինչպես է իրենց պատգամավորը «տոգորվում» ժողովրդի պրոբլեմներով: Իսկ սա, ըստ նույն պատգամավոր Մխիթարյանի, ամեն պատգամավորի մոտ «ուրույն է լինում», որն էլ անպայման ընտրողները պետք է լսեն պատգամավորների դեմքերին նայելով:
Հիշեցնենք. որ «ԱԺ կանոնակարգ-օրենքի» երկու տարբերակ կա ԱԺ-ում. մեկը ներկայացվել է ԱԺ բոլոր խումբ-խմբակցությունների անունից, մյուսը` ՄԱԿ-ի: Իսկ կառավարությունը դեռեւս մարտ ամսին Դավիթ Հարությունյանի միջոցով ԱԺ-ին տեղեկացրել էր, որ կողմ է միասնական տարբերակին (երկու առարկություններով, որոնցից մեկը վերաբերում է Հ1-ով հեռարձակելուն), իսկ ՄԱԿ-ի տարբերակն այնքան անընդունելի է, որ դեմ են նույնիսկ դրա քննարկմանը: Չնայած մարտ ամսից մինչեւ սեպտեմբեր քաղաքական դաշտում, մասնավորապես` կոալիցիայում, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, ու ՄԱԿ-ը` փոխարինելով ՕԵԿ-ին, դարձել է կոալիցիայի մաս, սակայն դարձյալ ի նշան «սկզբունքայնության», երեկ կառավարության կողմից որեւէ մեկը չեկավ ԱԺ ու չմասնակցեց իր գործընկերոջ` ՄԱԿ-ի ներկայացրած նախագծի քննարկմանը:
Իսկ երեկվա քննարկումները, ինչպես հեգնելով նշում էին պատգամավորները, բավական ուսանելի կարող էին լինել քաղաքական դաշտում իր ուժերը փորձելու հավակնություն ունեցող Դավիթ Հարությունյանի համար: Առաջին` կիմանար, որ ԱԺ-ն, ինչպես ՄԱԿ քարտուղար Գրիգոր Ղոնջեյանն էր ասել նախօրեին, «տաղտկալի ու ձանձրալի տեղ է», իսկ պատգամավորներն էլ` ձանձրալի մարդիկ, ովքեր ասելիք ունեն, բայց ժամանակ չունեն ասելու համար գալ ԱԺ (զգուշացնենք, որ այս հայտարարությունները եղել են ԱԺ կանոնակարգի մասին նախագծի քննարկման ժամանակ): Իսկ երեկ էլ Հմայակ Հովհաննիսյանն, ի պատասխան Գ. Ղոնջեյանի, հայտարարեց, որ` ըստ արեւմտյան քաղաքագիտության ներկայացուցիչ Վեբերի, քաղաքական գործիչը պետք է ունենա աչքաչափ եւ կիրք: Եթե ունի աչքաչափ եւ կիրք, ապա, ըստ Վեբերի, որի հետ Հմայակ Հովհաննիսյանը ոչ միայն համաձայն է, այլեւ փորձում է ունենալ եւ կիրք, եւ աչքաչափ, նա իսկապես կարող է իրեն համարել կայացած քաղաքական գործիչ: Ավելի ուշ, երբ Հ. Հովհաննիսյանն ամբիոնից իջել էր, հետաքրքրվեցինք, թե կոնկրետ իրեն քաղաքականության մեջ աչքաչափն ու կիրքն ինչի՞ է պետք, նա` ակնհայտորեն չհասկանալով, թե քաղաքականության մեջ այդ երկուսն իր ինչին են պետք, նորից մեջբերեց Վեբերին. «Աչքաչափն արտացոլում է մարդու պրոֆեսիոնալ ունակությունները, կիրքը արտացոլում է նրա ունակությունը` խորամուխ լինելու մարդկանց հուզող պրոբլեմների մեջ»: Մեր հարցի պատասխանը ստանալու համար փորձեցինք հարցն այլ կերպ ձեւակերպել` դուք ունե՞ք քաղաքական այդ կիրքն ու աչքաչափը: «Դա պետք է ասի իմ ընտրողը, դուք, ովքեր հետեւում են քաղաքական իմ գործընթացներին: Քաղաքական կիրքը քաղաքական գործչի խարիզմայի առկայությունը կամ բացակայությունն է: Երբ ասում ենք, որ քաղաքական գործիչը պետք է ունենա քաղաքական կիրք, նկատի ունենք, որ պետք է ունենա այն խարիզման, որի մասին ամբողջ աշխարհում խոսում են»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը` չթվարկելով նաեւ այն մարդկանց անունները, ովքեր, ըստ նրա, ունեն քաղաքական գործիչ կոչվելու համար հույժ կարեւոր այդ երկու ատրիբուտները: Նա միայն վստահեցրեց, որ այդպիսի մարդկանց կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա:
Հենց այս ամենը նկատի ունենալով է Հ. Հովհաննիսյանը պնդում, որ ԱԺ-ն իր կանոնակարգում պետք է պարտադրի Հանրային հեռուստաընկերությանը հեռարձակել ԱԺ համապատասխան ելույթները, որպեսզի իր ընտրողը, ով միակն է, որ կարող է գնահատել իր գործունեությունը, տեսնի ու լսի իրեն ու իր ասածները: «Պետք է նախատեսենք պարտադիր հեռարձակում, իսկ դրանից հետո թող կառավարությունը, եթե գտնում է, որ դա հակասում է գործող Սահմանադրությանը` դիմի ՍԴ: Մենք որպես իշխանության ինքնուրույն ճյուղ` պետք է մեր գործն անենք: Իսկ կառավարությունը թող իր գործը կատարի»,- հայտարարեց Հ. Հովհաննիսյանը: Այլապես, ըստ պատգամավորի, ժողովրդից, ում իրավունքների 95 տոկոսն արդեն այս իշխանությունները վերցրել են, «խլելու» են նաեւ մնացած հինգ տոկոսը: «Բոլոր երգերը երգել են, մնացել է սարի սմբուլը: Որեւէ մեկը, բացի ընտրողից, իրավունք չունի պատգամավորին գնահատական տալ: Ռաֆիկ Պետրոսյանը, Տիգրան Թորոսյանն ինձ գնահատական տալու իրավունք չունեն: Ես կբերեմ ծաղկեպսակ կդնեմ ֆոյեում, նստացույց կանեմ, հացադուլ կանեմ դահլիճում, ԱԺ ամբիոնը կգրավեմ, թե ինչ` ոչ ոքի գործը չէ, ուստի չի էլ կարող գնահատել դա: Ես պատասխանատու եմ միմիայն ընտրողների առջեւ»,- ասում է Հ. Հովհաննիսյանը:
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Զաքարյանն էլ ի պատասխան այն առաջարկների, թե ԱԺ-ն կարող է Հ1-ից գնել հեռարձակման համար իր ժամերն, ասաց. «Տեղին է հիշեցնել, որ երբ Անդրեի երգի մասին այլ կարծիքներ էին հնչում, այդ խորհրդի անկախ տնօրենը (խոսքն Ալեքսան Հարությունյանի մասին է։ -Լ.Ս.) մշակույթի նախարարին ասաց` կարող եք գալ միտինգ անել այստեղ: Կամ` մեծամասնության խմբակցության ղեկավարին (նկատի ունի Գալուստ Սահակյանին:- Լ.Ս.) ասում էր` թող իր բիզնեսով զբաղվի, ինչի՞ է երգից խոսում: Այսինքն` վաղը, եթե այդ իմպերատիվ պահանջը չլինի, որ պետք է հեռարձակեն ԱԺ աշխատանքները, նույն խորհրդի նախագահը կարող է ասել` թող ԱԺ նախագահն` իր տեղակալներով, պատգամավորներով գան միտինգ անեն այստեղ: Եթե իմպերատիվ պահանջ չէ, ԱԺ-ն ո՞վ է»: Այնուհետեւ «Արդարության» ներկայացուցիչն առաջարկեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին` ԱԺ լրատվական ծառայությանը եթեր դուրս գալու թույլտվություն տալ, որը կհեռարձակվի Հ1-ով, իսկ գումարը Հ1-ին կտրվի պետբյուջեից հենց Հ1-ին փոխանցված գումարից: Իսկ «Արդարության» քարտուղար Գրիգոր Հարությունյանն էլ` ներկայացնելով խմբակցության տեսակետը` հայտարարեց, թե համոզված է, որ կանոնակարգում նման փոփոխություններ ընդգրկելը պայմանավորված է առաջիկա ԱԺ եւ նախագահական ընտրություններով. «Նախորդ ընտրություններից առաջ փակեցին «Ա1+»-ը, այս ընտրությունների նախօրյակին Ալեքսան Հարությունյանն իր հեղինակավոր կարծիքը ներկայացրեց` ասելով, թե ԱԺ 3 րոպեանոց հեռարձակումները չպետք է լինեն: Ինքն է որոշում, ինքն է տերն ու տիրակալը, իր, ասել էի, թե ում գրպանից է դնում այդ փողերը»,- ասաց նա:
Հ.Գ. Այսօր իրենց տեսակետները կներկայացնեն մնացած խումբ-խմբակցությունները: