Իմանալ-չհայտնելը նույնպես կրիմինալ է

14/09/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Քաղաքական դաշտում վերջին շրջանում սկսել է շրջանառվել նոր հասկացություն` «քաղաքական կրիմինալ» տերմինը: Այսօր ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանության մաս կազմող որոշ կուսակցություններ ներքաղաքական խնդիրների մասին խոսելիս ահազանգում են քաղաքական դաշտի քրեականացման մասին: Ու երբեմն` ուղղակի, երբեմն էլ` անուղղակիորեն մատնացույց են անում Հանրապետական կուսակցությանը:

ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ ինքը չի կիսում ՀՀԿ-ի հասցեին հնչեցված մեղադրանքները: «Հանրապետական կուսակցությանը չեն անդամագրվել մարդիկ, ովքեր նոր են դուրս եկել բանտից կամ քննչական մեկուսարանից: Դրանք մարդիկ են, ովքեր եղել են քաղաքական ասպարեզում: Դրանք մարդիկ են, որոնք միշտ եղել են Հանրապետականի հետ, եթե ՀՀԿ-ի անդամ էլ չեն եղել, ապա աջակցել են կուսակցությանը»,- գտնում է վարչապետը: Նրա կարծիքով, այս խոսակցություններն ընդամենը ՀՀԿ-ի դեմ իրականացվող հակաքարոզչություն է, որոնք, Ա. Մարգարյանի կարծիքով, սկիզբ առան ՀՀԿ վերջին համագումարից հետո, երբ այդ կուսակցությանն անդամակցեցին մի խումբ գործարար պատգամավորներ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը զարմանում է, որ քաղաքական հակակրիմինալի մասին խոսող ուժերը նույն անձնավորությունների հետ ծանոթ են եղել նաեւ նախկինում, սակայն մինչ այդ նրանց հասցեին որեւէ խոսք չեն ասել: «Բայց այդ խոսակցությունները ես չեմ վերցնում միայն ՀՀԿ-ի վրա: Ընդհանրապես քաղաքական ուժերի նկատմամբ սկսել է մի տեսակ հետապնդում` այն գործիչների ու քաղաքական ուժերի կողմից, ովքեր այս ընթացքում չեն կայացել եւ հույս էլ չունեմ, որ ապագայում կկայանան»,- ասաց Ա. Մարգարյանը:

Նկատենք, որ կրիմինալի մասին խոսելիս «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը հայտարարել էր, թե շատ շուտով հրապարակելու է այդ անձնավորությունների վերաբերյալ ունեցած կոմպրոմատները: «Ինչո՞ւ եք ինձ դիմում, դիմեք իրեն` թե ինչի՞ չի տպում: Եթե կտպի, կքննարկենք տեսնենք` ո՞ւմ մասին՝ ինչպիսի՞ մանրամասնություններ է ներկայացնում: Իմ կարծիքով, եթե ինքը փաստեր ունի եւ դատախազություն չի ներկայացրել, նշանակում է` հանցագործություն է պարտակել, ինքն էլ է որոշակի կրիմինալի հոդվածի տակ ընկնում»,- Գառնիկ Մարգարյանի խոստացած «մերկացումների» մասին ասաց Անդրանիկ Մարգարյանը: Ի դեպ, բացի Գ. Մարգարյանից, կրիմինալի մասին հայտարարություններով հանդես եկավ նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով, առանց անուններ տալու, նախարարներից ոմանց մի շարք մեղադրանքներ առաջադրեց: «Նորից եմ ասում` եթե մեղադրանք ունեն, ապա պետք է առարկայական լինի: Տղամա՞րդ են, ինչպես իրենք են ասում, թող անուն տան, ազգանուն տան եւ հստակ մեղադրանք, թե ո՞ր արարքի համար են մեղադրում: Թե չէ՝ ընդհանուր, ամբողջ Հայաստանով մեկ բոլորին կարող են մեղադրել»,- հայտարարեց Ա. Մարգարյանը:

Անդրադառնալով վերջին ամիսներին պարբերաբար կրկնվող սպանություններին, ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ դրա մեջ արտառոց ոչ մի բան չկա, քանի որ նախկինում եւս եղել են այդօրինակ դեպքեր: Այնպես որ, վերջին 3 ամսվա ընթացքում տեղի ունեցած 5 աղմկահարույց սպանությունը չի կարող պատճառ հանդիսանալ, որ վարչապետն աշխատանքից ազատի ոստիկանապետին: «Դրա՞ համար: Ոչ, այդ խնդիրը դրված չէ»,- լրագրողների հարցին ի պատասխան` հայտարարեց նա: «Լավ, ժողովուրդ, ոնց որ օտար երկրից եկել՝ դեսանտ եք իջել, եւ սկսում եք, այն ցուցումները, որ Ձեզ որոշակի շտաբում տվել են, տեսնեք` համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Ասում եք՝ կրիմինալի ամենաթողություն: Երբ որ մենք համեմատում ենք մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, հինգ տարի առաջ եղած իրավիճակի հետ, կտրուկ փոփոխություն չեմ տեսնում»,- հայտարարեց նա: Ըստ վարչապետի` Շահեն Հովասափյանի սպանությունը շատ ցավալի դեպք է: Եվ այն պետք է իրավապահ մարմինների ու պաշտոնատար անձանց մոտ որոշ հետեւությունների տեղիք տա` «իրենց գործողություններով, իրենց պաշտպանությունը հոգալով, անվտանգությունն ապահովելու համար»: «Իսկ ո՞վ է ասում, որ Շահենի սպանությունը շարքային սպանություն է: Սա պետական ծառայողի, ու միաժամանակ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված հանցագործություն է: Բայց այնպես չէ, որ եթե հանցագործություն է կատարվում, ուրեմն ամբողջ երկիրը քրեականացվել է»,- պնդեց պարոն Մարգարյանը:

Ըստ մամուլի հրապարակումների` ԱՄՆ դեսպանատունը ՀՀ Կառավարությանն է ուղարկել կոռուպցիայի մասին վկայող նյութեր: Խոսքը «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության մասին է: Ինչպես հիշում եք, մամուլում լուրեր տարածվեցին, թե ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը կաշառք է պահանջել այդ ընկերությունից, եւ, թե դրա ձայնագրությունը ՀՀ-ում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ջ. Էվանսը հանձնել է ՀՀ նախագահին: Ջ. Էվանսը հերքեց տեսագրություն փոխանցելու մասին լուրերը: Երեկ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը լրագրողների՝ այդ մասին հարցի առնչությամբ ասաց. «Վարչապետին կից Գործարարների խորհրդում այդ հարցը քննարկվել է, այն փաստերը, որ իրենք տվել են, մեր կարծիքով` չի համապատասխանում իրականությանը եւ մենք նրանց առաջարկել ենք՝ եթե չեք հավատում մեզ, խնդիրներ ունեք, ապա դիմեք դատարանին: Կես տարի է, ինչ ես իրենց ասել եմ՝ դիմեք դատարան, եւ այդ հարցերը տնտեսվարող սուբյեկտի եւ կառավարության միջեւ եղած վեճն է»,- ասաց Անդրանիկ Մարգարյանը: