Հոգլանդին մերժեցին

14/09/2006

Նախօրեին ԱՄՆ Սենատի անդամ Ռոբերտ Մենենդեսը սառեցրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վավերացման գործընթացը: ԱՄՆ-ում սենատորներն իրավունք ունեն արգելափակել լիագումար նիստերի քվեարկությունները, ինչն էլ արել է սենատոր Մենենդեսը՝ բողոքելով Հայոց ցեղասպանության հարցում նախագահ Բուշի վարչակազմի որդեգրած քաղաքականությունից: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ձայների 13:5 հարաբերակցությամբ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը` որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան: Թվում էր, թե Հոգլանդի նշանակման հարցն արդեն զուտ ժամանակի խնդիր է, սակայն, փաստորեն, ի հայտ են եկել նոր խոչընդոտներ: Սենատոր Ռ. Մենենդեսն իր վերոնշյալ քայլը բացատրել է հետեւյալ կերպ. «Հայտնի է, որ ավելի քան 90 տարի առաջ Օսմանյան Կայսրությունը հալածանքների ենթարկեց ու սպանեց մեկ ու կես միլիոն հայերի:1915-1923 թվականներին անմեղ մարդիկ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, սպանվեցին կամ էլ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը՝ ապրելով օտարության մեջ: Եվ չնայած այն բոլոր հալածանքներին, որ հայ ժողովուրդը կրեց վերջին 100 տարիներին, շատերը, այդ թվում` մեր երկրի նախագահը, խուսափում են տեղի ունեցած ոճրագործությունը բնութագրել որպես ցեղասպանություն»: Իսկ ահա ՀՀ-ում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ջոն Էվանսի պաշտոնանկությունը սենատորը որակում է հակասական: Բացի այդ, ըստ սենատորի, Հոգլանդի նշանակումը կարող է հետընթաց քայլ լինել, որը չի բխի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ սփյուռքի շահերից: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է սենատոր Մենենդեսի նախաձեռնությունը: Ու թեեւ սենատորն իր քայլը մեկնաբանել է որպես Հայոց ցեղասպանության հարցում նախագահ Բուշի վարչակազմի որդեգրած քաղաքականությունից դժգոհելու ձեւ, սակայն շատերի դիտարկմամբ՝ սենատորի վերոնշյալ նախաձեռնությունն ավելի շատ պայմանավորված է այս տարվա նոյեմբերին կայանալիք Սենատի ընտրություններով, որին պատրաստվում է մասնակցել Մենենդեսը:

Հ. Գ.
Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում կհանդիպի Ջ. Բուշին: