Որ Հայաստանի արդարադատության համակարգն՝ իր դատական երեք ատյանով, կարելի է կոչել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունով, վաղուց արդեն կասկած չի հարուցում։ Մեղադրողները դատարաններում ոչ թե մեղադրանքն են պաշտպանում, այլ՝ դատարանին… մեղադրյալից։ Եվ այդ պատճառով «հանդիսատեսը» կորցնում է զարմանալու ունակությունը, իսկ լրագրողներն այդ խիստ մարդկային հատկությունը վերականգնելու նպատակով շարունակում են զուգահեռների վրա դնել այս կամ այն դատավարությունները։
Վերջին առիթը «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի դատավարությունն էր։ Այն հաճախ են համեմատում նախագահի թիկնապահ Կուկուի դատավարության հետ եւ հիասթափվում անարդարությունից։
Մեղադրյալը, որ «անզգույշ քաշքշելով» մարդ էր սպանել, նախագահի թիկնապահներից մեկն էր։ Մյուս թիկնապահները, բնականաբար, չէին ցանկանալու, որ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում «փոքրիկ հանցանք» գործած իրենց կոլեգան դատապարտվի ըստ արժանվույն, եւ դրանով նախադեպ ստեղծվի։ Նրանք հայտարարություններ չէին անում ու չէին տպագրում մամուլում, բայց իրենց շեֆերին ակնարկում էին, որ դա կարող է խոցելի դարձնել երկրի առաջին դեմքի անվտանգությունը։
Եթե մի կողմ դնենք բարոյական չափանիշները, սա շատ բնական ու տրամաբանական է։ Թիկնապահներից մեկի ազատազրկման պատկառելի ժամկետը տեսնելով՝ մյուսներն արդեն այնաստիճան անտարբեր պիտի լինեին, որ ուզած մարդ կարող էր մոտենալ նախագահին ու մոտիկից՝ աչքերի մեջ նայելով, պատմել, օրինակ, դատական համակարգում տիրող անարդարության մասին, փոխանցել անօրինական դատավճռի պատճենը, տալ կաշառք պահանջող պաշտոնյայի անունը եւ այլն։
Ուրեմն՝ բարոյական չափանիշները մի կողմ դնելով, տեսնում ենք, որ այս դեպքում մեկը մեկին համընկնում են նախագահի եւ թիկնազորի շահերը։ Նախագահն ուզում է պաշտպանված լինել։ Թիկնազորը նույնպես ուզում է պաշտպանված լինել։ Պաշտպանված լինել են ուզում նաեւ օրինապահ եւ իրավապահ համակարգերը։ Պաշտպանվածության կարիք ունի այն աներեւույթ պաշտոնյան, ումից նախագահին մոտենալու հնարավորություն ունեցող մեկը պիտի բողոքեր։ Հանուն այս ամենի զոհաբերվել են օրենքը, իրավունքն ու բարոյականությունը։
Հիմա ընդդիմադիր թերթի խմբագրի դատավարությունը համեմատում ենք Կուկուի դեպքի հետ՝ չիմանալով անգամ, ո՞րն է դրանց նմանությունը։
Նմանությունն արձագանքն է։ Մեր եղբայրության մեջ գլխավոր խմբագիր դատելու նախադեպ է ստեղծվում, եւ դա մեզ մոտ առաջացնում է անպաշտպանվածության զգացում։ Մենք համախմբվում ենք, հանուն խոսքի ազատության հայտարարություններ անում եւ վաստակում մեր գործընկերոջ պատժաժամկետը՝ չորս տարի ազատազրկում։
Առհասարակ ինչո՞ւ են դատարաններն ազատազրկման վճիռ կայացնում։ Կան դեպքեր, երբ հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից, որպեսզի չկրկնի հանցանքը։ Սա հասկանալի է։ Կան դեպքեր, երբ հանցագործը պետք է մեկուսացվի, որպեսզի դատաստանի չենթարկվի տուժողների հարազատների կողմից։ Սա եւս հասկանալի է։
«Ժամանակ Երեւանի» գլխավոր խմբագրի դեպքում երկուսն էլ չի գործում։ Արման Բաբաջանյանը չի կարող կրկնել իր հանցանքը՝ այսինքն չի կարող եւս մեկ անգամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով խուսափել զինվորական ծառայությունից։ Ըստ մեղադրողի՝ տուժողը Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է, որը մի որոշակի ժամանակահատվածում մեկ միավոր զինվոր է կորցրել։ Այս տուժողը չի կարող մի օր Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում պատահաբար հանդիպել մեղադրյալին եւ սպանել նրան։ Ուրեմն ինչո՞ւ են ազատազրկում մի մարդու, ով, գոնե նկարից ու խոսքից դատելով, հանցագործի հատկանիշներ չունի։ Ազատազրկում են, որպեսզի չշարունակի գլխավոր խմբագիր աշխատել։
Լրագրողական մեր հանրության արձագանքը թիկնազորի ինքնապաշտպանական բնազդից պիտի տարբերվեր հենց բարոյական չափանիշներով։ Մենք վաղուց արդեն պետք է ունենայինք արձագանքման մի մեխանիզմ, որը չի գործում «Կլանն` ընդդեմ կլանի» սկզբունքով, այլ քննարկում է լրագրողների անխոցելիությանը վերաբերող հարցեր։
Եթե մենք ցույց տայինք, որ լրագրողական հանրությունը մերժում է օրենքի որեւէ խախտում՝ լինի դա բանակից ազատվելու համար թե պետավտոտեսչության ձեռքից էժան պրծնելու, արդարադատության համակարգը, ում անունով էլ կոչվելիս լիներ, պարտված կզգար իրեն եւ քաղաքացի Արման Բաբաջանյանի արարքը գուցե դիտարկեր արտասահմանում սովորելու համար բանակում չծառայելու համատեքստում եւ պայմանական տալով` ազատ կարձակեր նրան հենց դատարանի դահլիճից։
Իսկ հիմա գլխավոր խմբագիրը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, եւ այդ դատավճիռը նաեւ մերն է։