Ասում են, որ մենք` հայերս, շատ ընդունակ ազգ ենք եւ ամեն ինչ շատ արագ ենք սովորում կամ ընդօրինակում: Մենք առաջինն ենք, որ ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն, մենք առաջիններից մեկն էինք, որ 20-րդ դարի վերջին մեր լուման ներդրեցինք աշխարհի նոր վերաձեւման գործում:
Մենք, որ օլիմպիական չեմպիոն թագավոր ունեինք, այսօրվա չեմպիոնների նախնիները դեռ ծառերից չէին իջել, եւ վերջապես, երբ մենք «Մետաքսի ճանապարհի» խաչմերուկներում բիզնես էինք անում, Մարկո Պոլոն ոչ երեւանյան «մոդայիկ» կաֆե էր, ոչ էլ հանրահայտ ֆիրմա: Նա ընդամենը ճանապարհորդ էր: Ի դեպ, մեր նորահայտ «բիզմեսմենների» շրջանում տարբեր տարիներին տարբեր բիզնեսներ են եղել մոդայիկ: Սկզբից սեղանիկներն էին, հետո` դեղատները, հետո` կազինոները, ավելի ուշ` լոտոն: Վերջին շրջանում բոլորը սկսեցին հեռուստատեսություն կամ ռադիո բացել: Եվ քանի որ Հայաստանում բիզնեսը վաղուց սերտաճել է քաղաքականությանը, ապա մենք չենք կարող շրջանցել մոդայի թեման քաղաքականության մեջ: Եվ այսպես, ի՞նչն է մոդայիկ մեր քաղաքական դաշտում, եւ ո՞վ է թելադրում այդ մոդան: Արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանի քաղաքական, լրատվական եւ հասարակական լեքսիկոնի ամենամոդայիկ բառը «կրիմինալն» է: Սակայն մինչ կրիմինալի մասին խոսելը եկեք փորձենք անդրադառնալ մեր պատմության էջերի ոչ հեռու անցյալին:
Բնական է, որ անկախության առաջին տարիներին շատ մոդայիկ էին «լիբերալիզմ», «սեփականաշնորհում», «բազմակուսակցականություն» եւ «ազատ շուկայական հարաբերություններ» (այսօր այս վերջին բառակապակցությունը Հայաստանում որպես անեկդոտ է ընկալվում) այն ժամանակ` դեռ շատերին անծանոթ, սակայն շատ գեղեցիկ արտահայտությունները: Ավելի ուշ ներմուծվեց «մեր դեմ խաղ չկա», «չորով», «Ով ուզում է ընտրված լինի, միեւնույն է, Նախագահը Լեւոնն է» արտահայտությունները: Համաձայնեք, արդեն կրիմինալի հոտ է գալիս: Հետո իհարկե, մոդայի համար սկսեցին օգտագործել «ժողովրդավարություն», PR, «ազատ, արդար, թափանցիկ» եւ էլի մի քանի նմանատիպ «թիթիզ» արտահայտություններ: Սակայն կրիմինալի թափանիվն արդեն «խոդի էր գցած»: Հարցը միայն մասշտաբների մեջ էր: Կարծում եմ, որ կրիմինալ տարրեր կան բոլոր կուսակցություններում, հենց միայն այն պատճառով, որ այդ կուսակցությունների անդամները մի օրում չծնվեցին, եւ նրանց մեջ կային կոմունիստական ժամանակաշրջանի տարատեսակ «պահեստակերներ» ու «օբէխէշնիկներ», «ռայկոմի» քարտուղարներ ու «նստած-հելած տղեք», որոնք դեռ այն ժամանակ առանձնապես սրբությամբ չէին տառապում:
Վերադառնանք մեր օրերին եւ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է այդ կրիմինալ կոչվածն իրականում: Կարծում եմ, որ կրիմինալ է համարվում յուրաքանչյուր ոք, ով պատրաստ է շրջանցել օրենքները, այսինքն` ապրում է իր կամ իր նմանների գրած օրենքներով: Եվ ոչ ոք չի ասել, որ, օրինակ, ընտրակաշառք բաժանելը (լինի դա փող, աթար թե ձեթ) կրիմինալ չէ: Ոչ ոք չի ասել, որ բանակից կեղծ փաստաթղթերով ազատվելը կրիմինալ է, իսկ «պապայի բալեքի» կեղծ ծառայելը կրիմինալ չէ: Ոչ ոք չի ասել, որ օրը ցերեկով Երեւանի փողոցներում մարդ սպանելը կրիմինալ է, իսկ մարդասպաններին չբացահայտելը կրիմինալ չէ: Ոչ ոք չի ասել, որ կաշառք վերցնելը կրիմինալ է, իսկ հարկերը «չորով» չմուծելը կրիմինալ չէ: Եվ վերջապես դեռ մեծ հարց է` դոլարով առեւտուր անե՞լն է կրիմինալ, թե՞ դոլարի կուրսի հետ խաղալը: Այնպես որ, ինչպես կասեր ռուս բանաստեղծ Վ.Մայակովսկին. «Թրպ Վօ վպՎվՏչՏ սՏՔՈՊՌ» (վերջին արտահայտությունը վերաբերում է ողջ հայությանը, եւ ամենեւին էլ «նամեկատ» չի հայկական լեռնաշխարհի որոշ բնակավայրերի ներկայացուցիչներին):
Իսկ ո՞վ է թելադրում բառերի ու երեւույթների այդ «մոդան»: Նախ, եթե հիշենք, որ նորաձեւության մայրաքաղաքը Փարիզն է, եւ հաշվի առնելով Ժակ Շիրակի ապագա այցը Հայաստան` կարելի է ենթադրել, որ թելադրողը Ֆրանսիան է: Բայց կարծում եմ, որ այսօր հիմնական թելադրողները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են (ինչն ամենեւին չի բացառում նույն Ֆրանսիային եւ Իրանին): Քաղաքական այս «կուծյուրեները» բավականին գեղեցիկ «կոստյումներ» եւ կոշիկներ են կարել մերոնց համար: Սակայն այդ շորերն ու կոշիկները կարող են եւ լավ «չնստել» մեր «գեղցիների» վրա: Որովհետեւ մերոնք չտեսի նման կսկսեն հարձակվել այդ զգեստների վրա, առանց հասկանալու` սազո՞ւմ են այդ շորերն իրենց, մե՞ծ են, թե՞ փոքր: Բայց նույնիսկ այս պարագայում ես ոչ մեկին չեմ մեղադրում, բացի հայերից: Որովհետեւ նախ ամեն մեկն իր շահն է հետապնդում, եւ ամերիկացիներին, ռուսներին կամ ֆրանսիացիներին մեղադրել, թե նրանք իրենց սեփական շահն են հետապնդում՝ առնվազն հիմարություն է: Թող մերոնք էլ մեր շահը պաշտպանեն: Իսկ դրա համար առնվազն երկու պայման է պետք` առիթ չտանք, որպեսզի ուրիշները մեր «աչքը կոխեն» մեր «կեղտերը»՝ մինիմալի հասցնելով կրիմինալը, եւ ավելի շատ մտածենք ժողովրդի «դաբրոյի» մասին, քան գերտերությունների:
Հասկանում եմ, որ շատ-շատերն այս պահին ինձ «ուտոպիստ» կհամարեն: Մեր քաղաքական գործիչների համար ուզում եմ ասել, որ «ուտոպիստը» իրենց հասկանալի լեզվով նշանակում է «հարիֆ»: Բայց ես լավատես եմ եւ համոզված եմ, որ այսօր ինձ «հարիֆ» համարողները, վաղը չգիտես որտե՞ղ եւ ի՞նչ կարգավիճակում կլինեն, իսկ մեր քաղաքական դաշտը վերջապես կմաքրվի եւ կրիմինալից, եւ արկածախնդիրներից: