ԿԲ-ում է՞լ են հրապարակավ խոսում

14/09/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Օրերս ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում տեղադրված էր ԿԲ աշխատակից Միռա Մուրադյանի «Դրամի արժեւորումն ու դրամական փոխանցումները կամ ո՞ւմ համար եւ որքանո՞վ է թանկանում կյանքը» վերնագրով հոդվածը: Այս փաստն ինքնին հետաքրքիր է, քանզի ԿԲ-ի ղեկավարությունն արդեն սկսել է «թույլ տալ» իր աշխատակիցներին պաշտոնապես հրապարակել այս կամ այն տնտեսական երեւույթի շուրջ իրենց մասնագիտական եւ անձնական տեսակետները: Թեեւ պետք է նշել, որ յուրաքանչյուր գերատեսչության մասնագետի կարծիքի մեջ սուբյեկտիվության տարրն, այնուամենայնիվ, անխուսափելի է:

Մ. Մուրադյանն իր հոդվածի սկզբնական մասում անդրադարձել է բնակչության գնողունակության վրա դրամի արժեւորման դրական հետեւանքներին: Հեղինակը նշում է, որ դրամի արժեզրկման հետեւանքով ներմուծվող եւ հայրենական ապրանքների (քանի որ վերջիններս իրենց արտադրությունում ներմուծվող բաղադրիչներ են օգտագործում) գները կաճեին: Սակայն, Մ. Մուրադյանը ճշմարտացիորեն նշում է «արգելանիվի էֆեկտ» կոչեցյալի մասին՝ այն, որ դրամի արժեւորման պայմաններում վերջինս խոչընդոտում է ներմուծվող ապրանքների գների համաչափ նվազմանը: Ու թեեւ ԿԲ աշխատակիցը նշել է, որ այնուամենայնիվ այդ ապրանքների գների աճը «զսպվում է» դոլարի փոխարժեքի անկման միջոցով, միեւնույն է` վերջինս ներմուծվող ապրանքների գնողունակության վրա էական դրական ազդեցություն չի թողնում: Մ. Մուրադյանի կարծիքով, դրամի արժեւորման շնորհիվ արտասահմանում ՀՀ քաղաքացիների գնողունակությունը կաճի: Բայց դա դժվար թե դրական ազդեցություն թողնի բնակչության բարեկեցության վրա, քանզի արտասահմանում ծախսում են միայն «բարեկեցիկները»: Այսքանով ԿԲ աշխատակիցն ավարտում է դրամի արժեւորման դրական հետեւանքների շարադրումն ու անդրադառնում է բոլորիս հայտնի բացասական հետեւանքներին: Ներկայացնելով վիճակագրական տվյալները` Մ. Մուրադյանը եզրակացրել է, որ 1.7%-ից մինչեւ 6.2%-ով արժեզրկված տրանսֆերտների բացարձակ մեծությունն աճել է 24%-ով: «Անշուշտ, դրանք միայն թվեր են, որոնց ետեւում կանգնած են բազմաթիվ պատմություններ՝ պարզ, մարդկային, հաճախ զգացմունքային, երբեմն հակասական: Թվերն անշուշտ չեն արտացոլում կյանքի ողջ բազմազանությունը, սակայն հենց թվերն են թույլ տալիս միավորել ամենատարբեր պատմություններն ու իրավիճակները, բացահայտել դրանք միավորող հատկանիշները եւ այդպիսով տեսնել իրավիճակն ընդհանրապես՝ որպես մի ամբողջություն»,- եզրակացրել է մասնագետը: