Ընդդիմությունը հերթական անգամ հանդես է եկել նախաձեռնությամբ, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Խոսքը հակակրիմինալ շարժման մասին է։ Ամբողջ խնդիրն այն է, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կրիմինալի դեմ պայքարելու ոչ լծակներ ունեն, ոչ ռեսուրսներ։ Եվ ընդհանրապես, մեր մեջ ասած, դա նրանց ֆունկցիան չէ։ Իհարկե, «հակակրիմինալ շարժում» անվանումն ինքնին գեղեցիկ է հնչում, եւ այդ թեմայով ելույթները կարող են շատ տպավորիչ լինել, բայց ամեն դեպքում` կրիմինալի դեմ պայքարն իրավապահ մարմինների ֆունկցիան է։ Պետությունը դրա համար հատկացնում է անհրաժեշտ միջոցներ, տալիս է զենք, այն օգտագործելու իրավունք, բանտեր է կառուցում, եւ այլն։ Եվ եթե այդքանից հետո իրավապահները չեն պայքարում կրիմինալի դեմ, իսկ իշխանությունները հանդուրժում են իրավապահների անգործությունը, ուրեմն ընդդիմությունը պետք է պայքարի հենց իշխանությունների դեմ։ Մի խոսքով, թիրախը դարձյալ սխալ է ընտրված։
Բացի այդ էլ, ինքնախաբեություն է ընդդիմադիրների այն լավատեսությունը, թե ահա հասարակությունը համախմբվելու եւ պայքարելու է կրիմինալի դեմ։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում։ Ժողովուրդը պիտի մարտական ջոկատներ կազմի, զինվի, ասենք, երկաթյա խողովակներով, շրջի Երեւանի փողոցներում եւ ջարդի՞ կարմիր լույսի տակով անցնող ջիպերը։ Այդպես չի լինելու։ Եվ ընդհանրապես` մեր հասարակությունը վաղուց համակերպվել է այն մտքի հետ, որ օրենքները զուտ ձեւական են, եւ կարեւորը «ճիշտն է»։ Հիշո՞ւմ եք, երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը նախագահի թեկնածու առաջադրվելու համար ԺԷԿ-ի տեղեկանք ներկայացրեց, համաձայն որի` ինքը վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Նույնիսկ հասցեն էր նշված` ինչ-որ տեղ Աջափնյակ համայնքում։ Բոլորն, իհարկե, գիտեին, որ իրականում վերջին տասը տարիներին նա Հայաստանում չի բնակվել, բայց այդ հարցը հասարակությանն առանձնապես չհուզեց։ Մեծ մասը մտածում էր այսպես. «Էդ հեչ, կարեւորը` լավ նախագահ լինի»։ Ի դեպ, այսօր կրիմինալի դեմ պայքարի հայտ ներկայացրած քաղաքական ուժերն էլ այն ժամանակ առանձնապես «շատ չխորացան»։ Մինչդեռ առանձնապես շատ խելք ունենալ պետք չէր` հասկանալու համար, որ, եթե մի երկրում առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ «ճշտով», այդ երկրում միշտ էլ քաղաքական ու տնտեսական հարցերը «ռազբորկաներով» են լուծվելու, եւ ճիշտ ու սխալ որոշելու ընթացքում զոհեր են լինելու։
Ի դեպ, հասարակությունը հիմա էլ է ճիշտ նույն կերպ ընկալում հաճախակի դարձած սպանությունները։ Որպես կանոն, հասարակությանը մտահոգում են ոչ թե բուն սպանությունները, այլ այն, որ դրանք տեղի են ունենում օրը ցերեկով, եւ անմեղ մարդիկ էլ են տուժում։ Մի քանի րոպե զարմանում են հանցագործների լկտիության վրա ու անմիջապես էլ սկսում քննարկել` «հասնո՞ւմ էր, թե՞ չէր հասնում»։
Ուշագրավն այն է, որ առ այսօր որեւէ քաղաքական ուժ չի համարձակվել հայտարարել, որ կրիմինալի աշխուժացումը քաղաքական երեւույթ է, ընդ որում` իշխանությունների իրականացրած ներքին եւ արտաքին քաղաքականության ուղղակի հետեւանքն է։ Անխուսափելի եւ հաշվարկված հետեւանքը։
Այսպես. պաշտոնապես արձանագրված է, որ Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից եւ պետք է միջազգային մարտահրավերներին դիմակայի բացառապես ներքին ռեսուրսների հաշվին։ Սա նշանակում է, որ Հայաստանը պիտի դառնա «կազմակերպված պետություն»։ Բայց ինչպե՞ս դառնալ կազմակերպված պետություն` ունենալով ազատական օրենքներ։ Շատ պարզ. օրենքները պիտի մնան թղթի վրա, իսկ իրական կյանքում պիտի գործի «ճիշտը»։ Ասենք, օրենքով վառելիք ներկրելու իրավունք ունեն բոլորը, բայց իրականում նախագահը պիտի որոշի, թե ով է ներկրելու եւ ինչքան։ Կամ` օրենքով պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, բայց իրականում նախագահն է որոշում, թե ովքեր պիտի ընտրվեն։ Կամ` օրենքով դրամի փոխարժեքը պիտի որոշի շուկան, բայց իրականում փոխարժեքը որոշում է ԿԲ նախագահը։ Ինքնին հասկանալի է, որ այս չգրված օրենքները խախտողները նույնպես պատժվում են։ Բայց քանի որ այդ չգրված օրենքներն իրենք հակաօրինական են, պատիժներն էլ կարող են հակաօրինական լինել։
Պարզ ասած, այն պահից, երբ քաղաքական որոշում ընդունվեց, որ Հայաստանը պիտի գոյատեւի ներքին ռեսուրսների հաշվին եւ դառնա «կազմակերպված պետություն», կրիմինալի առջեւ կանաչ լույս վառվեց, որովհետեւ ի սկզբանե հասկանալի էր, որ պետությունը «կազմակերպել» հնարավոր է լինելու միայն հակաօրինական (այսինքն` կրիմինալ) միջոցներով։ Եվ տեսեք` նույնիսկ «ներքաղաքական կայունությունն» էր ապահովվում կրիմինալ մեթոդներով։ Ընդդիմության հանրահավաքները ցրելու ժամանակ ոստիկաններն ու սափրագլուխները պայքարում էին ուս ուսի տված։
Ելքը միակն է։ Պետք է ոչ թե վերացական «հակակրիմինալ շարժում» սկսել, այլ պայքարել միայն ներքին ռեսուրսներով զարգանալու քաղաքականության դեմ։ Պետք է հասկանալ, որ այս քաղաքականության դեպքում կրիմինալին կարեւորագույն դերակատարում է վստահված։ Հետեւաբար, չի կարելի պայքարել կրիմինալի դեմ` առանց քաղաքականությունը փոխելու։