Անցած շաբաթը տնտեսական իմաստով որեւէ նորություն չբերեց: Տարադրամը ժամանակային փոքր դադարից հետո շարունակեց իր անկումը: Այս փաստից մի փոքր գրգռվեց Ազգային ժողովը: Անգամ փորձ արվեց դրամի կուրսը դարձնել խորհրդարանական քննարկումների առարկա ու Կենտրոնական բանկի նախագահին հաշվետվության կանչելու (կամ հրավիրելու) առաջարկ հնչեց: Հասարակությունը չարձագանքեց: Որովհետեւ ծանոթ պատկեր էր ու ավելի շուտ դեժավյու: Խորհրդարանական մի քննարկում ավել կամ պակաս, ի՞նչ կա որ: Պատգամավորների մի մասը պոպուլիստական ելույթներ կունենար: Կենտրոնական բանկի նախագահը նորից կասեր, որ ինքն ու իր ղեկավարած կառույցը պաշտպանում են դրամով եկամուտ ունեցողների շահերը: Բացառված չէ, որ ներմուծումներից հավելյալ եկամուտ ստացող պատգամավորներից ոմանք նորից հրապարակավ հայտարարեին, որ ամաչում են այդ փաստից: Ու նորից ոչ մեկին չէր հետաքրքրի, թե այդ ովքեր են դրամով եկամուտ ունեցողները, ում շահն է այդքան նպատակադրված պաշտպանում Կենտրոնական բանկը: Նույն այս բանկի մասնագետների հրապարակված տվյալներով սպասվում է, որ այս տարի արտերկրից ստացվող տրանսֆերների ծավալը կազմելու է մոտ 1,3 մլրդ դոլար: Բանկային մասնագետները նաեւ նշում են, որ ստացվող տրանսֆեր-օգնությունների թիվն իրականում առնվազն 20 տոկոսով ավելին է: Ենթադրվում է, որ արտասահմանից ներմուծվող օգնությունների գոնե 20 տոկոսը շրջանցում է բանկային համակարգը: Ամենապարզ հաշվարկով մեր երկիր ամսական միջին հաշվով մտնում է 120 մլն դոլար: Պաշտոնապես ներկայացվող բացատրություններում միշտ նշվում է, որ ներքին շուկայում հենց դա է տարադրամի ավելցուկ ստեղծում, ի վերջո դառնալով տարադրամի արժեզրկման պատճառ: (Ենթադրվում է, որ օգնություն եկող գումարները շատ կարճ ժամանակում հանվում են փոխանակման): Դատելով պաշտոնական բացատրություններից, մեր ԿԲ-ն նրանց շահերը պաշտպանելու նպատակ չունի: Պաշտոնական վիճակագրության համաձայն` բնակչության ամսական եկամուտներն այս տարի կազմել են միջինը 1210 մլն դրամ: Այս գումարի ուղիղ կեսն ապահովում են տրանսֆերները: Ասվածից կարելի է ենթադրել, որ այս կեսի շահերը ԿԲ-ն չի պաշտպանում: Կամ կարելի է ասել, որ ԿԲ-ն պաշտպանում է բնակչության մյուս կեսի շահերը: Այսինքն` նրանց, ովքեր ոչ թե տարադրամային, այլ դրամական եկամուտ են ստանում: Բնակչության այս մյուս կեսը սոցիալական խոցելիության առումով պատկառելի է: Եթե իհարկե այս կեսի մեջ հաշվառենք կենսաթոշակ ու տարբեր նպաստներ ստացող 500 հազար մարդուն: Բայց պատկառելի բառն իսկապես անհեթեթ կարող է թվալ, եթե հիշենք, որ ՀՀ կենսաթոշակի միջին չափը 10 հազար դրամ է: Կհանդգնեմ հավատացնել, որ այսքան չնչին եկամուտ ունեցողների համար միեւնույն է` իրենց տնտեսական շահերը պաշտպանվա՞ծ են, թե՞ ոչ: 10 հազար դրամ եկամուտ ունեցողի համար միեւնույն է` դա հաշվարկային կուրսով 20 դոլա՞ր է կազմում, թե՞ 30: Միեւնույն է, նա դոլար չի գնելու, այլ` հաց կամ կարտոֆիլ: Իսկ պարենային հիմնական սննդամթերքների դրամական գնաճն այսօր նույնիսկ պաշտոնապես է ընդունվում: Հետեւաբար կարելի է կարծել, որ թոշակառուներն էլ ԿԲ նպատակների լուրջ թիրախ խումբ չեն:
Իհարկե, կարելի է ձեւացնել, թե ոչ ոք չգիտի, որ Հայաստանում գործող շատ կազմակերպություններում ու գրասենյակներում դրամով աշխատավարձը հարաբերական երեւույթ է: Այս կարգի հիմնարկություններում օտարերկրացի սեփականատերերը բիզնես-պլաններ կազմելուց ՀՀ ազգային դրամով հաշվարկներ, բնականաբար, չեն կատարում: Հայաստանցի աշխատուժ ներգրավելիս նրանք աշխատավարձի չափը, բնականաբար, պայմանավորվում են տարադրամով: ՀՀ օրենսդրությունը պահելու ու պաշտոնական հաշվետվություններ ներկայացնելու համար մի ժամանակ աշխատանքային պայմանագրերում նշվում էր «համարժեք դրամ» արտահայտությունը: Հիմա դա արգելված է եւ օտարերկրացի սեփականատերը կամ տնօրենը «համարժեք դրամ» արտահայտությունը մտքի մեջ պահելով` պայմանագրում աշխատավարձի չափը նշում է նույն համարժեքով: Այս կազմակերպություններում առնվազն տարին մեկ նվազում են աշխատավարձերի դրույքները: Եթե համարենք, որ կապի, ջրամատակարարման, էներգետիկայի ոլորտում աշխատող մեր հայրենակիցները եւս մտնում են դրամով եկամուտ ստացողների մեջ, ապա տխուր կարծիք կստեղծվի` ԿԲ-ն նրանց շահերն էլ չի պաշտպանում: Միանշանակ դժվար է հաշվարկել, թե մեր նշված խմբերը երկրի բնակչության քանի տոկոսն են կազմում: Հետեւաբար` շատ դժվար է հաշվարկել, թե ԿԲ-ի գնաճի նպատակային կարգավորման քաղաքականությունը հասարակության որ հատվածի շահերն է պաշտպանում:
Միանգամայն հնարավոր է, որ ես սխալվում եմ դրամական մեծ եկամուտ ունեցող սոցիալական խավի փնտրտուքներում: Հնարավոր է, որ սոցիալական խավ փնտրելու փոխարեն հարկավոր է «շահող» հիմնարկություններ փնտրել: Այս ճանապարհով գնացողը շատ չի խարխափի` նման հիմարկները քիչ են: 40-50 հազար ստացող ուսուցիչներին շահող չես համարի: Փոխարենը կարելի է ենթադրել` տարադրամի արժեզրկումից շահում է ասենք ԿԲ աշխատակազմը` իր կարծեմ 260 հազար միջին աշխատավարձով: Ինչ-որ իմաստով, հնարավոր է, շահում են կառավարության անդամները: Նրանք էլ կարծես բարձր աշխատավարձ ստացողներ են: Դրամո՛վ իհարկե: Եթե դուք հիշեք դրամով բարձր եկամուտ ունեցողների այլ խումբ, խոստանում եմ հրապարակել ցուցակը: Նրանցից, անուն առ անուն, ներողություն խնդրելով: Չեմ կարծում, որ թերթում իմ հոդվածին հատկացվող տարածքը չբավականացնի: