Օպտիմալացում անվան տակ դպրոցում ուսուցիչներին աշխատանքից կրճատելիս, մեր կառավարությունը որպես պատճառ բերում էր նրանց՝ մասնագիտությանը ոչ լիարժեք տիրապետելը: Իհարկե այն, որ վերջին շրջանում ուսուցիչներն աշակերտներից շատ էին ու նրանցից շատերն առհասարակ հեռու էին մանկավարժ կոչվելուց, ինչ-որ տեղ ճիշտ էր, բայց դժվար է նաեւ հավատալ, որ օպտիմալացման արդյունքում դպրոցում մնացին իսկական, որակյալ մասնագետները:
Կրճատված ուսուցիչներից շատերը հիմնականում բողոքում էին, որ աշխատանքից ազատվել են միայն այն պատճառով, որ չունեն մանկավարժի մասնագիտություն, բայց շատ դեպքերում մանկավարժական կրթություն ստացածներից ավելի լավ են տիրապետում իրենց մասնագիտությանը: Հիմա այս բողոքող ուսուցիչների համար կարծես հնարավորություն է ստեղծվել լրացնել բացը եւ ստանալ մանկավարժի կրթություն: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ Մանկավարժական համալսարանում վերաբացված հեռակա ուսուցման ֆակուլտետն այսօր այսպիսի խնդիր ունեցող ուսուցիչներին հնարավորություն է ընձեռել ստանալ մանկավարժի մասնագիտություն ու գուցե այդպես պահպանել աշխատանքը դպրոցում: Սա, իհարկե, վճարովի սկզբունքներով է գործում, բայց գոնե վարձն այստեղ այնքան էլ անտանելի թիվ չի կազմում: Ինչեւէ, սա էլ այնքան մեծ մխիթարանք չէ խեղճ ուսուցիչների համար, ովքեր հայտնի չէ, թե ինչպես պետք է առանց աշխատավարձ ստանալու կամ էլ խղճուկ աշխատավարձով վճարեն ուսման համար ու համոզված էլ չլինեն, որ դա իրենց կապահովի աշխատանքով: Ռիտա անունով մի ուսուցչուհի, ով ունի միայն ուսումնարանական կրթություն, վախենալով, որ կարող է օպտիմալացման զոհ դառնալ, պատրաստվում է ընդունվել Մանկավարժական համալսարան: Նա ռուսաց լեզու եւ գրականություն է դասավանդում երեւանյան դպրոցներից մեկում, ունի 10 տարվա աշխատանքային փորձ, բայց ոչ մի երաշխիք, որ նույնիսկ բուհական կրթությունը կարող է իրեն պահել այնտեղ: «Ես հուսով եմ, բայց համոզված չեմ, որ նույնիսկ այդ դեպքում չեմ կրճատվի: Իսկ Մանկավարժական ուզում են ընդունվել միայն մի պատճառով, որ դպրոցից ինձ չհանեն»: Մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկան Ս. Աբովյանից տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ 330 ուսուցիչ է ընդունվել բուհ՝ վերապատրաստվելու նպատակով: «Մի դեպք եղավ, երբ ուսուցիչը ձեւակերպեց իր ուսումը բուհում, այսինքն՝ ընդունվեց, որպեսզի դուրս չհանեն դպրոցից, բայց հետո չեկավ»,- պատմում է Ս. Աբովյանը: Հեռակա ուսուցումը մարզերի ուսուցիչներին շատ ավելի է անհրաժեշտ, քանզի այսօր շրջանների դպրոցներում ուսուցիչների պակասը լուրջ խնդիր է, որոշ առարկաների գծով նույնիսկ մասնագետներ չկան, մասնավորապես՝ օտար լեզուների: «Ուսուցիչների կողմից դիմումները շատացել են, որովհետեւ ասում են, որ պետք է վերջիններիս աշխատավարձը բարձրանա,- ասում է Ս. Աբովյանը,- հիմնականում դրա համար են գալիս բուհ: Մենք էլ բոլորին արտակարգ ուշադրություն ենք ցուցաբերում: Եթե նույնիսկ առաջին անգամից քննությունները չեն կարողանում հանձնել, շանս ենք տալիս նորից փորձել: Մենք ընդունում ենք, հետո՞ ոնց կսովորեն՝ իրենց գործն է: Առաջին պլանի վրա ուսուցիչներն են, եթե ուզում եք իմանալ՝ այսօր նրանք մեր ազգային հերոսներն են»: Հիմնականում երիտասարդ ուսուցիչներն են գալիս վերապատրաստման, բայց քիչ չեն նաեւ 40-50 տարեկանները: «60 տարեկաններ չունենք, 30-35 տարեկաններն են շատ»,- ասաց Ս. Աբովյանը: Ինչ վերաբերում է ուսման վարձին, ապա ուսուցիչները, ովքեր մուտքի քննությամբ են ընդունվում Մանկավարժական համալսարան, 50.000 դրամ են միայն վճարում, իսկ տարբերություն հանձնելու դեպքում՝ 2-3 կուրսեր են նստում եւ վճարում 90.000-180.000 դրամ՝ կախված մասնագիտությունից: Ըստ Ս. Աբովյանի՝ հեռակա ուսուցման միջոցով ուսուցիչների վերապատրաստումը հնարավոր է՝ լուծի կրճատված ուսուցիչների հարցը, եւ վերջիններս կարողանան նորից վերադառնալ դպրոցներ: «Օպտիմիզացիայի իմաստը որակով մասնագետներ ունենալն է, իհարկե, անխիղճ բան են անում՝ նրանց դպրոցից հանելով, պետք է ասեն՝ գնացեք, վերապատրաստվեք ու եկեք, բայց ի՞նչ կարաս անես, մենք չենք կարող խառնվել»,- ասաց Ս. Աբովյանը: Իրականում այսօր հեռակա ուսուցման միջոցով աշխատանք նորից գտնելը շատ ուսուցիչների միակ հույսն է: Սակայն դժվար է ենթադրել՝ կարդարացնի՞ արդյոք մեր կառավարությունն ուսուցիչների հույսերն այս դեպքում, թե՞ նոր պատճառաբանություններ կգտնի ուսուցիչներին դպրոցից կրճատելու համար: