Երաշտն ու գյուղմթերքի գները

14/09/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2006թ. գյուղատնտեսական տարին դանդաղ տեմպերով մոտենում է ավարտին: Արդյունքները բավական մտահոգիչ են: Ճիշտ է, ոլորտը վերահսկող գերատեսչությունը՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը լավատես է եւ փորձում է նույն լավատեսական տրամադրությունը մեզ էլ փոխանցել, սակայն արդյունքների թվային վերլուծությունը հակառակ պատկերն է տալիս:

Եվ պարզ է, որ երաշտի պատճառով ձմռանը մեր ազգաբնակչությունը գյուղմթերքի ու դրա գների հետ կապված լուրջ խնդիրներ է ունենալու: Տարվա այս շրջանը (ներառյալ՝ օգոստոսը) համարվում է «ամենաէժանը»: Եվ գյուղմթերքն իր էժանությամբ ամեն տարի նպաստել է սննդամթերքի ընդհանուր գնանկմանը: Այս տարի այդպիսի բան տեղի չունեցավ: Գյուղմթերքի բարձր տոկոսով գնաճը նույնիսկ Վիճվարչությունն է նկատել:

Գյուղացիական տնտեսություններում այժմ բուռն բերքահավաքի շրջան է: Հավաքվող հիմնական կուլտուրաներն են խաղողը, կարտոֆիլը, լոլիկը, պղպեղը, վարունգը եւ այլն: Նշված կուլտուրաները նաեւ հիմնական օգտագործվող գյուղատնտեսական մթերքներն են: Ոլորտի պատասխանատուներն այս տարի սպասում են 170.000 տոննա խաղողի բերքի: Այս տարի տեւական տաք եղանակների պատճառով խաղողի համատարած բերքահավաքը մի փոքր շուտ է սկսվել, այն սովորաբար լինում էր սեպտեմբերի 20-ից հետո: Նույնիսկ մթերումն է առաջ ընկել, ու արդեն մթերվել է մոտ 400 տոննա խաղող: «Երեւանի կոնյակի գործարանն» արդեն հայտարարել է մթերման գները՝ 1 կգ՝-ն 123-130 դրամ: Մասնագետների կարծիքով` այս տարի մթերվող խաղողի գինը 140 դրամից չի անցնելու: Իսկ մանրածախ շուկայում վաճառվող խաղողի 1 կգ-ն եռակի ու քառակի անգամ թանկ արժե: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները հավատացնում են, որ երաշտը խաղողի վրա չի ազդել: Չնայած այն բանին, որ այս տարի անցած տարվա համեմատ նույնիսկ 5-6 հազար տոննա ավելի բերք է սպասվում, սակայն խաղողն անցած տարվա համեմատ թանկացել է: Գյուղնախարարության մասնագետներն այս հանգամանքը կապում են հանրապետությունում գրանցված ընդհանուր գնաճի հետ: Իսկ մանրածախ շուկայում խաղող վաճառողներն էլ հավատացնում են, թե բոլորի հետ միասին այս տարի խաղողի բերքն էլ է քիչ եղել: Յուրաքանչյուր տարի հավաքած խաղողի մոտ 60%-ը մթերվել է, քիչ քանակությամբ արտահանվել է, մնացած մասն էլ սպառվել է ներքին շուկայում: Այս տարի սպասվում է, որ գործարանները կմթերեն մոտ 95.000 տոննա խաղող:

Հիմնական, կարելի է ասել, առաջին անհրաժեշտության գյուղմթերքը հացահատիկն է,եւ մասնագետները սպասում են, որ անցած տարվա համեմատ այն 100.000 տոննայով պակաս է լինելու: Այս տարի հավաքվել է մոտ 280 հազար տոննա հացահատիկ անցած տարվա 397 հազար տոննայի փոխարեն, այսինքն՝ ավելի քան 30 % պակաս է լինելու: Ամեն տարի Հայաստանում սպառվում է մոտ 650 հազար տոննա հացահատիկ, եւ այդ հացահատիկի գրեթե կեսը հիմնականում ներկրվել է Ռուսաստանից: Այս տարի հացահատիկի բերքը Ռուսաստանում էլ ցածր է եղել, եւ դա Հայաստանում անպայման կանդրադառնա ցորենի, ուրեմն նաեւ՝ հացի գնի վրա: Չի բացառվում, որ աշնանը հացն էլ ավելի թանկ գներով գնենք:

Շուտով կավարտվի հաջորդ առաջին անհրաժեշտության գյուղմթերքի՝ կարտոֆիլի բերքահավաքը, որին, փոխաբերական իմաստով, երկրորդ հաց են անվանում: Մասնագետներն այս տարի սպասում են, որ կարտոֆիլի բերքը կլինի անցած տարվա չափ՝ 460.000 տոննա: Նրանք նաեւ հավատացնում են, որ երաշտը կարտոֆիլի բերքի վրա էլ էական ազդեցություն չի թողել: Սակայն գների վրա հաստատ թողել է, որովհետեւ այս տարի կարտոֆիլը թանկացել է գրեթե կրկնակի անգամ: Գյուղնախարարության մասնագետները համաձայն չեն այս դիտարկման հետ եւ ունեն իրենց բացատրությունը: «Անցած տարի աշնանն ու այս ձմռանը մեր կարտոֆիլի պահուստի մեծ մասն արտահանվել է,- ասում է Գյուղնախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: -Շուկայում դրա ազդեցությունը գարնանից զգացվեց, գները կտրուկ բարձրացան ու մնացին նույն մակարդակի վրա: Ամեն տարի կարտոֆիլի առաջին բերքահավաքից հետո շուկայում նորի հետ միասին վաճառվում էր հինը: Այդ հանգամանքն օգնում է, որ գները շատ չբարձրանան: Բայց այս տարի արտահանման պատճառով հինը չկար: Վաղ գարնանից կարտոֆիլի քանակությունը շատ քիչ էր, ու դա շուկայում լարվածություն ստեղծեց: Չի բացառվում, որ նույնը կրկնվի նաեւ այս տարի: Իսկ այս աշնանը, բերքահավաքից հետո կարտոֆիլի գները մի փոքր կմեղմվեն՝ մինչեւ 130-140 դրամ»:

Այս պահին 1 կգ կարտոֆիլն արժե 180-300 դրամ: Իսկ վաճառող գյուղացիներն իրենց ապրանքի թանկ լինելը բացատրում են այս տարվա ցածր բերքով: Եվ հակասություն է ստեղծվում Գյուղնախարարության մասնագետների ու գյուղացու կարծիքների միջեւ: Ո՞ր կողմն է ճիշտ: Ոլորտի պատասխանատունե՞րը, որոնք միշտ աշխատել են իրավիճակը մեղմ գույներով ներկայացնել, թե՞ գյուղացին, որն այս պատճառաբանությամբ է արդարացնում իր բերքի թանկությունը: Մի բան հաստատ է, այս տարի երաշտ է եղել, եւ դա չէր կարող չազդել ընդհանուր բերքատվության վրա: Ջրդի շրջաններում որքան էլ ոռոգում լինի, բնության այդ երեւույթն իր ազդեցությունն անպայման կթողնի: Մանավանդ, որ մեր գյուղացիները ոռոգման համակարգի պատասխանատուներից շատ են դժգոհում, թե ամենաանհրաժեշտ պահին ջուրը կտրում կամ ուշացնում են: Այնպես որ, այս տարի մենք դժվար թե կարողանանք 130-140 դրամով կարտոֆիլ գնել: Մի խոսքով, վիճակը մտահոգիչ է, եւ արդեն պարզ է, որ գյուղմթերքի գների բարձրացումը կշարունակվի մինչեւ հաջորդ տարվա բերքահավաքը:

Երաշտն ու խոտը

Պակաս մտահոգիչ չէ նաեւ անասնակերի ապահովման խնդիրը: Խորհրդային կարգերից հետո անասնակերը միայն խոտն է մնացել: Այսօր Հայաստանում ոչ մի գյուղացի իր կովին համակցված կեր կամ ճակնդեղ չի տալիս: Այս առումով նույնիսկ մխիթարվելու տեղ ունենք, որովհետեւ տավարի միսն ու կաթնամթերքն էկոլոգիապես մաքուր են ստացվում: Ոլորտի պատասխանատուները գոնե խոտի հարցում չեն թաքցնում, որ երաշտն իր սեւ գործն արել է: Եթե անցած տարիներին խոտի 1 հակն արժեր 400-500 դրամ, ապա այս տարի այն վաճառվում է 800-1000 դրամով: Կամ էլ բարձրադիր շրջաններում մեկ տոննա խոտն արժե 30.000-35.000 դրամ, իսկ Արարատյան դաշտավայրում` 40.000-45.000 դրամ: Գառնիկ Պետրոսյանի ասելով` ամեն տարի Հայաստանը պահեստավորել է 1,2-1,3 մլն տոննա խոտ: Այս տարի խոտի քանակը մոտ 300.000 տոննայով կամ 30 %-ով պակաս է եղել: Այսինքն՝ այս ձմեռ առանց կեր է մնալու հանրապետության անասնագլխաքանակի մոտ 30 %-ը: Իսկ Հայաստանում կա 500-600 հազար միայն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակ: Հոռետես չենք ուզում լինել, բայց այս պայմաններում ամենաքիչը՝ հավանաբար 100-150 հազար կով առանց խոտ կմնա, հավանաբար` կմորթվի, ինչն էլ իր հերթին կնպաստի կաթնամթերքի թանկացմանը: Եվ այդպես շարունակ: