«Շիրակի» վերանորոգումը դեռ չի սկսվել

14/09/2006

Անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների մառախուղները, որոնք «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքների եւ թռիչքների հետ կապված խնդիրներ առաջացրին, ՀՀ կառավարությանը ստիպեցին մտածել նաեւ այլ օդանավակայանների մասին: Մասնավորապես, կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է ֆինանսավորել՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այլընտրանքային դարձնելու համար: Ճիշտ է, «Զվարթնոցի» կառավարիչի հետ կնքված կոնցենսիոն պայմանագրի համաձայն` «Շիրակին» թույլատրվում է իրականացնել միայն ԱՊՀ երկրների հետ չվերթներ, բայց գոնե վատ եղանակների դեպքում բարձրակարգ ինքնաթիռները կկարողանան վայրէջք կատարել Գյումրիում: Այսօր դա անհնար է, քանզի «Շիրակ» օդանավակայանը կարգ չունի:

Օդանավակայանի բարելավման եւ բարձր դասի ինքնաթիռների սպասարկման նպատակով Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) կողմից մշակվել է միջոցառումների ծրագիր՝ ուղղված աերոդրոմի տարրերի (վազքուղի, մագիստրալ, միացնող ղեկուղիներ, օդանավերի կայանատեղեր) հիմնանորոգմանն, ինչպես նաեւ` լուսատեխնիկական համակարգի արդիականացմանը: Արդեն մոտ 9 ամիս անցել է կառավարության որոշումից, սակայն, կարծես թե, ծրագրի աշխատանքների սկիզբը դեռ չի երեւում:

Ինչպես տեղեկացանք ՔԱԳՎ-ից, հիմնանորոգման առաջին փուլում նախատեսվում են աերոդրոմի տարածքի եւ կից շրջանի գեոդեզիական նկարահանում, աերոդրոմի տարածքի երկրաբանական հետազոտություն, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում: Դրանք իրականացնելու է ռուսական «Լենաերո պրոյեկտ» ինստիտուտը: Այս աշխատանքները, որոնց համար կառավարությունը տրամադրել է 675.000 դրամ (օդանավակայանի լրիվ վերանորոգման համար պահանջվում է մոտ 4-4.5 մլն դոլար), ըստ ՔԱԳՎ-ի, կավարտվեն սեպտեմբերի 30-ին: Իսկ թե կոնկրետ երբ են սկսվելու շինարարական աշխատանքները, որ կազմակերպություններն են դրանք իրականացնելու, հայտնի չէ:

Կ. Թ.