Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերականգնումը սկսվել է 2001թ., որը նախաձեռնել է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Այս գյուղի վերականգնմամբ էլ միությունը սկսեց իր աշխատանքները Ղարաբաղում: ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը նախաձեռնել էր 29 տների վերանորոգման աշխատանքները: Գյուղի 22 տների, մանկապարտեզի եւ բուժկետի վերանորոգումն արդեն ավարտված է: Տների կառուցմանը զուգահեռ` այստեղ բնակիչներին կովեր են տրամադրել, սերմացու, նույնիսկ գյուղի համար տրակտոր են գնել. ասում է ՀԲԸՄ-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը: Ինչպես պատմում է ՀԲԸՄ պատվավոր անդամ Լեւոն Քեբաբջյանը, սկզբում 9 տան վերականգնմամբ է սկսվել ծրագիրը, հիմա արդեն 20-ից ավելի տուն է կառուցվել:
Օրերս այստեղ բացել են նաեւ նորակառույց դպրոցը, նույնիսկ դպրոցի բոլոր աշակերտներին գրենական պիտույքներ են բաժանել: Դպրոցը նույնպես կառուցվել է ՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ: Ընկերությունը, Լ. Քեբաբջյանի հավաստմամբ, ձգտելու է հնարավորինս մեծացնել ու զարգացնել գյուղը, սակայն ծրագրեր կան, որոնք կիրականացվեն ԼՂՀ կառավարության հետ համատեղ:
Նորաշենի գյուղապետի պաշտոնակատար Արմինե Ավետիսյանի խոսքերով, գյուղը 135 բնակիչ ունի (35 ընտանիք)։ «Գյուղի բնակիչներից մի քանի ընտանիքներ բնակարան չունեն ու տարբեր շինություններում են բնակվում, իսկ 22-ն արդեն բնակարանով ապահովված են: Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ, սակայն մի լուրջ խնդիր ունենք, որը լուծման կարիք ունի: Խոսքս ջրի մասին է: Ջուր չունենք, միայն գյուղի վերեւի մասն է ինչ-որ չափով ջրով ապահովված, իսկ ներքեւի մասում ընդհանրապես ջուր չկա»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Ա. Ավետիսյանը:
Գյուղի խնդիրներից մեկն էլ այն է, որ դպրոցն ութամյա է, եւ 8-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտները կրթությունը հիմնականում չեն շարունակում, քանի որ դրա համար պետք է Հադրութ քաղաք հասնեն: Գյուղապետի պաշտոնակատարը ցավով է նշում, որ իր երկու երեխաներն էլ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ստիպված տանն են մնացել:
Ընդհանուր առմամբ, բնակիչներն այստեղ գոհ են Հայ բարեգործական ընդհանուր միությունից, որը գյուղի համար շատ բան է արել ու դեռ կշարունակի: Միությունը պատրաստվում է նաեւ արտեզյան ջրհորի միջոցով նորաշենցիներին ջուր մատակարարել: