Պետությունից օգնություն ստանալու համար պետք է անինքնասեր լինես

14/09/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տիկին Արուսը կոկիկ հագնված, խնամված ու գրագետ կին է: Ամուսնու մասին պատմելու պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Նա իր երկու երեխաների համար դպրոցում հավաքագրվող գումարները՝ ինչ ուզում է լինի, հայթայթում-վճարում է, որ հանկարծ երեսով չտան, չասեն՝ «Հերն ինվալիդ ա, չեն կարա փողը տան»:

Արուսի ամուսինը՝ 44-ամյա Վարդանը տառապում է բեխտերեւ կոչվող (նյարդային բորբոքումից ողնաշարային ոսկրացում) հիվանդությամբ: Շարժվում է հենակների օգնությամբ: Եվ, չնայած իր այս վիճակին, Վարդանը հնարավորինս փորձում է չխուսափել աշխատանքից, ասում է, որ ի վիճակի է աշխատելու, այնքան վատ չէ, որ ոչնչի պիտանի չլինի: Թեեւ նրանց տան մթնոլորտը գերլարված է, սակայն ամեն ինչ անում են, որպեսզի հյուրն իրեն հանգիստ զգա: Վարդանը, որպես տան տղամարդ, իրեն չափազանց ընկճված է զգում եւ իր անօգնական վիճակից հաճախ կնոջ հետ խիստ տոնով է խոսում: «Հասկանո՞ւմ ես, մենք լացողներից չենք, չենք սիրում տրտնջալ: Ինձ աշխատանք է պետք, որ մի քիչ ինձ պիտանի զգամ, ամեն ինչ Արուսի ուսերին է դրված»,- նյարդային շարժումներով փորձում է իր ընտանիքի վիճակը նկարագրել 1-ին կարգի հաշմանդամ Վարդան Մովսիսյանը: Ասում է, որ հաշմանդամ մարդուն զբաղմունք, աշխատանք է պետք, որ իրեն անպետք չզգա այս հասարակության մեջ: Աշխատանքը կարող է նրան նաեւ օգնել հաղթահարել հոգեբանական բարդույթները: Մասնագիտությամբ տեխնիկ-տեխնոլոգ տիկին Արուսը այժմ օրվա 15 ժամը խանութում է աշխատում, որպեսզի իրենց երկու երեխաներին, հաշմանդամ ամուսնուն եւ անկողնային հիվանդ 77-ամյա սկեսրայրին կարողանա խնամել: «Երկու տարի առաջ «Փարոսի» օգնություն էինք ստանում, բայց, քանի որ ես աշխատանքի եմ ընդունվել, ընտանեկան զամբյուղը միջինով 15.000 դրամից ավելի է կազմել, դրա համար էլ մեզ արդեն դուրս են թողել «Փարոսից»: Նրանց տված այդ 12.000 դրամը շատ հարցեր էր լուծում, բայց կտրեցին: Դիմեցի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, խնդրեցի, որ 1-ին կարգի հաշմանդամ ամուսնուս հանգամանքը հաշվի առնելով «Փարոսը» վերականգնեն, բայց ասացին, որ օրենք է, ոչինչ չեն կարող անել»,- պատմում է տիկին Արուսը: Նա ասում է, որ իր ամուսնուն պարզապես աշխատանք, զբաղվածություն է պետք, իսկ ինքը պատրաստ է թեկուզ 24 ժամ աշխատել եւ ընտանիքի հոգսերը հոգալ: Վարդանին պետությունը որպես 1-ին կարգի հաշմանդամի` տրամադրում է 7000 դրամ: Ամեն տարի գնում է Աշտարակում գտնվող «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոնում բուժվելու, ինչն անհամեմատ թեթեւացնում է նրա ֆիզիկական վիճակը: Վարդանը թախիծով է հիշում այն տարիները, երբ կնոջ հետ Մագնիտոֆոնի գործարանում էին աշխատում: Վստահեցնում է, որ ինքը լավ մասնագետ է, որովհետեւ փականագործի, խառատի լավ որակավորում ունի: Տիկին Արուսը զարմանում է. «Մեր պետությունը, փաստորեն, առաջարկում է 2 տարբերակ՝ կամ աշխատանք, կամ «Փարոս»: Քաղաքացին, որպեսզի «Փարոսից» օգնություն ստանա, պետք է գործազուրկ լինի: «Մենք լացողներից չենք, ուղղակի լավ կլիներ, որ ամուսինս աշխատեր, կողքից եւ ինձ կօգներ, եւ ինքն իրեն կօգներ: Ես պատրաստ եմ ամեն օր իրեն տանել-բերել, միայն թե այդ ոչ պիտանի լինելու զգացումը նրա մոտ վերանա: Դա շատ ծանր բան է, բոլորիս համար է ծանր: Ամբողջ օրը տան մեջ, էս պատուհանից էն պատուհանն է տեղափոխվում: Մեր երկրում հաշմանդամ մարդը փակված է, բայց նա ի վիճակի է աշխատել, կամ տնայնագործ ինչ-որ աշխատանքով զբաղվել»,- ասում է Արուսը, ում խոսքին միջամտում է Վարդանը՝ ասելով, որ չի սիրում բակում երկար մնալ, որովհետեւ հավաքված բոլոր տղամարդիկ ամեն օր քաղաքական թեմաներ են քննարկում: «Էդ դատարկ խոսակցությունը ոչինչ չի փոխում: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, ոչ թե օդի մեջ քաղաքականությունից խոսի: Աշխատում եմ շատ դուրս չգալ, որովհետեւ շատ մարդիկ հաշմանդամ մարդուն ուրիշ աչքով են նայում»,- այդ հանգամանքից ճնշվելով` նեղսրտում է Վարդանը, որի բժշկական փաստաթղթերում նշված է, որ նա մշտական խնամակալի կարիք ունի: Մինչդեռ կինը չի հասկանում, թե 7000 դրամ հաշմանդամության թոշակով ինչպե՞ս պետք է առանց աշխատելու ամուսնուն խնամի: Սոցիալական ծառայության աշխատակիցները նրան մատնանշում են օրենքը, որով իբրեւ թե այդ 7000 դրամի մեջ նաեւ խնամակալի գումարն է մտնում: «Եթե օրենքը դա է, խնդիր չկա, մենք օրենքը հարգող մարդիկ ենք: Մեզ միայն պետք է, որ Վարդանն աշխատի, դա էլ հո օրենքի խախտում չէ՞, որ հաշմանդամ մարդն աշխատի: Եթե ֆինանսապես ապահով լինեինք, բնականաբար, խոսակցություններ, հոգեբանական դժվարություններ չէին լինի, բայց ամեն ինչ շատ դժվար է: Եթե ինքը ինչ-որ բանով կարողանար օգնել ինձ՝ իրեն լավ կզգար, երեխաների մոտ թերարժեքություն չէր ունենա, բայց սոցիալական դժվարություններն ամեն ինչ է՛լ ավելի են բարդացնում: Մեր երկրում իրավիճակն այնպիսին է, որ պետությունից ինչ-որ մի օգնություն ստանալու համար պետք է անինքնասեր լինես»,- ասում է տիկին Արուսը: Վարդանը շարունակում է կնոջ միտքը. «Ախր, երեխան գալիս-ասում է՝ պապա՛, այսինչ շորը չունեմ, ասում եմ՝ ախր պապան ի՞նչ անի, գլուխը պատերի՞ն տա: Ես շատ եմ խնդրում, որ ինձ աշխատանքի հարցում օգնեն, շատ-շատ եմ խնդրում»: Երկրի ճգնաժամային ծանր տարիների դժվարությունները հաղթահարած ամուսիններն ասում են, որ հիմա շատ ավելի վատ վիճակում են, քան մութ ու ցուրտ տարիներին, քանի որ մարդկանց մեջ այլեւս մարել են ամենօրյա դժվարությունները հաղթահարելու ռեսուրսները, ուժերը: «Շատ ծանր տարիներ ապրեցինք, բայց մարդն ավելի շատ ընկճվում է, երբ հաշմանդամ է դառնում: Ես հաշմանդամ եմ, բայց անկարող չեմ»,- վստահեցնում է Վարդանը՝ չհասկանալով, թե հաշմանդամների աջակցության եւ խնդիրների լուծման համար այն ծրագիրը, որ ամեն տարի ներկայացվում է ՀՀ կառավարությանը, իրականում ի՞նչ օգուտ է տալիս հաշմանդամներին: Կամ, օրինակ, մեծաթիվ բարեգործական ու հասարակական այն կազմակերպությունները, որոնք գումարներ են ստանում արտասահմանից հաշմանդամներին աջակցելու համար, որքանո՞վ են իրականում նրանց օգնում: «Հաշմանդամը մեր երկրում մեկուսացած, նվաստացած է»,- ասում է Վարդանը: Նրանց 17-ամյա որդուն՝ Գագիկին շուտով զորակոչելու են զինվորական ծառայության: Մայրը խնդրել է, որ գոնե 50 կմ շառավիղ հեռավորությունը պահպանեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայրը հաշմանդամ է, սակայն զինկոմիսարիատից մերժել են: Իսկ Արուսի եւ Վարդանի դուստրը՝ 9-րդ դասարանցի Անուշիկը մեր խոսակցությանը մասնակցեց միայն այսքանով՝ «Մեր դասարանում այս տարի բոլոր երեխաները բջջային հեռախոս ունեն, մենակ ես չունեմ»: