ՀՀ Սոցիալական աջակցության մասին օրենքը սահմանում է, որ սոցիալական աջակցության հիմնական նպատակն է` բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հիմնական պահանջմունքները: Ստեղծել պայմաններ հասարակության մեջ նրանց ինտեգրվելու համար, խթանել նրանց ինքնօգնության եւ ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը, ինչպես նաեւ` օժանդակել նրանց սոցիալական, ֆինանսական խնդիրների լուծմանը:
Ի՞նչ է անում պետությունը հաշմանդամներին աջակցելու համար եւ ինչպիսի՞ քաղաքականություն է վարում: Մեր պետության մեջ կա հիմնական կենսաթոշակի չափ, որը 2006թ. հունվարի 1-ից սահմանված է 4250 դրամ: Մարդիկ, ովքեր աշխատանքային ստաժ ունեն՝ ունեն նաեւ գումարի ապահովագրական չափ: Մինչեւ այս տարվա հունվարի 1-ը հաշմանդամների կենսաթոշակը սահմանված էր հետեւյալ կերպ՝ 1-ին խումբ՝ հիմնական կենսաթոշակի 120%, 2-րդ խումբ՝ 100%, 3-րդ խումբ՝ 80% եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները հավասար են 1-ին խմբին: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանն ասում է. «Մենք գտանք, որ դա արդարացի չէ, հաշմանդամը մեղավոր չէ, որ ապահովագրական ստաժ չունի: Հաշմանդամի համար ձեռնարկություններում համապատասխան պայմաններ ստեղծված չեն: Մենք փորձել ենք այս տարվա հունվարի 1-ից մոտեցումները փոխել: 1-ին խմբի հաշմանդամի համար՝ 140%, 2-րդ խմբի՝ 120%, 3-րդ՝ 100%, իսկ մինչեւ 18 տարեկան երեխաները ստանում են 140%: Դա մեր ռազմավարական ուղղություններից մեկն էր, եւ հետագայում նույնպես ավելացնելու միտում կա»: 2006թ. հունվարի 1-ից ընդունվել է Զբաղվածության եւ գործազրկության դեպքերից սոցիալական ապահովության մասին օրենք, որտեղ նախատեսված են դրույթներ, որոնք կխթանեն հաշմանդամների զբաղվածության խնդիրների լուծումը: «Այսօր հաշմանդամների ամենամեծ խնդիրը զբաղվածությունն ու կրթությունն է: Համաձայն օրենքի դրույթների՝ պետությունն այսօր խրախուսում է հաշմանդամների ձեռնարկատիրական գործունեությունը: Պետությունն իր վրա է վերցնում հաշմանդամի ձեռնարկատիրական գործունեության առաջին իսկ վճարվող հարկերը»,- վստահեցնում է տիկին Բաղդասարյանն՝ ասելով, որ նախկինում օրենքն արգելում էր վարձատրվող հասարակական աշխատանքներում հաշմանդամների եւ կենսաթոշակառուների ներգրավումը: Մինչդեռ նոր օրենքով հաշմանդամն իրավունք ունի մասնակցել վարձատրվող աշխատանքներին: Ավելին՝ պետությունն արդեն գործատուներին պետբյուջեից գումար է փոխհատկացնելու իր մոտ աշխատող հաշմանդամի աշխատավարձի համար, ինչը գործատուին խրախուսելու նպատակ ունի: «Բացի այդ, հաշմանդամների համար մասնագիտական վերապատրաստման ուսուցումներ ենք կազմակերպում, եւ նոր օրենքով նախատեսվում է մասնագիտական վերապատրաստման ընթացքում հաշմանդամին կրթաթոշակ տրամադրել»,- ասում է Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետը: Ինչեւէ, ներկայումս հաշմանդամների տվյալների հանրապետական բազայում հաշվառված է 141.000 հաշմանդամ, այդ թվում նաեւ` 8200 մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաներ, մինչդեռ անցյալ տարի այդ թիվը կազմել է 135.000: Ջ. Բաղդասարյանի խոսքերով՝ վերջին տարիներին մեր պետական քաղաքականությունը հիմնված է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա, որը ենթադրում է հավասար հնարավորություններ, պայմաններ եւ իրավունքներ: Աշխարհում գոյություն ունի 2 մոդել՝ սոցիալական եւ բժշկական: Վերջինիս դեպքում մարդու համար պետությունը կենսաթոշակ է վճարում, համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերում: Մինչդեռ սոցիալական մոդելի պարագայում վերոնշյալ օգնություններից բացի հաշմանդամ մարդու համար ստեղծվում է հավասար իրավունք: Մեզանում գրեթե ամեն օր է խախտվում հաշմանդամների իրավունքը: Սկսած այն բանից, որ Հայաստանում հաշմանդամներն ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեն, քանի որ հազվադեպ կառույցներում կամ օբյեկտներում կարելի է հանդիպել սայլակով հաշմանդամի համար նախատեսված հարթակների: Օրինակ՝ պետությունը կարող է տնտեսվարող սուբյեկտներին պարտադրել հարթակներ տեղադրել, այլ ոչ թե թողնել օբյեկտների տերերի կամայականությանը: Տիկին Բաղդասարյանը չի կիսում մեր այն կարծիքը, որ հաշմանդամների իրավունքների սահմանափակման խնդիր կա մեր երկրում. «Նոր Սահմանադրությամբ հատուկ հաշմանդամների համար դրույթներ կան՝ բժշկական, սոցիալական, բժշկական վերականգնումն իրականացնելու եւ այլն: Սահմանափակումներ չկան, բայց այսօր հաշմանդամը ցանկացած հաստատություն կամ շենք կարո՞ղ է մտնել: Ունենալով հավասար պայմաններ` մենք մարդուն ապահովե՞լ ենք՝ ոչ: Տեղաշարժման խնդիր ունեցող, լսողության, խոսքի խանգարում ունեցող կամ տեսողությունից զուրկ մարդկանց համար ստեղծվա՞ծ են այն պայմանները, ինչպիսին ստեղծված են եվրոպական երկրներում, որտեղ, արդեն 30-40 տարի է, ինչ ներդրված է սոցիալական մոդելը»,- հարցնում է տիկին Բաղդասարյանն ու պատասխանում, որ, այնուամենայնիվ, մեր երկրի սոցիալական մոդելը գնում է հավասար պայմանների ստեղծման ճանապարհով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամների սոցիալական պաշտպանության ռազմավարություն է մշակել 2006-2010թթ. համար եւ հավաստիացնում է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում շատ բան է փոխվելու: Կառավարությունն անցյալ տարի հաստատել է վերականգնման բազային ծրագիրը. այն պետության կողմից երաշխավորված սարքավորումների, ծառայությունների ցանկ է (պրոթեզ, սայլակ, տնային սոցսպասարկում եւ այլ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ), որը տրվելու է անվճար: Ինչպես նաեւ` բարելավվում են այդ սարքավորումների որակը եւ տեսականին: Տիկին Բաղդասարյանը միանշանակ հայտարարում է, որ ՀՀ-ում բոլոր հաշմանդամներն անվճար ապահոված են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով: