«Մեծ հյուրերին որդու սենյակում չեն ընդունում»

14/09/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կառավարության ակտիվ մասնակցությունը բացատրում է նրանով, որ միջոցառումներին ներկա են լինելու նաեւ արտասահմանյան պատվիրակություններ, հայտնի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: «Իսկ մեծ հյուրերին պետք է ընդունել միայն ամբողջ ընտանիքով, չի կարելի նրանց որդու սենյակում հյուրընկալել»,- համեմատում է Բ. Ենգիբարյանը:

ՏՏ ամսվա միջոցառումները տարբեր բնույթ ունեն: Լինելու են մրցույթներ: Հայտարարվել է մինչեւ 30 տարեկան ծրագրավորողների բաց առաջնությունը, որը կմեկնարկի հաջորդ շաբաթվանից: Միջոցառումների մյուս խումբը միջազգային կոնֆերանսներն ու տարբեր քննարկումներն են: Սեպտեմբերի 20-ին, Հայաստան-Սփյուռք գործարար համաժողովին զուգահեռ, տեղի կունենա «ՏՏ-ն առօրյա բիզնեսում» կոնֆերանսը: Հոկտեմբերի 3-7-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կկայանա «Ծովին մուտք չունեցող երկրներում ՏՏ զարգացումը» երիտասարդական կոնֆերանսը, որին կմասնակցեն նաեւ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ: «Մենք ցանկանում ենք ոչ միայն քննարկումների, այլեւ կոնկրետ ցուցահանդեսների միջոցով ցույց տալ, թե ուր է հասել ՏՏ ոլորտը, ինչպիսի արտադրանք է թողարկում: Սա հետաքրքիր է ոչ միայն արտասահմանյան հյուրերին, այլեւ մեր հանրությանը»,- ասում է Բ. Ենգիբարյանը:

Նրա խոսքերով, այս տարվա «Digitec» ցուցահանդեսի մասնակիցների քանակը նախորդ տարվա համեմատ մոտավորապես կրկնապատկվել է, իսկ որակական ցուցանիշն էլ փոխվել է: Այս տարի 3 անգամ շատ արտասահմանյան բարձրակարգ կազմակերպություններ են ներկայացվել, որոնց «դժվար էր բերել Հայաստան»: «Նրանք ցույց են տալիս ոչ թե իրենց հաջողությունները, այլ այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել ՀՀ-ում, քանզի մեր շուկան իրենց հետաքրքրում է»,- հավաստիացնում է Բ. Ենգիբարյանը: Այս տարի «Digitec»-ին մասնակցելու է նաեւ «Microsoft»-ը, եւ հնարավոր է, որ մինչեւ ցուցահանդեսն այս ընկերությունը համագործակցության հուշագիր ստորագրի ՀՀ կառավարության հետ:

Սեպտեմբերի 19-ին Հայաստան կժամանի նաեւ Եգիպտոսի պատվիրակությունը: ՏՏ ոլորտում հայ-եգիպտական համագործակցությունը սկսվել է անցյալ տարվանից: Բ. Ենգիբարյանի խոսքերով, եգիպտացիները մասնավորապես հետաքրքրված են մեր էլեկտրոնային վճարման համակարգով, առողջապահության ոլորտում էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ, էլեկտրոնային քարտեզագրմամբ: ՁԻՀ տնօրենը կարեւոր է համարում այն, որ Հայաստանն իր ՏՏ արտադրանքով մտնելու է արաբական երկրների շուկա:

Հիմնական խնդիրն «ԱրմենՏելն» է

Ըստ Բ. Ենգիբարյանի, այսօր հայաստանյան ՏՏ ոլորտը, որպես արդյունաբերության ճյուղ, բավականաչափ զարգացած է եւ կարող է համեմատվել ՌԴ-ի եւ Ուկրաինայի հետ: «Բայց, դրան զուգահեռ, առօրյա բիզնեսն ու հասարակությունը կտրված են ՏՏ-ից, այդ պատճառով էլ գործարարները բիզնեսի արդյունավետության եւ շահութաբերության բարձրացման խնդիրներ ունեն: Աշխարհում ՏՏ-ն ոչ միայն ոլորտ է, այլեւ լուրջ խթան տնտեսության զարգացման համար: Շատ երկրներ, որոնք նույնիսկ չունեն նման զարգացած ՏՏ արդյունաբերություն, ներմուծում են ՏՏ գործիքներ եւ դրանք ներարկում են տնտեսության մեջ»,- ասում է Բ. Ենգիբարյանը: Նրա հավաստմամբ, ՏՏ գործիքները շատ մատչելի են գնային առումով, պարզապես դրանց կարեւորությունն ու կիրառման ձեւը հասկանալի չեն:

Որպես ոլորտի հիմնական խնդիր` ՁԻՀ տնօրենը նշում է ինտերնետ կապը, որը ոչ միայն շատ թանկ է, այլեւ ՀՀ ողջ տարածքում տարածման խնդիր ունի: «Առօրյա բիզնեսում մենք ցույց ենք տալիս ՏՏ ոլորտի հնարավորությունները, որ կարող ես, օրինակ, մի անտենա դնել եւ Գյումրիի նման քաղաքն ինտերնետով ծածկել»,- ասում է Բ. Ենգիբարյանը: Սակայն նա գտնում է, որ չպետք է միանշանակ ընդունել «ԱրմենՏելի» մենաշնորհի խնդիրը եւ ոչինչ չձեռնարկել: ՁԻՀ տնօրենի հավաստմամբ, կան տեխնոլոգիաներ, որոնք չնայած «ԱրմենՏելի» մենաշնորհին, հնարավորություն կտան շատ խնդիրներ լուծել: Օրինակ, արբանյակի տեղադրումը, որն այլընտրանքային տարբերակ կարող է հանդիսանալ օտարերկրյա ներդրողի համար: Բայց այս դեպքում էլ առաջ է գալիս նոր խնդիր` արբանյակի համար գանձվող մեծ պետական տուրքը: Ըստ Բ. Ենգիբարյանի, եթե «ԱրմենՏելի» մենաշնորհի առումով կառավարությունը ոչինչ անել չի կարող, ապա նման այլընտրանքային տարբերակների դեպքում կարող է օգնել ընկերություններին: «Օրինակ, սահմանային մարզեր ինտերնետ մատակարարողին դոտացիա պետք է տրամադրվի, իսկ մենք հակառակն ենք անում` տուրք ենք վերցնում»,- ասում է Բ. Ենգիբարյանը: Եվ ընդհանրապես, թեեւ ՏՏ-ն գերակա ոլորտ է հռչակված, այնուամենայնիվ, չի օգտվում հարկային եւ մաքսային արտոնություններից: Մեկ այլ խնդիր է կադրերի հարցը: «Պետք է կարողանանք ոչ միայն կադրեր պատրաստել, այլ նրանց ՏՏ ոլորտ բերել: Բուհերում շրջանավարտների քանակն աճել է մոտ 30%-ով, սակայն մյուս կողմից այդ շրջանավարտների միայն 40%-ն է գնում ՏՏ ոլորտ»,- ասում է ՁԻՀ տնօրենը:

ՏՏ ոլորտի ձեռնարկությունների մասին տպավորությունն այնպիսին է, որ նրանք ոչ թե մրցակիցներ են, այլ «թեւ ու թիկունք են» մեկմեկու, քանզի ցանկացած պարագայում գործում են համախմբված ձեւով: Բ. Ենգիբարյանը համաձայն է այս մտքի հետ: Նրա խոսքերով, ՀՀ անկախության առաջին 10 տարիներին ՏՏ ոլորտի հաջողությունները պայմանավորված էին միայն համախմբված մասնավոր հատվածի ջանքերով: Եվ միայն դրանից հետո կառավարությունը, տեսնելով ոլորտի կաեւորությունը, այն հռչակեց գերակա ճյուղ:

Այսօր ՏՏ ոլորտում դեռ շատ անելիքներ կան, իսկ ոլորտի պատասխանատուները նպատակ ունեն երկարաժամկետ հատվածում «ՏՏ ամիսը» վերածել «ՏՏ տարվա»: