Հրադադարը

14/09/2006 Ալեքսանդր ԱՂԱՄԱԼՅԱՆ

Ապաշրջափակում

Սեպտեմբերի 7-ի ցերեկը տեղական Middle East Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարեց Բեյրութի օդանավակայանում։ Մոտակա օրերին առաջին նավերը կընդունեն նաեւ Լիբանանի նավահանգիստները։ Իսրայելը տանում է իր ռազմական նավերը Լիբանանի ափերից եւ նրանց փոխարինում են եվրոպական երկրների ռազմածովային ուժերը։ Իտալական, հունական, ֆրանսիական եւ գերմանական նավաստիները պետք է կանխեն ծովային ճանապարհով զենքի ապօրինի ներմուծումը Լիբանան։ Միաժամանակ միջազգային դիտորդները սկսել են զննել ժամանող ինքնաթիռները, որպեսզի նրանց մեջ գրոհայինների համար զենք չլինի։

Իսրայելյան բանակի ցամաքային ստորաբաժանումները, որոնք դիրքեր են զբաղեցրել հարավային Լիբանանում, տուն կվերադառնան արդեն սեպտեմբերի վերջին։ Այդպես է կարծում Իսրայելի պաշտպանության նախարար Ամիր Պերեցը։ Նրանց տեղը կզբաղեցնեն միջազգային խաղաղապահ ուժերը եւ լիբանանյան բանակը։ Այդպիսով Իսրայելը կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի իր մասը։ Լիբանանի բնակչության եւ տնտեսության համար ապաշրջափակումն էականորեն կթեթեւացնի առկա իրավիճակը, քանի որ երկիրն ապրում է հիմնականում տուրիզմի եւ բանկային գործունեության հաշվին, լիովին կախված է պարենի, սպառողական ապրանքների եւ վառելիքի ներկրումից։ Բեյրութում այս գործընթացներին միանշանակ դրական են վերաբերվում։ Քաղաքական գործիչներն ասում են, որ ծովային եւ օդային շրջափակումը բոլորովին անմիտ է (քանզի «Հըզբոլլահը» զենքը բեռնատարներով է ստանում հարեւան Սիրիայից)։ Շատ երկրներ (առաջին հերթին` արաբական եւ մահմեդական) արդեն օգնություն են խոստացել Լիբանանին վերականգնողական աշխատանքների հարցում։

Միաժամանակ Իսրայելում շատերն ապաշրջափակումը գնահատում են որպես հերթական չարդարացված զիջում։ Ռուսաստանը եւ Ֆրանսիան ողջունել են Իսրայելի որոշումը շրջափակումը վերացնելու հարցում։ Մոսկվայում կարծում են, որ այդ որոշումը «քայլ է ճիշտ ուղղությամբ»։ Դրա հետ մեկտեղ` Իսրայելն իրեն իրավունք է վերապահում օդից հսկել լիբանանասիրիական սահմանը եւ գրոհել տրանսպորտային այն միջոցները, որոնք կասկածվում են «Հըզբոլլահի» համար զենք տեղափոխելու մեջ։

Իսրայելի տեսանկյունից

Բազում իսրայելցիների կարծիքով, պատերազմը «Հըզբոլլահի» հետ, որի ընթացքում զոհվել են տասնյակ զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ եւ, որն Իսրայելի վրա «նստեց» ինը միլիարդ դոլար, չի բերել դրված խնդիրների լուծմանը։ Ահաբեկիչները զինաթափված չեն, առեւանգված զինվորները տուն չեն վերադարձել։ Իսրայելցիների մոտ կեսը գտնում է, որ կառավարությունը չի կարողացել լուծել իր առջեւ դրված խնդիրները։ Նրանք համարում են, որ իշխանությունները հմուտ չեն վարել պատերազմը եւ գնում են ավելորդ զիջումների` փոխարենը ոչ մի բան չստանալով։

Հիմնական պահանջը երկրի կառավարությունից այն է, որ նա չի կարողացել հասնել երկու իսրայելյան զինվորների` Էհուդ Գոլդվասերի եւ Էլդադ Ռեգեւի, ազատ արձակմանը։ Հիշեցնենք, որ այդ զինվորականների գերումից հետո սկսվեցին պատերազմական գործողությունները հարավային Լիբանանում։ Գոլդվասերի եւ Ռեգեւի ընտանիքների կարծիքով` շրջափակման վերացումը կարող է բերել նրան, որ երկու զինվորները կհայտնվեն Դամասկոսում կամ Թեհրանում։ Առեւանգվածների բարեկամները կառավարությանը կոչ են անում գնալ կոմպրոմիսի եւ սկսել բանակցություններ զինվորների փոխանակման վերաբերյալ։ Էհուդ Օլմերտի հայտարարությունները սկզբունքային անկարողության մասին` վարել բանակցություններ ահաբեկիչների հետ, ինչպես նաեւ հրադադարը եւ զինուժի հետքաշումը Լիբանանից, զրկել են իսրայելյան ղեկավարներին մանեւրելու բոլոր հնարավորություններից։ Գնալ փոխանակության` Օլմերտի համար ծայրահեղ նվաստացուցիչ է։ Փաստորեն, դա կնշանակի պարտության ընդունում` իր իսկ սկսած պատերազմում։ Վարչապետ Օլմերտին եւ նրա ղեկավարած կառավարությանը մնում է միայն ապավինել «Հըզբոլլահի» լիդերների բարի կամքին եւ ցանկությանը` կատարել թիվ 1701 բանաձեւը։ Սակայն լրջորեն ենթադրել, որ շեյխ Նասրալայի խիղճը կտանջի այնքանով, որ ինքը ազատի իսրայելյան զինվորներին, չի կարելի։ Իսրայելի կողմից շրջափակման վերացումը եւ զորքերի հետքաշումը միայն կավելացնի Նասրալայի լկտիությունը, եւ նրա պահանջները կարող են ավելի շատ աճել։ Իսրայելցիները կամաց-կամաց հոգնում են առկա կառավարության անվճռականությունից։ Եթե Էհուդ Օլմերտը չկարողանա ազատել զինվորներին (պատերազմով կամ բանակցություններով), ապա, հնարավոր է, գերիների ճակատագրով շուտով կզբաղվի արդեն այլ վարչապետ։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանն իր նախկին օգնական Լահդար Բրախիմիին միջնորդ նշանակեց երկու իսրայելյան զինվորների փոխանակման բանակցություններում։ Բրախիմին բազմիցս հայտարարել է, որ պետք է վարել ուղիղ բանակցություններ «Հըզբոլլահի» հետ։ Իրենց հերթին, «Հըզբոլլահի» ներկայացուցիչները հայտարարել են, որ կհամագործակցեն ՄԱԿ-ի հետ եւ պատրաստ են քննարկել փոխանակման պայմանները։

Իսրայելյան բանակը մուտք է գործել Ռամալլահ

Սկսված օպերացիայի ընթացքում իսրայելյան զինվորները շրջապատեցին քաղաքի շենքերից մեկը։

Հինգշաբթի իսրայելցիները մարտի բռնվեցին պաղեստինցիների հետ Կաբատիա բնակավայրում։ Իսրայելյան զինվորներն այնտեղ փնտրում էին երեք գրոհայինների։ Ընդհարման ընթացքում սպանվեցին չորս, իսկ վիրավորվեցին տասը պաղեստինցիներ։ Սպանվածներից մեկը «Ալ-Աքսի նահատակների բրիգադների» տեղական լիդերն էր` 37-ամյա Ռաշիդ Զաքարնիան։ Իսրայելի նման գործողություններն անշուշտ հրադադարի խախտում են եւ կարող են բերել կոնֆլիկտի նոր բռնկման։

Տարածաշրջան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արտահայտվեց միջազգային կոնֆերանս հրավիրելու օգտին, որտեղ կքննարկվեն մերձարեւելյան կարգավորման բոլոր ասպեկտները։