Հայ Առաքելական եկեղեցում չի գործում պարտադիր տասանորդի գաղափարը, որը կիրառվում է աղանդ համարվող բազմաթիվ քրիստոնեական ուղղությունների մոտ: Տասանորդի շնորհիվ նրանք հզորանում են` դառնալով հզոր ֆինանսական կառույցներ: Գաղտնիք չէ նաեւ, որ հավատացյալների կողմից Հայ Առաքելական եկեղեցուն արվում են տարբեր «տրամաչափի» նվիրատվություններ: Իսկ ինչպե՞ս են ընդհանրապես գոյանում հոգեւորականների նյութական միջոցները: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:
– Տեր Հայր, հոգեւորականների ո՞ր դասն է ստանում աշխատավարձ, վարձատրման տեսանկյունից կուսակրոն հոգեւորականը տարբերվո՞ւմ է ամուսնացյալից:
– Վարչական տարբեր պաշտոնների գտնվող հոգեւորականները Մայր Աթոռի մնացյալ աշխատակիցների նման ստանում են աշխատավարձ ըստ հաստատված հաստիքացուցակի` անկախ այն հանգամանքից` տվյալ եկեղեցականն ամուսնացյա՞լ է, թե՞ կուսակրոն: Հայաստանի եւ Արցախի եկեղեցիներում սպասավորող խորհրդակատար եկեղեցականները որեւէ կերպ չեն վճարվում եւ իրենց վարձատրությունը գոյանում է արարողությունների արդյունքում կատարվող նվիրատվություններից: Տարբեր է իրավիճակը Սփյուռքում, ուր հովվություն իրականացնող հոգեւորականների կարիքներն անմիջապես հոգում են ծխերը` համայնքները: Այս ամենից բացի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քարոզչական եւ հոգեւոր առաքելության համար ներկայացուցչական օժանդակություն է ցուցաբերում սպասավորող հոգեւորականներին: Ներկայացուցչական այդ գումարը տարբեր է, որը պայմանավորված է եկեղեցականի աստիճանով եւ ծառայության վայրով: Ներկայիս, միայն Մայր Աթոռի եւ իր կառույցների աշխատակիցների թիվը` ներառյալ պաշտոնավարող եկեղեցականները, գերազանցում է հազարը: Այդ թվի մեջ ընդգրկված չեն Հայոց եկեղեցու թեմերի աշխատակիցները:
– Տասանորդի գաղափարը, փաստորեն, մեր եկեղեցում չի գործում: Սակայն աղանդավորականները շատ հաճախ մեղադրում են մեր հոգեւոր դասին` նվիրատվություններից եւ խաչհամբույրի ժամանակ սկուտեղին դրվող գումարներից չհրաժարվելու համար:
– Անշուշտ, հոգեւորականին, որը կոչված է ծառայելու Աստծուն եւ սպասավորելու իր ժողովրդին, անհրաժեշտ են համապատասխան միջոցներ` իր պարտականությունների լիարժեք ու արդյունավետ իրագործման համար: Տասանորդի գաղափարը խորթ չէ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, պարզապես այն սերտորեն առնչվում է ծխական համակարգի հետ, երբ յուրաքանչյուր ընտանիք հստակ գիտի, թե որ եկեղեցին է հաճախում եւ որ հոգեւորականն է պատասխանատու իր համար: Օրմանյան պատրիարքի վկայությամբ, Երեւանը 19-րդ դարավերջին ուներ շուրջ 120 եկեղեցի, որոնց տարածքային իմաստով կապված էր շուրջ 1000 մարդ: Նման պայմաններում լիովին հասկանալի եւ գործուն է հոգեւորականի վարձատրության տասանորդի սկզբունքը, երբ տվյալ եկեղեցու համայնքն իր միջոցներով նաեւ հոգում է հոգեւորականի կեցության կարիքները: Այս սկզբունքն այսօր գործում է Սփյուռքի մեր թեմերում: Հայաստանի, Արցախի եւ մերձավոր Սփյուռքի պարագային, դա դժվար է իրականացնել խորհրդային շրջանի պատճառած ավերների պատճառով: Սակայն ներկայիս որոշակի աշխատանքներ են տարվում եկեղեցական կյանքի վերակազմավորման եւ ծխական համակարգի վերականգնման համար: Ինչ վերաբերում է աղանդավորականների մեղադրանքներին, ապա Հայաստանյայց Եկեղեցին երբեք որեւէ պարտավորություն չի դրել իր որդիների վրա, ինչպես անում են սուտ մարգարեներն ու մոլորեցնողները` զազրելի պահանջներով քայքայելով եւ կործանելով բազում ընտանիքներ:
– Ի՞նչ է նշանակում «խաչհամբույր», այն ժողովրդի կողմից անմիջականորեն նույնացվում է հոգեւորականին վարձատրելու հետ:
– Խաչհամբույրը բարեպաշտական սովորություն է, երբ հավատացյալները ցանկացած արարողությունից հետո մոտենում են հոգեւորականին եւ համբուրում խաչը` ի նշան իրենց ուղղափառ հավատի եւ Սուրբ Խաչն ունեցած ապավինության: Այնպես որ, պետք չէ մտածել, որ խաչհամբույրի նպատակը սոսկ հոգեւորականի վարձատրությունն է: Պարզապես, այս առնչությամբ եկեղեցականները որեւէ կերպ չեն վճարվում եւ իրենց վարձատրությունը գոյանում է, երբ որեւէ արարողությանը մասնակից անձինք` ի գնահատություն հոգեւորականի ծառայության, կամովին կատարում են իրենց նվիրատվությունը:
– Մայր Աթոռի եկամուտներն ինչպե՞ս են գոյանում: Եկեղեցու միակ արտադրությունը` մոմավաճառությունը, դրա քանի՞ տոկոսն է կազմում:
– Հայ Առաքելական եկեղեցու եկամտի աղբյուր հանդիսացող մոմովաճառությունը եւ գրախանութներն ապահովում են Մայր Աթոռի տարեկան ծախսերի միայն 10 տոկոսը: Անհրաժեշտ մնացյալ գումարը գոյանում է բարերար հայորդիների նվիրատվություններով: Եկամտի այլ աղբյուրներ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին չունի:
– Հոգեւորականն իրավունք ունի՞ գործարարությամբ զբաղվելու:
– Ո՛չ: Դա միայն կարող է խոչընդոտել նրան` իր ստանձնած պարտականությունների լիարժեք իրականացման գործում:
– Ձեզ մոտ իրականացվո՞ւմ է հարսանեկան եւ այլ արարողությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում: Նախկին սահմանափակումների փոխարեն, ներկայումս հարսանեկան արարողություններ տեղի են ունենում գրեթե ամեն օր:
– Այսօր բոլոր եկեղեցիներում կատարվող արարողություններն արձանագրվում են, դիմողների տվյալները մուտքագրվում են եւ պահվում, այդ տվյալները Մայր Աթոռում ստացվում են տարեվերջին: Ներկայումս կան սահմանափակումներ, այսինքն` արգելված օրեր, երբ պսակադրության արարողություն չի կատարվում: Այդ կարգի մեջ վերջին անգամ փոփոխություն է կատարվել երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի հայրապետության օրոք:
– Ի դեպ, Եկեղեցին ինչպե՞ս է ընդունում թաղման արարողությունները եկեղեցիներ տեղափոխելու փաստը: Այս ուղղությամբ առաջարկ կա՞, կամ եկեղեցուն առաջարկ անելու իրավունք վերապահվա՞ծ է:
– Ներկա ժամանակներում գործնականում անհնար է կարգի այդ հատվածը կատարել: Անշուշտ, սա պայմանավորված է եկեղեցիների պակասով: Ժամանակին բոլոր գերեզմանատները մատուռներ ունեին, ուր եւ կատարվում էր այս կարգը: Այսօր, պատկերացրեք, եթե այդ առաջարկը կյանքի կոչվի, ապա ամեն օր մտնելով գրեթե մեկ միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքի 15 եկեղեցիներից յուրաքանչյուրը, պիտի տեսնենք տասնյակ դիեր, ինչը, կարծում եմ, բարերար ազդեցություն չպիտի գործի: Այլ հարց է, եթե իրապես բոլոր գերեզմանատների հարեւանությամբ կառուցվեն համապատասխան մատուռներ: Այս հարցն արդեն Մայր Աթոռի կողմից բարձրաձայնվել է, եւ, վստահ ենք, որ ժամանակի ընթացքում այն պատշաճ լուծում կգտնի: Սակայն, դրանով չի կարող վերանալ հուղարկավորության տան կարգի հատվածի կատարումը:
– Հայ Առաքելական եկեղեցին, փաստորեն, պետությունից անջատ է գործում: Ինչպիսի՞ն են համագործակցության եզրերը: Օրինակ, Գերմանիայում գոյություն ունի եկեղեցահարկ, ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին: Մեր իրականությունում նման փոփոխությունների կարիք կա՞:
– Եկեղեցին սահմանադրորեն անջատ է պետությունից: Սակայն կան եկեղեցիներ, որ իրենք իսկ պետություն են, ինչպես Կաթոլիկ եկեղեցին: Համագործակցության եզրերը եկեղեցու եւ պետության հետ բազում են եւ ընդգրկում են տարբեր, օրինակ, կրթական, սոցիալական եւ եկեղեցաշինության ոլորտներ: Անշուշտ, չենք կարող հաստատել, որ եկեղեցի-պետություն հարաբերություններում չլուծված խնդիրներ չկան, սակայն նոր բարեփոխված Սահմանադրությունը հնարավորություն է ընձեռում առանձին օրենքով հստակեցնել եւ կարգավորել դրանք: Ինչ վերաբերում է պետական եկեղեցահարկին, ապա ծանոթ լինելով նման փորձառության այլ երկրներին, համակիր չեմ նման հարկի ներմուծմանը մեր իրականությունից ներս: Եկեղեցահարկերը, ինչպես նկատելի է, պետության ձեռքին միջոց են դառնում ներազդելու եկեղեցիների գործունեության վրա:
– Իսկ բարեգործությամբ ինչպիսի՞ խնդիրներ են լուծվում:
– Շնորհիվ անհատ բարերարների նվիրատվությունների, յուրաքանչյուր գյուղ եւ քաղաքի յուրաքանչյուր թաղ կունենա իր եկեղեցին եւ աղոթատունը: Մեծ են ձեռքբերումները սոցիալական եւ կրթական ոլորտներում. ստեղծվել են նորանոր ուսումնական եւ սոցիալական կենտրոններ, հայորդաց տներ, բարեգործական ճաշարաններ, երիտասարդական գրասենյակներ:
Հ.Գ. Վարչական տարբեր պաշտոն զբաղեցնող հոգեւորականների աշխատավարձը, մեր տեղեկություններով, շատ չի տարբերվում ՀՀ-ում գործող միջին անվանական աշխատավարձերից: Սակայն պաշտոնյա այրերից շատերի նման, հոգեւոր դասի ներկայացուցիչներից ոմանք էլ ունեն թանկարժեք ավտոմեքենաներ եւ այլ «աշխարհիկ» կարողություններ: