Մեզ մոտ սովորություն է դարձել կրթական համակարգի մասին խոսելիս անպայման
համեմատություններ անցկացնել արեւմտյան եւ խորհրդային մոդելների միջեւ:
Եթե արեւմտյան մոդելի մասին խոսելիս հատկապես նշում ենք, որ այն
միակողմանի գիտելիք է տալիս՝ ասենք, պատրաստում է աջ ականջի կամ ձախ ոտքի
մասնագետ, ապա խորհրդայինի մասին խոսելիս հիշում ենք վերջինիս
բազմակողմանիությունը: Այսօր դժվար է ասել, թե Հայաստանում ինչ մոդել է
գործում, բայց պարզ է մի բան, որ բուհերից հիմնականում իրենց
մասնագիտությունից քիչ բան հասկացող «մասնագետներ» են դուրս գալիս:
Ինչեւէ, մեր երկրում այսօր արեւմտյան մոդելին ձգտելու միտում կա:
Կրթության եւ գիտության նախարարությունն էլ այսօր, համենայն դեպս՝ իր
աշխատանքով ու ծրագրերով, փորձում է «ինտեգրվել եվրոպական եւ
համաշխարհային բարձրագույն կրթական համակարգին»: Օրինակներից մեկն էլ
դեռեւս 2001 թվականի հունվարին ՀՀ կառավարության կողմից հաստատված
բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության պետական ընդհանուր
չափորոշիչները հաստատելու մասին որոշումն է: Ըստ ԿԳՆ-ի Մասնագիտական
կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանի. «Չափորոշիչը հանդիսանում է
ուսումնասիրվող առարկաների անվանացանկը, այսինքն՝ ինչ առարկաներ պետք է
տվյալ մասնագիտությամբ ուսանողն ուսումնասիրի, նաեւ՝ ուսուցման տեսակները
եւ բովանդակությունը: Այլ կերպ ասած, ինչ խնդիր է դնում պետությունը
մասնագետի առջեւ, ինչ գիտելիքներ պետք է ստանա այս կամ այն մասնագետը։
Սրանք ընդհանուր չափորոշիչներ էին, որ սահմանվեցին եւ որից հետո 2003-ի
սեպտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց մասնագիտական առարկայական
չափորոշիչների մշակման եւ հաստատման կարգը, ըստ որի՝ ստեղծվեցին
մասնագետներից բաղկացած հանձնաժողովներ: Հանձնաժողովները մշակում են
չափորոշիչները, ինչն էլ, համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո,
հաստատվում է ԿԳՆ-ի կողմից»: Այս ուսումնական տարվանից որոշ բուհերում
գործում է չափորոշիչների ծրագիրը: Նախատեսված է 2005 թվականի հունվարին
ավարտել չափորոշիչների մշակումը: «Այս պահի դրությամբ հաստատված է
մանկավարժական մասնագիտությունների, ճարտարագիտական,
ճարտարապետաշինարարական, արվեստի մասնագիտությունների, գյուղատնտեսական,
տնտեսագիտական չափորոշիչները, մնացել են համալսարանական չափորոշիչները,
որոնք հիմա քննարկման փուլում են»: Ըստ Ռ. Գասպարյանի՝ պետք է փորձել դեպի
առաջ նայել եւ ստեղծել մի այնպիսի կրթական համակարգ, որ տարիներ անց
ուսանողն իր ստացած գիտելիքներով ժամանակից ետ չմնա, այսինքն, այնքան խորն
ու հիմնավոր լինեն գիտելիքները, որ ադապտացվեն յուրաքանչյուր նորությանը:
Ինչ վերաբերում է ընդհանուր զարգացածության մակարդակին, ապա կիրառվելու է
ընդանուր հումանիտար եւ սոցիալ-տնտեսական առարկաների ցանկ, որն անկախ
մասնագիտությունից՝ յուրաքանչյուր ավարտող պետք է իմանա:
Բուհի տվածով աշխատանք կգտնե՞ս
Այսօր շատ է խոսվում այն մասին, որ բարձրագույն ուսումնական
հաստատությունները շատ ավելի ձեւական, քան էական՝ կրթական բնույթ են
կրում: Երիտասարդները գլուխ ջարդելով ընդունվում են բուհ, «արխային
ընկնում», հետո ինչ-որ ձեւով ավարտում են բուհը՝ դասից փախչելով, փող
տալով եւն, ու նորից սկսում գլուխ ջարդել ու ծանոթ փնտրել աշխատանքի
ընդունվելու համար: Հարց ես տալիս՝ ինչո՞ւ ես գլուխ ջարդում, եթե կարելի է
ամեն ինչ նորմալ ճանապարհով անցնել: Պատասխանում են՝ ինչո՞ւ անեմ այդպես,
եթե միեւնույն է, բուհի տված գիտելիքն ու աշխատանքի ընդունվելու
պահանջներն այլ են: Ու թերեւս երիտասարդների շրջանում գործազրկության ոչ
ցածր թիվը պայմանավորված է նաեւ նրանով, որ այսօր աշխատատուի պահանջներն
ու բուհն ավարտածի գիտելիքները չեն համապատասխանում իրար: «Ես այնքան էլ
չեմ կիսում այս կարծիքը,- ասաց Ռ. Գասպարյանը՝ փորձելով պատասխանել մեր
այն հարցին, թե արդյոք այս չափորոշիչների կիրառումը կապահովի՞ բուհից
աշխատանքի անցնելու գործընթացը։ -Գուցե 10-20 տարի առաջ այդ պրոբլեմը կար,
բայց հիմա մեր բուհերը քայլում են ժամանակին համահունչ: Եվ պատահական չէ,
որ վերջին տարիներին նոր մասնագիտություններ են ներառվել բուհերում, որն
արվել է աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրության արդյունքում»:
Չափորոշիչների ծրագրի շրջանակներում 3 տարի շարունակ վերապատրաստվել են
բուհերի դասախոսները՝ մասնավորապես Ճարտարագիտականում, Տնտեսագիտականում
եւ Համալսարանում: Վերապատրաստման փորձ ձեռք բերելու համար ուսումնասիրվել
է արեւմտյան բուհերի աշխատանքային փորձը: «Հիմա նախկինի նման չէ, ուսանողը
թելադրող է, վատ դասախոսի չի ընդունի,- ասաց Ռ. Գասպարյանը։ -Այսինքն, կա
գաղտնի սոցիոլոգիական հարցում, որով պարզվում է դասախոսի վարկանիշը»:
Ինչ վերաբերում է գրականությանը, որը պակաս կարեւոր մաս չէ կրթական
համակարգի բարեփոխման գործում, ապա, ըստ Ռ. Գասպարյանի. «Ես չէի ասի, որ
նախկին հին ուսումնական ձեռնարկներով են բուհերն առաջնորդվում: Վերջին
տարիներին բուհերն այս խնդիրը լուծում են իրենց արտաբյուջետային միջոցների
հաշվին: Այլ հարց է, որ դեռեւս քիչ է գրականությունը, բոլոր ուսանողներին
չի հասնում, բայց փորձ է արվում շտկել եւ այս խնդիրը»:
Իհարկե լավ է, երբ ձգտում ենք միշտ թարմացնել ու փոփոխություններ մտցնել
կրթական համակարգում, պատրաստել որակյալ կադրեր, պարզապես, հարց է ծագում՝
ծառայո՞ւմ են արդյոք այս նոր ծրագրերն իրենց նպատակին: Այսօր ինչ-որ
անհասկանալի իմիջ է ձեւավորվել երիտասարդներից շատերի մոտ: Ժամանակին
համարվելով ամենակրթված ազգերից մեկը՝ այսօր նույն ազգի շատ
ներկայացուցիչներ չեն էլ ձգտում խելացի երեւալ, չեն ամաչում, որ բուհ
ավարտել են դատարկ գլխով, քանզի գիտեն, որ «այլ ճանապարհ միշտ կա»: Գուցե
սա հասարակական խնդիր է կամ էլ մենթալիտետի, բայց պետության դերը կարեւոր
է այնքանով, որ հետեւողական լինի իր ստեղծած ծրագրերին, չափորոշիչներին եւ
«բարեփոխումներին» եւ ոչ թե թողնի դրանք թղթի վրա գրված: Մենք, մնալով
լավատես, իհարկե, կարծում ենք, որ գոնե կրթության ասպարեզում հազարումի
չափորոշիչները, կրթական այլ նորամուծությունները կծառայեն իրենց նպատակին,
ու գուցե մի օր կփոխվի վերջերս ձեւավորված «Տգետ, լինեմ, բայց հարուստ»
իմիջը եւ բուհ ավարտող մարդուն հնարավոր կլինի անվանել մասնագետ՝ բառիս
ճիշտ իմաստով: