«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում սեպտեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ միասին աշխատել «ցանկացած բարդ, սուր կամ հակամարտ իրավիճակների կարգավորման ուղղությամբ` որտեղ էլ դրանք ծագեն»: Պուտինի խոսքերով` դա վերաբերում է, առանց որեւէ բացառության, նաեւ հետխորհրդային տարածքին` Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր: Պուտինը համոզված է նաեւ, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ պետք է գործեն նույն կանոնները, որոնք գործում են Կոսովոյի նկատմամբ: Նա եվրոպական դիվանագիտության սխալ է համարում Մերձդնեստրում կարգավորման ռուսաստանյան նախաձեռնության ձախողումը: Պուտինն ընդգծել է, որ միջազգային գործողությունները պետք է «ունիվերսալ եւ համակարգված» լինեն ու ընդունվեն` հաշվի առնելով այդ գործընթացի բոլոր մասնակիցների շահերը: «Ինչո՞վ է Կոսովոյի իրավիճակը տարբերվում աբխազականից կամ հարավօսականից: Ոչնչով էլ չի տարբերվում»,- ասել է ՌԴ ղեկավարը: «Միշտ չէ, որ հաջողվում է համաձայնեցնել մեր գործողությունները,- ասել է Պուտինը եւ հավելել,- եւ դա բացասաբար է ազդում Եվրոպայում անվտանգության հարցերի վրա»: