Ծերունի ավազակներ Ջիգարխանյանն ու Կալյագինը

14/09/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մոսկվայի մերձակայքում գտնվող հին առանձնատներից մեկում մոսկվացի ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը նոր արկածային ֆիլմ է նկարահանում։ Ֆիլմն ամերիկյաններին հատուկ անվանում ունի: Այն կոչվում է «Ռուդը եւ Սեմը», իսկ հերոսներին մարմնավորում են Արմեն Ջիգարխանյանն ու Ալեքսանդր Կալյագինը, որոնք ստիպված են իրենց կյանքի վերջին օրերը ծերանոցում անցկացնել։ Սակայն այդ տխուր իրողությունը հերոսներին բնավ էլ չի տխրեցնում, քանի որ նրանք անսպասելիորեն գանձեր են պեղում եւ մեծ գումարի տեր դառնում։

«Ռուդը եւ Սեմը» ֆիլմը լիրիկական կատակերգություն է, որի նկարահանումները մեկնարկել են օգոստոսի վերջին եւ դեռ մի քանի ամիս տեւելու են։ Սեմյոն-Սեմը եւ Ռուդոլֆ-Ռուդը, որոնք ատում են իրար եւ, միաժամանակ, առանց իրար ապրել չեն կարող, ծերանոցի բակում մեծ գումար են հայտնաբերում եւ 5 մլն եվրոյի տեր դառնում։ Հանկարծ բոլորի կողմից մոռացված ծերուկները հայտնվում են մաֆիայի, հատուկ ծառայությունների եւ ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Խառը իրավիճակներից ազատվել եւ գանձերը փորել-հանել հերոսներին օգնում է ծերանոցի երիտասարդ բուժքույրը, ում դերը կատարում է երգչուհի Գլյուկոզան։ Ի դեպ, մինչ երգչուհի դառնալը Գյուկոզան (Նատալյա Իոնովա) հասցրել է նկարահանվել մանկապատանեկան «Երալաշ» կինոամսագրում եւ հիմա մեծ ջանասիրությամբ հայտնի դերասանների հետ աշխատում է նկարահանման հրապարակում։ Ծերունիներն ուրախ եւ անհոգ բուժքրոջը ֆիլմի վերջում, բացի գումարից, առաջարկում են նաեւ… իրենց թոռնիկը դառնալ։

Գ. Գյարդուշյանն ասում է, որ փողը ֆիլմի հիմնական առանցքը չէ, այն միայն առիթ է՝ ապացուցելու համար, որ երկու ծերունիները լիաթոք ապրել եւ նոր արկածներ վերապրել են ցանկանում։ «Մենք ուզում ենք վերականգնել ժողովրդական կինոյի ավանդույթները, այն կինոյի, որը ողջ ընտանիքով են դիտում եւ որը բարի զգացմունքներ է արթնացնում հանդիսատեսի մոտ»,- ասել է ռեժիսորը։ Ֆիլմի հերոսները ժլատ չեն, նրանք պատրաստ են իրենց մոտ հայտնված փողերով երջանկացնել ուրիշներին։ «Ֆիլմի սցենարը ստիպում է միաժամանակ մտորել, տխրել եւ ուրախանալ։ Կարծում եմ, ճիշտ այդպես է եւ կյանքում, որտեղ «դրաման» «կատակերգությունից» անբաժան է։ Տառապանքի գեղագիտությունը շատ վնասակար է, մարդը դժվարությամբ է իր գլխին թափվող բացասական ինֆորմացիայի բեռի տակից դուրս գալիս։ Ես այս նկարահանումների հետ զուգահեռաբար իմ թատրոնում փորձում եմ «Օթելլոն» եւ հավատացնում եմ ձեզ, որ այդ պիեսում ողբերգականի հետ միասին շատ զվարճալի եւ հեգնանքով լի դրվագներ էլ կան։ «Ռուդն ու Սեմը» պետք է միաժամանակ եւ ծիծաղելի, եւ հուզական ֆիլմ լինի»,- ասել է Ա.Ջիգարխանյանը։

30 տարի առաջ Ջիգարխանյանն ու Կալյագինը միասին նկարահանվել են «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմում։ Այդ ֆիլմում նրանք սեր էին խաղում։ Նոր ֆիլմը նույնպես սիրո մասին է լինելու։ Երկու փնթփնթացող ծեր ընկերների մասին է, որոնք հանկարծ նույն հոգսերն ու արկածներն են ունենում եւ պատրաստ են ամեն ինչ զոհել՝ իրար երջանկացնելու համար։