Շիրակն ու Ազնավուրը կգան, իսկ Կաա՞սը

14/09/2006

Սեպտեմբերի 30-ին Շառլ Ազնավուրի եւ ֆրանսիացի այլ երգիչների մասնակցությամբ` Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով կմեկնարկեն Հայաստանում Ֆրանսիայի օրերի միջոցառումները, որոնք կտեւեն մինչեւ նոյեմբերի 30-ը: Չի բացառվում, որ Հայաստան կժամանի նաեւ Պատրիսիա Կաասը: «Նստելատեղերի» արժեքը կկազմի 40-120 հազար դրամ, սակայն բաց երկնքի տակ կայանալիք համերգը կարող են ունկնդրել բոլոր ցանկացողները: Ֆրանսիայի օրերի շրջանակներում Երեւանի 2 կինոթատրոններում կցուցադրվեն Սերժ Ավեդիկյանի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Պատրիս Շերոյի, Միշել Հայնեկեի, Ֆրանսիս Վեբերի, Պատրիս Լեկոնտի եւ այլ ռեժիսորների ֆիլմերը: Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի կունենան «Կոմեդի Ֆրանսեզի» գրական սրահի, Տարլոյան եղբայրների նորաձեւության ցուցադրությունները, ֆրանսահայ նկարիչների, «Ֆրանսիան լույսերի մեջ» եւ այլ ցուցահանդեսներ: Կկայանա դասական երաժշտության համերգ, կբեմադրվեն ֆրանսիացի բեմադրիչների ներկայացումներ: